«Ժամանակն է, որպեսզի նախահարձակ լինենք և պրոհայկական ձևակերպումներ ամրագրենք. թող Ադրբեջանը դրանց դեմ պայքարի». Թևան Պողոսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ զեկույցի մասին

Հուլիսի  4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողո­վի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքա­կան և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվել է Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագ­րով զեկույցը: Բանաձևի 10-րդ կե­տում կարևորվել է  և կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բա­ցակայության հետ կապված՝ ԵԱՀԿ տարածքում հակամար­տող կողմերի միջև, մասնավո­րապես՝  Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինք­նավար Հանրապետությունում, Անաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջանների։ Իսկ զեկույցի 19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է ար­վում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխոսնակ Վահրամ Բալայանն անդրադառնալով Ալան Փարելի հեղինակած զեկույցին՝ նկատեց, որ որպես ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան՝ իրենք միշտ ձգտում են, որ միջազգային կառույցներին ներկայացնեն Արցախի հիմնահարցի հետ կապված իսկությունն ու այն զարգացումներն ու սպասելիքները, որոնք ունի հայկական կողմը.

«Այս ասպարեզում մենք որոշակի աշխատանք ենք կատարում ԵԽԽՎ ու այլ երկրների պատգամավորների հետ։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի հետ ունենք բարեկամության հանձնախումբ։ Վերջերս այնտեղ նոր ընտրություններ տեղի ունեցան, ցավոք,  մեզ հետ աշխատող շատ պատգամավորներ այդպես էլ չընտրվեցին։ Սակայն սա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այդ ոլորտում ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները»,- ասաց Վահրամ Բալայանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն էլ իր հերթին է ծավալում որոշակի աշխատանքներ՝ ձգտելով համապատասխան բանաձևեր ընդունել։

«Այս բոլոր հակամարտությունները դնել մեկ հարթության վրա և տալ նույն գնահատականը՝ անընդունելի է, քանի որ այդ բոլոր հիմնախնդիրները տարբեր ծագում ունեն և առաջացել են տարբեր քաղաքական գործընթացների հետևանքով։ Խնդիրն այն է, որ շատ դեպքերում Եվրախորհրդարանի մեր գործընկերները տեղյակ չեն լինում փաստերին և միակողմանի և որոշակի հանգամանքների ազդեցության տակ նման մոտեցումներ են ցուցաբերում»,- հավելեց Վ. Բալայանը։

Նրա դիտարկմամբ՝ իրատեսական չէ, որ այս զեկույցն անմիջապես կարող է ազդեցություն ունենալ Արցախի հիմնահարցի վրա, սակայն նման զեկույցները հայկական կողմի համար ցանկալի չեն, քանի որ ձևավորում են որոշակի տրամադրություններ թե՛ Եվրախորհրդարանում, թե՛ եվրոպական երկրներում, որոնք ներկայացնում են  ԵԽԽՎ-ում գտնվող պատգամավորները։

«Աշխատանքի շատ տեղ կա, մենք այս ասպարեզում պետք է աշխատենք և փորձենք մեր բարեկամների շրջանակը մեծացնել և փորձել լոբբիստական աշխատանքի միջոցով ճշմարտությունը ներկայացնել այդ գործիչներին»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ արդեն 30 տարի բոլոր խորհրդարանական վեհաժողովներում Ադրբեջանը գումարներ և տարբեր միջոցներ է օգտագործում հակահայկական զեկույցներ պատրաստելու համար, այս զեկույցն էլ դասվում է դրանց շարքին։

«Այսինքն՝ այս երևույթը նոր չէ, և սա մենք պետք է գիտակցենք, Ադրբեջանը միշտ փորձելու է օգտագործել հակահայկական ձևակերպումներ ու ծրագրեր, իսկ մենք պետք է պայքարենք դրանք թույլ չտալու համար։ Ժամանակն է արդեն, որպեսզի ինքներս գիտակցենք ու նախահարձակ լինենք և պրոհայկական ձևակերպումներ ամրագրենք, ու թող Ադրբեջանը դրանց դեմ պայքարի»,- ասաց Թևան Պողոսյանը։

Ըստ նրա՝ չի կարելի բոլոր հակամարտությունները նույնացնել, քանի որ դրանք բոլորը տարբեր են և մեկը մյուսի հետ համեմատելու որևէ եզր չունեն։
Նրա դիտարկմամբ՝ այստեղ խնդիրը համընդհանուր է, որի համար պետք է մոբիլիզացվեն քաղաքական բոլոր ուժերի ունակությունները։

«Քաղաքական բոլոր ուժերը պետք է գիտակցեն, որ միայն համագործակցությամբ կարող են ձևավորել հզոր էներգետիկայի այն պաշարն ու ուժը, որով կկարողանան միջազգային հարթակներում թույլ չտալ նման իրավիճակները։ Իմ կոչը բոլորին այն կլինի, որ  գիտակցեն՝ Արցախի հարցը բոլորիս խնդիրն է, այլ ոչ թե՝ միայն իշխող կուսակցության։ Պետք է գիտակցված ձևով գնան այդ համագործակցությանը, որպեսզի կարողանանք ի ցույց դնել, որ հայ ազգն առնվազն միասնական է, և այդ միասնականությունն անհնարին է ջարդել, և այնպիսի հարցեր կան, որոնք, անհնարին է, որ մեր մեջ բաժանումներ բերեն ու վեր են որևէ անձնական դաշտից։ Այստեղ բոլորս միասին պետք է աշխատենք, հուսամ՝ այդ աշխատանքը թույլ կտա հաղթելու նաև այս անգամ և ապագայում երբևէ թույլ չտալու, որ Ադրբեջանը գումարով կամ իր խավիարային դիվանագիտությամբ կարողանա ուրիշներին ներգրավել իր ձևակերպումներով հակահայկական զեկույցներում»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Հ.Գ. նշենք, որ ժամեր առաջ  ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի միջոցով հայտարարեց, որ Ալան Փարելի՝ «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցից հեռացվել են հակահայկական ձևակերպումներն Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ։

«Անհեթեթ, խայտառակ ձևակերպում կար Ադրբեջանի 7 շրջանների մասին: Այսօր հարցը դրվեց, և մեր պատվիրակության ակտիվ ջանքերով չանցավ, դուրս շպրտվեց այդ ձևակերպումը, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ բանաձևում»,- տեղեկացրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս