Բաժիններ՝

Ինչո՞վ է վտանգավոր FaceApp հավելվածը

Վերջերս FaceApp հավելվածի ֆիլտրերը կրկին ուշադրության կենտրոնում են պահում մոռացված ծրագիրը: Սակայն, եթե ցանկանում եք ինքներդ մնալ ձեր լուսանկարների սեփականատերը, մի օգտվեք այս ծրագրից:

Այս հավելվածի օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ձեր տվյալների անվտանգության պահպանման համար:

Առաջին անգամ հավելվածը վիրուսային դարձավ 2 տարի առաջ: Հավելվածը արհեստական ինտելեկտի միջոցով լուսանկարներում փոխում է մարդկանց տարիքը: Այն ժամանակ հնարավոր էր դեմքին ժպիտ ավելացնել, փոխել սեռը, ինչպես նաև ուղղել դեմքի խնդիրները:

Այն ժամանակ հավելվածում ավելացան նաև ֆիլտրեր, որոնք թույլ էին տալիս փոխել ռասան: Սակայն այդ ֆիլտրերը ջնջվեցին այն բանից հետո, երբ հավելվածին մեղադրեցին ռասիզմի մեջ:

Այս տարի հուլիսին հավելվածը երկրորդ կյանք ստացավ, երբ համաշխարհային աստղերը սկսեցին հրապարակել իրենց նկարները, որոնք ծերացվել էին ֆիլտրերի միջոցով: 2-3 օրվա ընթացքում սոցցանցերը ողողվեցին նմանատիպ լուսանկարներով:

Որքան էլ այս ամենը զվարճալի լինի, անվտանգության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս երկու անգամ մտածել մինչև լուսանկարները փոփոխելը:

Mashable-ի տվյալներով՝ FaceApp-ը ներկայումս ներբեռնումների քանակով զբաղեցնում է առաջատար հորիզոնականներ ՝ App Store-ում և Play Market-ում: #faceappchallenge հեշթեգը նույնպես շատ տարածված է առցանց հարթակներում: Նման ժողովրդականությունը չէր կարող աննկատ անցնել, և տեղեկատվական անվտանգության շատ մասնագետներ սկսեցին հտաքրքրվել ընկերության գաղտնիության քաղաքականությամբ:

Մասնագետներին կասկածելու առիթ տվել է միանգամից մի քանի գործոն: Առաջին հերթին, իհարկե, այն, որ ծրագիրը հենց հիմա է ստացել նման մասսայականություն՝ չնայած հասանելի է արդեն 2 տարի:

Շատերն ուշադրություն են դարձնում նրան, որ հավելվածն օգտագործելու համար անհրաժեշտ է ինտերնետ-կապ, ինչը կարող է նշանակել, որ ծրագիրն օգտագործման ընթացքում նկարները փոխանցում է այլ սերվերների:

Այս տարի մայիսին NBC-ը հայտնեց, որ Ever հավելվածը պահպանում է օգտատերերի լուսանկարները, որպեսզի նեյրոցանցը դեմքերը ճանաչելու փորձարկումներ անի:

Մյուս օրինակը կապված է IBM ընկերության հետ: Flickr հավելվածը ևս օգտագործում էր լուսանկարները փորձարկումների համար՝ առանց զգուշացնելու օգտատերերին:

Թվիթերյան օգտատերերը նշում են նաև, որ հավելվածը կարող է պատկանել որոշ ընկերությունների, որոնք հավաքում են մարդկանց տվյալները՝ քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Այդպես, օրինակ, արել էր Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելուց առաջ:

FaceApp-ի գաղտնիության քաաքականությունում նշվում է նաև, որ հավելվածը հավաքագրում է տվյալներ օգտատերերի գտնվելու, ինչպես նաև ինտերնետ կապի օգտագործման մասին:

FaceApp-ը պաշտոնապես նշում է, որ չի վաճառում օգտատերերի տվյալները երրորդ կողմերի, սակայն մեկ տող ներքևում էլ գրում է, որ կարող է տրամադրել տվյալները գովազդատուներին՝ թարգետավորման որակը բարձրացնելու համար:

FaceApp-ը բացառություն չէ, քանի որ նման քայլեր անում են գրեթե բոլոր հավելվածները, որոնք օգտատերերից խնդրում են թույլտվություն լուսանկարների հետ աշխատանքի համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ IT ընկերությունները, հաշվի առնելով օգտատերերի չիմացությունը, գտել են հեշտ տարբերակ անձնական տվյալները ստանալու և հետագայում վաճառելու համար:

Այն, որ արդեն սկսվել են FaceApp-ը ջնջելու արշավներ, նշանակում է, որ  Cambridge Analytica-ի՝ օգտատերերի տվյալները գողանալու և վաճառելու սկանդալն իզուր չի անցել:

Հնարավոր է, որ  FaceApp-ը որևէ հստակ նպատակով չի օգտագործում հավելվածի տվյալները, բայց հաշվի առնելով այն, թե որքան տարածված է հիմա այս ծրագիրը, կարող ենք ենթադրել, որ շատ ընկերություններ կհետաքրքրվեն FaceApp-ի տվյալների ձեռքբերմամբ:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս