ԵԱՀԿ ԽՎ բանաձևից հանվել է հակահայկական դրույթը և ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը
Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման դրված իռլանդացի պատգամավոր Ալան Փարելի՝ «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցից հեռացվել են հակահայկական ձևակերպումներն Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ կապի միջոցով հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նկատելով, որ հասկանալի է, որ այս զեկույցի պատրաստման մեջ անմասն չի եղել Ադրբեջանը:
«Անհեթեթ, խայտառակ ձևակերպում կար Ադրբեջանի 7 շրջանների մասին: Այսօր հարցը դրվեց և մեր պատվիրակության ակտիվ ջանքերով չանցավ, դուրս շպրտվեց այդ ձևակերպումը, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ բանաձևում»,- ասաց նա:
Հ.Կոնջորյանը հայտնեց, որ 2 այլ կարևոր փոփոխություններ ևս եղել են՝ ֆրանսիացի երկու պատգամավորներ ներկայացրել են դրույթներ, որոնք արձանագրում են, որ ԼՂ բանակցություններում կա հստակ առաջընթաց, և ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում և երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն: Ըստ նրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն սա հաստատել է:
Պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանի խոսքով՝ իրենք բավականին ակտիվ են աշխատել. «Շատ դրվագներում իրապես որոշիչ էր ամեն մեկի ձայնը, և հետևաբար՝ անցած 2-3 շաբաթների ջանքերը՝ կապեր հաստատելու և աշխատելու պատվիրակների հետ, իսկապես արդարացան»:
Պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության հաղթանակը հանուն խաղաղության էր, և այս փոփոխությունը խաղաղությանն է նպաստում ամբողջ Հարավային Կովկասում:
Պատգամավոր Անի Սամսոնյանն ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը երկու մեսիջ էր հղում՝ ԵԱՀԿ ԽՎ օրակարգում այս բանաձևը հակասում է Մինսկի խմբի ջանքերին, և ցանկացած ոչ հավասարակշիռ մոտեցում կարող է վնասել ՄԽ գործընթացին: Նա գոհունակություն հայտնեց, որ իրենց ջանքերը հաջողությամբ ավարտվեցին:
«Ադրբեջանն անընդհատ փորձում է ամեն տեղ ջնջել ազգերի ինքնորոշումը, բայց այսօր առանձին բանաձևով, այն էլ՝ ֆրանսիական պատվիրակության ղեկավարի կողմից առաջարկված բանաձևով դա արձանագրվեց»,- հավելեց Հ.Կոնջորյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվել է մի շատ կարևոր դրույթ՝ Հայոց ցեղասպանության մասին, և մի ամբողջ պարբերություն շեշտում է, որ ողջունվում է Իտալիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, նաև Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը ոգեկոչման օր սահմանելը և կոչ է արվում ԵԱՀԿ մյուս խորհրդարաններին հետևել այդ օրինակին: Կոնջորյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ արել են, որ այդ պարբերությունը ջնջվի բանաձևից, բայց հայկական պատվիրակությունը հասել է նրան, որ դա տեղի չունենա. «Այսօր ԵԱՀԿ ԽՎ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը և կոչ արեց մյուս երկրներին հետևել այդ օրինակին: Սա ԵԱՀԿ ԽՎ պատմության մեջ առաջին անգամն է: Խորհրդարանական վեհաջողովի լիագումար նիստում պետք է հատատվեն այս որոշումները: Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները ցայտնոտի մեջ ընկած՝ փորձում են գոնե լիագումար նստում խոչընդոտել դրանց ընդունմանը, բայց մենք ամեն ինչ կանենք, որ դրանք հաստատվեն»: