Քաղաքավարի թարգմանված ասացվածք
«Գեշ օրինակը սուր վարակից վատ է»: Քաղաքավարի այսպես կարելի է թարգմանել ռուսական հանրահայտ ասացվածքը: Երեկ Հայաստանում կրկին փակումների օր էր: Նախ Բաղրամյան պողոտան էր փակ: «Գուդվին-Բեթ» (կարծեմ բուքմեյքերական) ընկերության աշխատակիցներն էին փակել: Բողոքում էին օրենքի նախագծի դեմ, որը իրենց կարծիքով՝ սահմանափակում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: Մի կողմ թողնենք այն, որ ցանկացած օրենք կանոնակարգելով որոշակի տիրույթ, բնականաբար, հստակ սահմանափակումներ է մտցնում:
Այս լուրը չմարսած՝ պարզվեց նաև, որ արագածավանցիներն են փակել Երևան-Գյումրի մայրուղին: Բողոքի այս արդիական ձևը սույն համայնքի բնակիչները «կիրառում» են բոլորիս (առաջին հերթին, իհարկե, իշխանություններին) տեղեկացնելու համար, որ իրենք դժգոհ են ոռոգման ջրի գումարի գանձման «մեթոդաբանության» փոփոխությունից: Այն, որ բողոքի այս ձևն ամենաարդյունավետն է Հայաստանում, հայտնի է մոտ մեկ տարուց ավելի: Բայց եկեք վերադառնանք բուքմեյքերական գրասենյակների դեպքին:
Այն կենտրոնական թեմա է լինելու գոնե մոտալուտ ժամանակներում: Նույնիսկ նախորդ իշխանություններն ինչ-որ պահի նկատեցին խաղադրույք-վիճակախաղերի մասշտաբները: Նկատեցին ու փորձեցին դեմն առնել: Արդյունքում՝ ընդունվեց օրենք, որը հատուկ տարածք հատկացրեց խաղատների համար՝ դրանք հնարավորինս հեռացնելով բնակավայրերից: Հետո նոր իշխանություններն անցած ամառ ոգևորված տարփողեցին, որ երկրում աճում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ապա, մասնագետների զարմացած հայացքի ներքո բացատրեցին, որ դա ոչ թե տնտեսության իրական հատվածի հաշվին է, այլ` ծառայությունների ոլորտի:
Մասնագետների հայացքն այդ պահին ավելի զարմացած դարձավ: Արդյունքում՝ իշխանությունները ստիպված եղան բացատրել, որ տնտեսության ակտիվության ցուցանիշի «աննախադեպ» աճի իրական պատճառը խաղադրույքներն էին, որ կատարվել էին ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում: Այդ պահից թե իշխանություն, թե իշխանամետ, թե ընդդիմադիր հասկացան, որ հեռուստաեթերում, սոցիալական ցանցերում, համացանցային լրատվամիջոցներում (և հնարավոր բոլոր այլ տիրույթներում) տարածված խաղադրույք-վիճակախաղերի գովազդն ահռելի մասշտաբներ ունի մեր տնտեսության մեջ: Կամ էլ` մեր տնտեսության ծավալների համեմատ:
Մամուլում հրապարակված տվյալներով՝ խոսքը մոտ 400 մլրդ դրամի մասին է: Այս փաստը համարյա շոկ առաջացրեց բոլոր մասնագետների մոտ: Խոսքը տնտեսությամբ հետաքրքրվող մասնագետների մասին է: Հրանտ Բագրատյանն իր հեռուստաելույթում այն նույնիսկ համեմատեց Հայաստանի շինարարական շուկայի ծավալների հետ: Պաշտոնական տվյալներով՝ երկրի շինարարական շուկայի ֆինանսական «չափը» մոտ 420 մլրդ դրամ է: Այն փաստորեն համադրելի է խաղադրույքավիճակախաղային փողերի հետ: Ահա թե որն է պատճառը, որ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն այդքան մեծ է:
Պարզ թվաբանությամբ կարելի է հաշվարկել, որ 2018թ. տվյալներով ամեն օր Հայաստանը խաղադրույք-վիճակախաղերի ոլորտում «ներդնում է» մոտ 1 մլրդ 95 մլն դրամից ավելի: Այսինքն՝ անցած տարի ամեն օր միջինը 2 մլն 280 հազար դոլարից ավելի գումար ուղղորդվել է մի ոլորտ, որին վիճակագրությունն իր բարեկիրթ բառապաշարով կոչում է «շռայլությունների ոլորտ» ընդհանուր անունով: Ապա մասնավորեցնում է` «հանգիստ ու զվարճություններ» անվան տակ:
Ժողովրդական պարզ բառապաշարում այս գործընթացն առայսօր էլ որակվում է օտար` «ղումարբազություն» բառով: Համաձայն եմ` տնտեսական առաջընթաց, աշխատանք ու բարեկեցություն խոստացած իշխանությունները համարյա բոլոր ոլորտներում հակառակն են անում:
Բայց չեմ կարծում, որ «ղումարբազության» ոլորտում աշխատատեղերի կրճատումը կարելի է տնտեսական աղետ ընկալել: Աշխարհի հնարավոր բոլոր խաչմերուկներում, ուր մեր իշխանություններին խոսելու հնարավորություն են տալիս, նույն տեքստն ենք լսում: Ներդրումների հրավերքի համարյա նույնաբառ տեքստը:
Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշները վերջնական հրապարակված չեն: Առաջարկում եմ` հենց հրապարակվեն, համեմատել դրանք խաղադրույքավիճակախաղային շուկայի ծավալների հետ:
Տնտեսական զարգացումների նախարարը վարչապետին հրապարակային հաշվետվություն ներկայացնելիս վերջին վեց ամսվա ընթացքում, կարծեմ, 31 մլն դոլար ներդրումային ծրագրերից էր խոսում: Իսկ դա միջինը 13.5 օրվա ընթացքում խաղադրույք կատարելու գումար է: Մեր իշխանություններն ամեն անգամ դիմադրության հանդիպելիս նահանջում են: Բացառված չէ, որ բուքմեյքերական դիմադրության պարագային նույն գործընթացը կլինի: Նահանջը հիմնավորելը բարդ չէ:
Ի վերջո, իրենք՝ «բուքմեյքերականներն» են հուշում, որ իրենց փակվելու դեպքում ոլորտն ամբողջությամբ կանցնի համացանց: Հանձնվելու կամ հետքայլ անելու համար հարմար բացատրություն է: