Բաժիններ՝

«Հայաստանում չկա տնտեսական հեղափոխության իրավիճակ». Գագիկ Մինասյան

«Այն ցուցանիշները, որոնք այսօր առկա են (խոսքն առաջին երեք ամիսների մասին է), թույլ չեն տալիս խոսելու այն մասին, որ մենք ունենք տնտեսական հեղափոխությանը մոտ մի իրավիճակ։ Այդ արդյունքներն ավելի վատն են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները, և ավելի վատն են, քան այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքները: Այսինքն՝ նույնիսկ մեկ ամսվա կտրվածքով նվազում կա։ Նախորդ տարվա համեմատ մենք ունենք բավականին ցածր արդյունքներ արտահանման և ներմուծման բնագավառում։ Սա ուղղակիորեն կապվում է այն իրավիճակի հետ, որ կա մեր երկրի ներդրումային միջավայրում, քանի որ տնտեսվարողների հետ իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որը չի կարող խրախուսել ներդրումային միջավայրին։ Իսկ առանց ներդրումների հնարավոր չէ ունենալ մրցակցային լուրջ տնտեսություն»,- նշեց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ՀՀ վարչապետի կողմից երկրում տնտեսական հեղափոխություն հայտարարելուց հետո տնտեսության ոլորտում ի՞նչ լուրջ առաջընթաց է գրանցվել։

Անդրադառնալով ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններին, որի արդյունքում մի շարք նախարարություններ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախարարությունը, վերափոխվելու է վարչության, Գագիկ Մինասյանն ասաց, որ Հայաստանի համար կարևոր ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, քանի որ բնակչության 40 տոկոսն աշխատում է գյուղական ոլորտում։

«Այստեղ առանց որևէ լուրջ ներդրումների մենք չենք կարող հաջողություններ ունենալ։ Խորհրդարանական կառավարման համակարգում Կառավարության անդամ հասկացողությունը շատ բարձր է, և եթե չկա Գյուղատնտեսության նախարար, ապա ներդրողներն իրենց առաջարկները պետք է ներկայացնեն ոչ թե Կառավարության անդամին, այլ ինչ-որ մի չինովնիկի։ Հենց սա խոսում է այն մասին, որ պայմաններ չեն ստեղծում, վստահության քարտ-բլանշ չեն տալիս ներդրողներին, որոնք ցանկանում են այդ բնագավառում ներդրումներ կատարել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ չեք գտնի մի մարդ, որը փայլուն տիրապետում է այն մեծ ոլորտի խնդիրներին, որտեղ ներառված է գյուղոլորտը։ Սա մեծ խնդիր է, որ արդյունավետության պակասը մենք շատ շուտ ենք զգալու»,- շեշտեց Գագիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի ելույթը, ըստ որի՝ եթե Կառավարությունն իր գործունեության ծրագիրը կամ կառուցվածքը ներկայացնում է, այն բխեցնում է այն կադրային բազայից, որն ունի։

Կարդացեք նաև

«Սա ընդհանրապես որևէ քննադատության չներկայացվող բան է, իսկ եթե չունեն համապատասխան Արտաքին գործերի նախարար, նախարարությունը պե՞տք է միացնեն Մշակույթի նախարությանը։ Եթե չկա համապատասխան նախարար, թող վերցնեն անկուսակցական ինչ-որ մեկին, եթե դա էլ չեն կարողանում, թող  հրաժարական տան, հո այս երկիրն ու գյուղատնտեսությունն իրենց ձեռքին կրակը չի՞ ընկել»,- եզրափակեց Գագիկ Մինասյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս