Ջոկովիչը Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է
Թենիսի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի երկրորդ շրջան:
Տղամարդկանց մենախաղի առաջին փուլում Ջոկովիչի հակառակորդը լեհ Հումբերտ Հուրկաչն էր: 1 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստ հաղթեց երեք սեթերում ոչ մեծ դժվարությամբ՝ 6:4, 6:2, 6:2 հաշվով:
Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝(ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը: Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ: