Հայաստանը շինարարական բումի շեմի՞ն է
Հավանաբար նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում Հայաստանին սպառնացող ներդրումային բումից։ Փոխարենը՝ վերջերս սկսել է ավելի հաճախ անդրադառնալ և կարևորել շինարարության դերը։ Ավելին, քանի որ ներդրումային բումն այդպես էլ չի թակում Հայաստանի դուռը, հիմա էլ շինարարության ոլորտում ենք բում սպասում։
«Հայաստանը կանգնած է շինարարության բումի շեմին»,- սա հերթական բարձրագոչ հայտարարությունն էր, որը Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում արեց Ազգային ժողովի ամբիոնից։
Քանի որ արդեն հրապարակվել են տարեսկզբի երկու ամիսների շինարարության ոլորտի վիճակագրական ցուցանիշները, որոնք հիմք են տվել վարչապետին նման լավատեսական հայտարարություն անել, հիմա կարող ենք ինքներս համոզվել, թե որքանո՞վ է Հայաստանը կանգնած շինարարության բումի շեմին։
Վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ տարեսկզբի երկու ամիսներին շինարարությունը Հայաստանում իսկապես ակտիվ է եղել։ Հունվար-փետրվարին ծավալներն ավելի քան 21 տոկոսով ավելացել են։ Իհարկե, աճի տեմպը զիջել է նախորդ տարվա մակարդակը, բայց դա այնքան էլ կարևոր չէ։ Մի բան միանշանակ է, որ դատելով Վիճծառայության հրապարակումներից` 2018թ. սկզբին շինարարության ոլորտում դիտարկված ակտիվությունը պահպանվել է նաև այս տարվա ընթացքում։
Հիմա տեսնենք, թե այդ ակտիվությունը և արձանագրված աճն ինչի՞ հաշվին է եղել, և որքանո՞վ է հիմնավոր խոսել շինարարությանը սպառնացող բումի մասին։
Ընդհանուր առմամբ այս տարվա երկու ամիսներին Հայաստանում կատարվել է՝ 25,1 մլրդ դրամի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 21,6 մլրդ դրամի շինարարություն։ Այլ կերպ ասած, 2019թ. հունվար-փետրվարին ոլորտի կապիտալ ներարկումներն ավելացել են 3,5 միլիարդով։
Հիմա փորձենք հասկանալ, թե դա ինչի՞ հաշվին է տեղի ունեցել։ Աճի ամենամեծ բաղադրիչը բաժին է ընկնում վարկային միջոցներին։ Թերևս դա էլ էական ազդեցություն է թողել ոլորտի զարգացումների վրա։ Մի բան, ինչն էլ հավանաբար հիմք է տվել վարչապետին՝ առանց երևույթների մեջ խորամուխ լինելու, ինչպես սովորաբար արվում է, ժամանակից շուտ նման հայտարարություններ անել։
Պատահական չէ, որ, եթե հանենք ռուսական վարկի մասնակցությունն ատոմակայանում իրականացվող շինարարական աշխատանքներում, ապա ոլորտի աճը պարզապես փուլ կգա։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին երկու ամիսներին տարբեր ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերով Հայաստանում իրականացվել է ավելի քան 6,5 մլրդ դրամի շինարարություն։ Դա կազմել է ոլորտում կատարված կապիտալ ներարկումների 26,1 տոկոսը։ Նախորդ տարվա նույն հատվածում վարկերի կշիռը շինարարության մեջ գրեթե կրկնակի փոքր է եղել` ընդամենը 13,5 տոկոս։
2019թ. 6,5 միլիարդի փոխարեն՝ 2018թ. հունվար-փետրվարին վարկային միջոցների հաշվին կատարվել էր 2,9 մլրդ դրամի շինարարություն։ Այս տարի դրանք ավելի քան կրկնակի աճել են։ Վարկային միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներն ավելացել են 3,6 միլիարդով։
Այդ գումարի հիմնական մասը բաժին է ընկնում ռուսական կապիտալին։ Թեև Վիճծառայությունը չի մանրամասնում, այնուհանդերձ պետք է ենթադրել, որ խոսքը Հայաստանի ատոմակայանին տրամադրած 300 մլն դոլար վարկային և դրամաշնորհային միջոցների մասին է, որոնց հաշվին իրականացվում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները։
Ռուսական կապիտալ ներարկումները շինարարության ոլորտում տարեսկզբի երկու ամիսներին ոչ թե կրկնապատկվել կամ եռապատկվել են, այլ ավելացել են 18,4 անգամ։ Եթե նախորդ տարի դրանք կազմել էին ընդամենը 176 մլն դրամ, ապա այս տարի գերազանցել են 3 միլիարդը։
Առանց այս գումարի՝ շինարարության ոլորտի ֆինանսական աճը կլիներ ընդամենը 500 մլն դրամ։
Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ ռուսական վարկային այս կապիտալի ազդեցությունը շինարարության ոլորտի աճի ցուցանիշների վրա չի կարող երկարաժամկետ լինել։ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Դրանով կավարտվի նաև ռուսական կապիտալի ազդեցությունը շինարարության ոլորտի զարգացումների վրա, ինչը տարեսկզբին էապես նպաստել է բարձր աճի ապահովմանը։
Այս տարվա սկզբին պակաս ակտիվ չեն եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական ներդրումային բանկը։ Ֆինանսական այս կառույցների կողմից իրականացվող վարկային ծրագրերով ներարկումները մի դեպքում ավելացել են՝ 2,2, մյուս դեպքում` 2,4 անգամ։ Թեև, ի տարբերություն ռուսականի, ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ Եվրոպական ներդրումային բանկի վարկերի հաշվին կատարված շինարարական աշխատանքների գումարը համեմատաբար ավելի փոքր է եղել. 1 մլրդ դրամի ֆինանսական ներարկում է արվել ՀԲ, և շուրջ 580 միլիոնի` Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներից։
Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարվա սկզբին իրականացված շինարարական աշխատանքներում մեծ է կազմակերպությունների մասնակցությունը. 25 մլրդ դրամից 13 միլիարդը կազմակերպությունների միջոցներ են։ Չնայած պաշտոնական վիճակագրությունն այս տարի արձանագրել է դրանց կողմից կատարված շինարարական աշխատանքների 4 տոկոս ավելացում, այնուհանդերձ նույն Վիճակագրական ծառայության նախորդ տարվա հրապարակումներն այլ բան են ասում։ Դրանց համաձայն, ոչ միայն աճ չի եղել, այլև մի փոքր նվազում կա։
Թե ո՞րն է այս տարբերության գաղտնիքը, հավանաբար կիմանա Վիճծառայությունը։ Մի բան փաստ է, որ վերջին շրջանում նման անհամապատասխանություններ հաճախ են հանդիպում։
Շարունակել են նվազել ոլորտում իրականացվող օտարերկրյա կապիտալի ուղղակի հոսքերը։ Խոսքը ոչ թե վարկերի, այլ ներդրումների մասին է։ Տարեսկզբի երկու ամիսներին դրանք պակասել են ավելի քան 34 տոկոսով։
Սա ևս մեկ ազդակ է, որ Հայաստանի տնտեսությանն առայժմ չի սպառնում Նիկոլ Փաշինյանի խոստացած ներդրումային բումը։
Ըստ էության, բավարար հիմքեր չկան խոսելու նաև շինարարության բումի մասին։ Ընդհակառակը, շինարարությունն ակտիվացնելու կառավարության քայլերը երբեմն խիստ ռիսկային են և կարող են հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել՝ ինչպես ընդհանրապես ոլորտի, այնպես էլ՝ շուկայի մասնակիցների համար։
Մի բան փաստ է, որ առանց տնտեսական իրավիճակի բարելավման և հասարակության իրական եկամուտների ավելացման՝ արհեստական միջամտությունների միջոցով միամտություն է շինարարության մեջ երկարատև աճ, առավել ևս` բում ակնկալել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ