Իրար «պաս» տալը ե՞րբ է ավարտվելու. Քաղաքացիները՝ հիվանդանոցների վիճակի, կառավարության որոշման մասին
Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում: Կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հունիսի 27-ի նիստում:
Որոշման համաձայն՝ «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ:
Մինչ այժմ այդ իրավունքից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում մինչև 18 տարեկան շահառուների քանակն ավելանում է մոտ 200,000 անձով:
Քաղաքացիներից փորձեցինք պարզել, թե ի՞նչ կարծիք ունեն որոշման վերաբերյալ: Նրանց արձագանքը՝ ստորև.
Պոլիկլինիկաներում բարդակ է
«Կառավարությունը կամ Առողջապահության նախարարությունը վստա՞հ է, որ մարդկանցից գումար չեն վերցնելու: Պոլիկլինիկաներում բարդակ է: Մի դեղ էլ ուզում ես՝ շշմած նայում են դեմքիդ ու ասում են՝ չկա»:
Մարզերում թող ուշադիր լինեն
«Տեղին որոշում է: Հույս ունենանք, որ հիվանդանոցներում հերթեր չեն գոյանա: Մարզերի դեպքում էլ խորհուրդ կտայի ուշադիր լինեին, այնտեղ մարդիկ դժվարությամբ են կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, գուցե շարունակեն գումար պահանջել»:
Հանկարծ չբռնե՞ն 18 տարեկաններից բարձր մարդկանց «քթից բերեն» էս անվճար բուժօգնությունը
«Գոհ ենք որոշումից, ժողովրդին դա շատ էր պետք: Մտածում եմ՝ հանկարծ չբռնեն 18 տարեկաններից բարձր մարդկանց «քթից բերեն» էս անվճար բուժօգնությունն ու մատուցվող ծառայությունների գները թանկացնեն»:
Քաղաքացիներն են մեղավոր, որ բժշկին գումար են տալիս
«Մնում է՝ տեսնենք, թե որոշմանն ինչպե՞ս են հետևելու: 0-7 տարեկանների դեպքում էլ են գումար վերցրել: Կարծում եմ՝ այստեղ նաև քաղաքացիների խնդիրն է, որովհետև բժիշկների վերաբերմունքից են վախենում, մտածում են՝ գումար չտալու դեպքում կամ չեն բուժի կամ սխալ բուժում կնշանակեն, ու ձեռքը տանում են գրպանը, ինչը սխալ է: Դա իրենց գործն է, ու պարտավոր են անել: Ի՞նչ է նշանակում՝ վերաբերմունք ցույց տալ: Դե, այդ դեպքում թող շինարարն ասի՝ բացի աշխատավարձիցս՝ մի հատ էլ հավելյալ գումար տվեք, որ գամ սկսեմ գործս, տաքսու վարորդն էլ ասի՝ հասանք տեղ, 1200 դրամ կազմեց այսքան ճանապարհը, բայց դե մի 2000 դրամ էլ տուր, որ դուռը բացեմ՝ իջնես… Մենք պետք է գոնե մեր ցավի, խնդրի մասին մինիմալ ինֆորմացիա ունենանք ու պահանջատեր լինենք, օրենքն իմանանք: Այս դեպքում ոչ մի բժիշկ էլ ռիսկ չի անի թարս նայի կամ գումար վերցնի»:
Իրար «պաս» տալը ե՞րբ է ավարտվելու
«Առողջապահության նախարարությանը՝ մեծ ուշադրություն դարձնել պոլիկլինիկաներին, հիվանդանոցներին: Այդտեղի աշխատողները ոնց որ նախորդ դարերում են մնացել: Լավ կլինի, որ վերապատրաստվեն: Մեծ մասը վարվեցողություն չգիտի, ուր մնաց՝ բուժեն: Ուրախալի կլիներ, որ նաև խորհրդատվության գումարները վերանայեին: Այդ ի՞նչ ձև է. առաջնային խորհրդատվություն, հետո՝ երկրորդային խորհրդատվություն, հետո մի հատ՝ սրա մոտ, մի հատ՝ նրա, ամբողջ ճամփին 5000-10.000 դրամ ցանելով՝ հազիվ գտնում ես բժշկիդ: Իրար պաս տալը ե՞րբ է ավարտվելու»:
Անի Կարապետյան