Խորհրդարանական լսումների ֆարսը
Եվ այսպես, Ազգային ժողովում ավարտվեցին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով խորհրդարանական լսումները, որոնց ընթացքում որպես հիմնական զեկուցող՝ հանդես եկավ անցումային արդարադատության նվիրյալ ջատագով, միջազգային փորձագետ Ռուբեն Կարենցան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ՝ աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։
Տպավորիչ շարք է, չէ՞… Աշխարհի ամենահետամնաց երկրների կողքին Հայաստանի համար «պատվավոր» տեղ ապահովելը, թերևս, ներկայիս իշխանությունների մանկության վարդագույն երազանքն է եղել, դեպի որի իրականացումը նրանք մեծ քայլերով գնում են։
Միանգամից արձանագրենք, որ քննարկումները կարելի է տապալված համարել, քանի որ դրանց չէին մասնակցում բավականին լուրջ իրավագիտական շրջանակներ, ընդդիմադիր խոսք հնչեցնող ու այլակարծություն ունեցող անձինք ու կազմակերպություններ։ Իսկ չէին մասնակցում, որովհետև քաղաքական գործընթացներն ավարտուն տեսքի բերեցին ու համոզիչ դարձրին այն մտայնությունը, որ իշխանությունների կողմից քաղաքական որոշումն արդեն կայացված է, իսկ այս քննարկումներն ընդամենը ֆարս են, լոկ արձանագրային միջոցառում՝ տպավորություն թողնելու համար, որ գործընթացը թափանցիկ է։
Բացի դրանից, հիմնական զեկուցող Ռուբեն Կարենցան ակնհայտորեն խուսափում էր իր համար անհարմար հարցերին պատասխանելուց։ Օրինակ, անհասկանալի էր, թե նա ինչո՞ւ չպատասխանեց այն հարցին, թե 2018թ. ամռանը Հայաստան կատարած այցի ժամանակ, բացի իշխանություններից, է՞լ ում հետ է հանդիպել, կամ արդյո՞ք զեկույց լինելու է ներկայիս Հայաստանի իրավիճակի մասին։
Հասարակական լայն զանգվածները, թերևս, չգիտեն, որ անցումային արդարադատություն իրականացնում են այն երկրներում, որոնք լուրջ խնդիրներ են ունեցել մարդու իրավունքների ոլորտում, ուր եղել են արյունահեղություններ, դիկտատուրաներ։ Որևէ բանական մարդ կարո՞ղ է ասել, որ մեր երկրում նման բան է եղել, ու այս պարագայում պարզ չէ, թե ինչ օրակարգով են ներդնելու անցումային արդարադատություն կոչվածի մեխանիզմը, մանավանդ, որ անցումային արդարադատությունը լուրջ սթրես է յուրաքանչյուր պետության իրավական համակարգի համար։
Պատկերացնո՞ւմ եք, որ կարող են անխտիր բոլոր դատավորներին սկսել ստուգել, վտանգ կա, որ դատարանները կպարալիզացվեն։
Եվ ամենակարևոր հարցերից մեկը՝ ո՞վ է դա իրականացնողը։ Մի իշխանություն, որն ավելի քան 70 տոկոս ձայներով 2018թ. դեկտեմբերին հաղթեց խորհրդարանական արտահերթ ընտրություններում, և որի միակ լիդեր Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 2019թ. մայիսի տվյալներով սրընթաց անկում է ապրել՝ հասնելով 34 տոկոսի։ Հանգամանք, որը ցույց է տալիս, թե մեկ տարվա ընթացքում հասարակությունն ինչպիսի հիասթափություններ է ունեցել «Իմ քայլ»-ական իշխանություններից։
Անցումային արդարադատություն իրականացնում են, երբ միանշանակ համաձայնություն կա հասարակությունում, և կան այն կիրառելու հստակ չափանիշեր ու մեխանիզմներ, իսկ եթե դրանք չկան, ապա հասարակությունն ավելի է բևեռացվում, և հակառակ էֆեկտն է ստացվում։
Պատահական չէ, որ բոլոր այն երկրներում, ուր որպես փորձագետ՝ անցումային արդարադատությունը գովերգել ու անցկացրել է Ռուբեն Կարենցան, եղել են արյունահեղություններ։
Իսկ արդյո՞ք մեր հասարակության մեջ միանշանակ համաձայնություն կա այդ հարցի շուրջ. բնավ ոչ, այլապես Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին ընդամենը 1100 մարդ չէր արձագանքի։
Փաստենք, որ անցումային արդարադատություն իրականացնելու քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է, կիրականացվի՞ այն, թե՞ ոչ, ցույց կտան ժամանակն ու հանգամանքները։ Մնում է միայն հասկանալ՝ իրականում ո՞ւմ շահերն է սպասարկելու անցումային արդարադատությունը, ո՞ր երկրներն են շահագրգռված Հայաստանում նման իրավիճակ ստեղծելու մեջ և ինչո՞ւ, ի՞նչ է դա բերելու, ի՞նչ ցնցումների առջև է կանգնեցնելու երկիրը, և, որ ամենագլխավորն է, ով է լինելու դրա պատասխանատուն, քանի որ ակնհայտ է, որ կա այն օր առաջ ներդնելու անթաքույց ցանկություն։