Բաժիններ՝

Բաքվի եզրափակիչն ազդակ և զգուշացում էր ՈւԵՖԱ-ին. աշխարհը դժգոհում է

Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչն անցյալում է, բայց քննարկումները՝ հատկապես բացասական քողի տակ, շարունակվում են: Խնդիրը թիմերը կամ թիմերի ցուցադրած խաղը չէր՝  չնայած դա ևս արժանի է քննադատությունների: Քննարկումների առանցքում խաղի դրվագներն ու վիճելի պահերը չէին, բոլոր բացասական լիցքերը ուղված են դեպի Բաքու:

Երբ ՈՒԵՖԱ-ն որոշեց, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում, շատ ֆուտբոլային գործիչներ և երկրպագուներ դժգոհեցին՝ Բաքու մեկնելը թանկարժեք է և հարմար չէ: Արդեն եզրափակչին մոտ՝ միջազգային մամուլը սկսեց գրել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին: Փոքր խոսակցությունները վերածվեցին մեծ սկանդալի և քննարկումների, երբ Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ: Բոլորը սպասում էին ոչ այնքան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, կամ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի արձագանքին, որքան՝ ՈՒԵՖԱ-ի արձագանքին: Արդյունքում՝ ՈՒԵՖԱ-ի կողմից, բացի ընդհանուր հայտարարություններից, չեղան կոնկրետ առաջարկներ և հավաստիքներ, իսկ Ադրբեջանն էլ ասաց ստանդարտ, այդպես էլ օդի մեջ մնացած խոսքեր:

Այս իրավիճակում երկրպագուների բողոքը վերաբերում էր հատկապես ՈՒԵՖԱ-ին, քանի որ պարզ էր դառնում, որ հենց ՈՒԵՖԱ-ն չի կարողացել անել այնպես, որ ֆուտբոլիստը մեկնի Բաքու: Եվ, եթե  ՈՒԵՖԱ-ն չի կարողանում ապահովել ֆուտբոլիստի անվտանգությունը, ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ սովորական երկրպագուները:

Ի դեպ, այն Ադրբեջանը, որը խոստանում էր ամեն կերպ ապահովել Մխիթարյանի ապահովությունը, փորձում էր ձերբակալել Մխիթարյանի շապիկով երկրպագուներին, ինչպես նաև մարզադաշտ մտնելուց առաջ արգելում էր լրագրողներին ներս մտնել Մխիթարյանի շապիկներով:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, Մխիթարյանի՝ Բաքու մեկնելը շատ է քննարկվել, բայց սա երկրպագուների դժգոհության միակ պատճառը չէր: Եզրափակչից անմիջապես հետո ամբողջ ֆուտբոլային աշխարհը սկսեց նորից քննադատել Բաքվի եզրափակիչը՝ համարելով այն ձախողված:

Քննադատում ենք Բաքվում անցկացված եզրափակիչը ոչ միայն մենք՝ կապված Հներիխ Մխիթարյանի սկանդալի հետ, այլև ամբողջ ֆուտբոլային աշխարհը՝ հաշվի առնելով բազմաթիվ անհարմարությունները:

Հատկապես դժգոհ էին անգլիացիները:

Անգլիացիներին բարկացրել էր ամեն ինչ՝ Մխիթարյանը՝ անկախ ֆուտբոլային ակումբից, տոմսերի արժեքները, չվերթերի սակագները, մարզադաշտի հարմարությունները, հեռարձակման որակը, կազմակերպչական նրբությունները, և այլն, և այլն: Հիմնական դժգոհությունների մասին՝ ավելի մանրամասն:

Դատարկ տեղեր՝ տրիբունաներում

ՈՒԵՖԱ-ն թիմերին տրամադրել էր 5800-ական տոմսեր, սակայն այս տոմսերի որոշ մասը վերադարձվել էր: «Արսենալն» ու  «Չելսին» ընդհանուր առմամբ վերադարձրել են ավելի քան 6000 տոմս, քանի որ նրանք վաճառել էին միայն 3,500 և 2,000 տոմսեր՝ համապատասխանաբար:

Ստացվում էր, որ լոնդոնյան ակումբների երկրպագուներին տրամադրվել էին տոմսեր, որոնց ընդհանուր քանակը չէր կազմում մարզադաշտի անգամ 10 տոկոսը: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով Բաքվի օդանավակայանի՝ մեծ քանակով մարդկանց ընդունել չկարողանալու հանգամանքը:

ՈՒԵՖԱ-ի հովանավորները, որոնց հատկացվել էին 2000 տոմսեր, նույնպես նման խնդիրներ ունեն:

Թռիչքների արժեքը և ռեյսերի սակավությունը, թռիչքի ժամանակը, վիզաների հետ կապված խնդիրները և եզրափակիչ խաղի մեկնարկը (տեղական ժամանակով ժամը 23:00-ին) հիմնական պատճառներից էին, որ երկրպագուները հրաժարվում էին մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակչին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» քննադատել էր ՈՒԵՖԱ-ին եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար, քանի որ երկրպագուները պարզապես ի վիճակի չեն հասնել այնտեղ:

«Մենք ունենք 45,000 երկրպագուներ, որոնք ունեն բոլորի խաղերի աբոնեմենտ: Նրանք բաց կթողնեն խաղը, քանի որ ՈՒԵՖԱ-ն որոշել է եզրափակիչն անցկացնել այնպիսի երկրում, որն ունի սահմանափակ տրանսպորտային միջոցներ: Սա պարզապես սխալ է»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:

Արդյունքում՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչը երևի թե առաջին անգամ անցկացվեց կիսադատարկ մարզադաշտում:

Վատ մթնոլորտ՝ երկրպագուները քիչ էին և լուռ

Անգամ հեռուստացույցի ձայնը բարձրացնելը չէր օգնում: Անգլիացի երկրպագուները շատ քիչ էին, նրանք հիմնականում լուռ էին՝ բացառությամբ գոլային դրվագներին: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ դժգույն ֆուտբոլ էին խաղում, և կար տպավորություն, որ երկրպագուներն առաջին կեսին պարզապես քնել էին:

«4000 կմ  Լոնդոնից հեռու մարզադաշտ, որը չի կարող դիմանալ երկրպագուների հոսքին, գայթակղություններին, քաղաքական լարվածությանը, որի պատճառով խաղացողներից մեկը մնաց տանը, դաշտից հեռու գտնվող տրիբունաներ, դատարկ տեղեր և վատ հաշվարկ»,- խաղից անմիջապես հետո գրել էր  London Evening Standard-ի լրագրող Բեն Հեյվարդը:

Մարզադաշտը ֆուտբոլային չէր՝ հեռու և բարձր

Տրիբունաների և խաղադաշտի միջև հեռավորությունն ահռելի էր, և երկրպագուների և լրագրողների մեծ մասը դժգոհում էր, որ պարզապես չէր ճանաչում ֆուտբոլիստներին և չէր տեսնում՝ ինչ է կատարվում մարզադաշտում:

Հայտնի ֆուտբոլային գործիչ Գարի Լինկերը խաղից հետո գրել էր, որ մեկնել էր մարզադաշտ՝ ֆուտբոլը վայելելու համար, իսկ արդյունքում՝ ավելի հեռու էր նստած, քան, եթե տանը դիտեր խաղը հեռուստացույցով:

Ֆուտբոլային շատ հայտնի էջեր գրել էին, որ միայն հիմարները կվճարեին 2 հազար ֆունտ՝ նման տեսարանների համար:

Շատ տարօրինակ տեսանկարահանում

Խաղի տեսանկարահանումն իրականացվում էր շատ վերևից, ինչի պատճառով հեռուստադիտողները ֆուտբոլիստներին հաճախ շփոթում էին: Եվրոպական թոփ-խաղերն առաջին անգամ էին նկարահանվում այս կերպ, և դա դուր չեկավ երկրպագուների մեծ մասին:

Անտանգության նորմերը պահպանված չէին

Երկրպագուները դգոհում էին, որ իրենց շատ անբարեկիրթ են ստուգել մարզադաշտ մտնելուց առաջ: Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները նշում էին, որ ուշադրությամբ զննվել են իրենց պաստառները, շապիկները և այլն: Ամենայն հավանականությամբ, այս ամենը կապված էր Մխիթարյանի հետ:

Sport24-ի լրագրող Յարոսլավ Կուլեմինը նշում է, որ իրենից խլվել է Մխիթարյանի շապիկը:

«Նրանք քանդեցին ամբողջ պայուսակը և ասացին, որ Ադրբեջանի կառավարության պահանջներին համապատասխան՝ հնարավոր չէ դրանով մտնել մարզադաշտ: Տեսանյութը ստիպեցին  հեռացնել»,- ասել է Կլեմինը:

Բաքվում անցկացված եզրափակիչն առաջացրեց սկանդալներ և քննարկումներ, ինչը հատկապես հիմա պետք չէր ՈՒԵՖԱ-ին, քանի որ նա ավելի ու ավելի է կորցնում իր վարկանիշը: Եվրոպայի Լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչն ազդակ ու զգուշացում էր ՈՒԵՖԱ-ին, որ շատ բաներ պետք է փոխել՝ հատկապես երկրի ընտրության հարցում, քանի որ ևս մեկ նման եզրափակիչ երկրպագուները պարզապես չեն ընդունի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս