Ինչո՞ւ ՊԵԿ-ը որոշեց խախտել կառավարության որոշումը
Պետական եկամուտների կոմիտեն չի դադարում զարմացնել բյուջեի եկամուտների հավաքագրման բարձր կատարողականով։ Անցած տարվա թերակատարումից հետո ՊԵԿ-ը միայն երկնիշ աճ է արձանագրում, այն էլ՝ ոչ պակաս 20-25 տոկոսից։
Պարզ է, որ դա համադրելի չէ տնտեսական այն զարգացումների հետ, որոնք կան Հայաստանում։ Չնայած տարեսկզբի չորս ամիսներին պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է ակտիվության ոչ պակաս բարձր` 7 տոկոս աճ, այնուհանդերձ դա չէր կարող հարկերի հավաքագրման նման կտրուկ շրջադարձ ապահովել։ Առավել ևս, տնտեսական աճի այն կառուցվածքի դեպքում, որն առկա է Հայաստանում։
Մնում է ենթադրել, որ հարկային մուտքերի բարձր կատարողականը ստվերի կրճատման արդյունք է։ Բայց դրան էլ մի տեսակ դժվար է հավատալ։ Ոչ այն պատճառով, որ անհնարին է այդպիսի աճ ապահովելը, այլ նրա համար, որ ՊԵԿ-ի հրապարակած տվյալները վստահություն չեն ներշնչում։ Վերջին շրջանում հաշվարկի ինչ-որ նոր մեթոդաբանություններ են կիրառվում, որոնց արդյունքում բյուջեի հարկային մուտքերը կարող են միլիարդավոր դրամներով տատանումներ արձանագրել։
Այդպես եղավ մասնավորապես խոշոր հարկատուների առաջին եռամսյակի տվյալները հրապարակելուց։ Նախ՝ մի ցանկ հրապարակվեց, որը, ինչպես հետո պարզվեց, արված է մի մեթոդաբանությամբ, ինչը հաստատված չէ կառավարության կողմից։
Խնդիրն այն է, որ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի վերաբերյալ ցանկերի հրապարակումն ունի որոշակի ձևաչափ։ Այն հաստատվել է դեռևս 2017թ. հուլիսին` կառավարության համապատասխան որոշմամբ։ Բայց չգիտես ինչու, Պետեկամուտների կոմիտեն իրեն իրավունք էր վերապահել անտեսել այդ որոշման պահանջները և խոշոր հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ տվյալները հրապարակել էր այնպես, ինչպես ինքն էր նպատակահարմար համարել։
Թե ո՞վ էր ՊԵԿ-ին տվել այդ իրավունքը, թողնենք մի կողմ։ Բայց չենք կարող չարձանագրել մեկ այլ հանգամանք` ինչո՞ւ էր Պետեկամուտների կոմիտեն այդքան շահագրգռված կիրառել խոշորների վճարած հարկերի հրապարակման մի ձևաչափ, որը դեռևս նախագծի տեսք ունի։ Ընդ որում, այդ նախագիծը ներկայացրել է ՊԵԿ-ը` պատճառաբանելով, որ գործող ձևաչափը թերի է։
Ընդունենք, թե այդպես է, իսկ ինչո՞ւ չսպասել, մինչև կառավարությունն այն ընդունի։ Գուցե վերջինս մերժելո՞ւ էր ներկայացված նախագիծը, ինչ-որ բան էր փոխելու։ Ինչո՞ւ էր այդքան շտապում Պետեկամուտների կոմիտեն։
Կամ ինչո՞ւ այդ խնդիրն առաջացավ հատկապես անցած տարվա չորրորդ եռամսյակի խոշոր հարկատուների ցանկերի հրապարակման ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի վերջին, այն էլ՝ ոչ աշխատանքային օրով, բյուջեում ինչ-որ անհասկանալի գումարներ են մուտք արվել։ Իսկ գուցե նոր մեթոդաբանության այդքան հրատապ կիրառման նպատակն ինչ-որ բան թաքցնե՞լն էր։ Սրանք հարցեր են, որոնք ինքնաբերաբար առաջանում են։
Այն, ինչ ասում է ՊԵԿ-ը` որպես իր գործողությունների հիմնավորման և կառավարության որոշման խախտման արդարացում, մեղմ ասած, ընդունելի չէ։ «Գործող ձևաչափով (որով հրապարակվել են մինչև 30.09.2018թ. ընդգրկված ժամանակաշրջաններին վերաբերող ցանկերը) հարկ վճարողների ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ, քանի որ դրանում ներառված չեն հարկային պարտավորությունների ձևավորմանն ու կատարմանն առնչվող համապատասխան ցուցանիշները (մասնավորապես` ըստ հարկատեսակների եկամուտների հաշվեգրման պահը, ուսումնասիրությունների, հարկային հաշվարկների ճշտումների, դատարանի որոշումների և այլ հիմքերով միասնական գանձապետական հաշվին վերադարձված գումարները, և այլն)։
Այդ է պատճառը, որ հարկային մարմնի նախաձեռնությամբ մշակվել և ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հուլիսի 6-ի 783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով, ըստ էության, առաջարկվում է ամբողջացնել վերոհիշյալ ցուցանիշները` հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու ակնկալիքով»,- ասվում է ՊԵԿ-ի հիմնավորման մեջ։
Անշուշտ, դժվար է հավատալ, որ ՊԵԿ-ն այդքան մտահոգված է հանրությանը համապարփակ տեղեկատվության տրամադրմամբ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, ապա հավանաբար հասարակությունը շատ բան չէր կորցնի այդ տեղեկատվությունը ևս մի քանի ամիս նախկին ձևաչափով ստանալու համար։ Առավել ևս, որ կառավարության որոշումը խախտելու առիթ էլ չէր առաջանա։
Այնպես որ, մեթոդաբանությունների փոփոխությունների հետ կապված հետաքրքրությունները հավանաբար պետք է փնտրել այլ տեղ։ Հատկապես, որ դրանց արանքում նաև ոչ պակաս հետաքրքիր երևույթներ են ի հայտ գալիս։
Այն բանից հետո, երբ Պետեկամուտների կոմիտեն վերահրապարակեց առաջին եռամսյակի խոշորների ցանկն արդեն հին, կամ, որ ավելի ճիշտ է ասել, գործող մեթոդաբանությամբ, բավական տարօրինակություններ ի հայտ եկան։ Տարօրինակություններ, որոնք զարմանալիորեն չկային նախկինում։
Պարզվեց՝ ցանկում կան բազմաթիվ խոշոր հարկատուներ, որոնց վճարած հարկերի ընդհանուր գումարը ոչ մի կերպ չի համընկնում ըստ հարկատեսակների կատարված վճարներին։ Ընդ որում, երբեմն տարբերությունը բավական մեծ է։
Այսպես`«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» առաջին եռամսյակում, ըստ ՊԵԿ հրապարակած ցանկի, պետական բյուջե է վճարել 6 մլրդ 684 մլն դրամ ընդհանուր հարկ։ Երբ փորձում ենք հասկանալ, թե որ հարկատեսակների գծով են փոխանցվել այդ գումարները, պարզվում է, որ բոլորովին այլ թիվ ենք ստանում։ Ըստ առանձնացված հարկատեսակների՝ ընկերությունը վճարել է 1 մլրդ 28 մլրդ դրամ շահութահարկ, 2 մլրդ 622 մլն դրամ` եկամտային հարկ, 390 մլն դրամ` ԱԱՀ, շուրջ 31 մլն դրամ` ակցիզային հարկ, 4 մլրդ 554 մլն դրամ` այլ հարկեր և վճարներ։ Երբ գումարում ենք այս թվերը, ստացվում է 8 մլրդ 615 մլն դրամ։ Թե ո՞ւր է անհետացել շուրջ 2 մլրդ դրամը, հայտնի չէ։
Բայց սա եզակի դեպք չէ։ Նման բազմաթիվ օրինակներ կան։ Ասենք` «Արմենիա միջազգային օդանավակայանի» վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 794 մլն դրամ, իսկ ըստ հարկատեսակների` 1 մլրդ 750 մլն դրամ։ Տարբերությունը գերազանցում է 1 միլիարդը։
Մեկ այլ խոշոր հարկատու առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների գծով փոխանցել է գրեթե 365 մլն դրամ, սակայն հայտնի չէ, թե ինչի՞ համար։ Որևէ հարկատեսակի գծով մուտք չկա։
Օրինակները կարելի է երկար շարունակել։ Բայց այսքանն էլ բավական է պատկերացնելու համար, թե ինչ կատարվում է հարկային մուտքերի հետ։ Ամբողջ խնդիրն այն է, որ նախկինում ևս խոշորների ցանկերը ներկայացվել են նույն ձևաչափով, բայց նման անհամապատասխանություններ չեն եղել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ