Հավատա՞մ, թե՞ չէ
Եթե նկատել եք՝ տնտեսական թեմաներով գրող լրագրողներս ողբի պես մի բան ենք կապել։ Հատկապես նրանք, ովքեր մեծամտություն ունեն տնտեսական մեկնաբան կոչվելու։ Պատճառը շատ պարզ է։ Բայց անհավատալի։ Արդեն տևական ժամանակ տնտեսության մասին նույնիսկ խոստումների մակարդակի որևէ լուր ու փաստ գտնել հնարավոր չէ։ Ո՛չ հարկային, ո՛չ մաքսային կառույցները, ո՛չ ֆինանսների պատասխատուները, ո՛չ վիճակագիրները տնտեսական տեղեկատվություն չեն հրապարակում։
Իսկ տնտեսության մասնավոր հատվածի լուրերը կամ քրեական քրոնիկոն են (ինչպես, օրինակ, «Սպայկայի» պարագային), կամ էլ՝ «Հավատում եմ, չեմ հավատում» մանկապատանեկան թղթախաղն են հիշեցնում: Ինչպես, օրինակ, նույն «Սպայկայի» պարագային, երբ փորձագետի կերպար ու կեցվածք որդեգրած մարդիկ հայտարարում են, որ այս ընկերությունը գյուղմթերք կմթերի, կամ էլ հակառակը՝ չի մթերի։
Տնտեսական լրատվության ոլորտի 30-ամյա փորձիս առկայությունն անգամ որևէ նախադեպ չի հուշում։ Իսկապես աննախադեպ իրավիճակ է։ Ուստի տնտեսական հոդվածի փոխարեն՝ առաջարկում եմ կարդալ մի փաստաթուղթ, որ դրված է ՀՀ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում (կայքի ներքևի ձախ անկյունում)։ Այն շատ հրապուրիչ ու տարօրինակ վերնագիր ունի՝ «Պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պայմանները»։
Հեղինակը դանիացի է և մշակել ու ամփոփել է այս թեմայով կազմակերպված միջազգային գիտաժողովներում հնչած կարծիքները։ Պարզվում է, որ ամբողջ աշխարհում նույն պատկերն է՝ սպառողների մի մասը վիճակագրությունն ընկալում է՝ որպես լավ լուր, մյուս մասը՝ որպես վատ լուր։ Իսկ մնացածի համար նույն տվյալը կարող է ընկալվել ոչ տեղին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է նման հակասական վերաբերմունք ծնվել։ Որովհետև «Վիճակագրությունը շատ հաճախ օգտագործվել է ապակողմնորոշելու մարդկանց, և առկա են ոչ գիտական ու սխալ վիճակագրական մեթոդաբանության օրինակներ, որոնք միտումնաբար օգտագործվել են՝ հարմարեցնելու հատուկ քաղաքական, տնտեսական կամ այլ շահերին»:
Սա աշխարհում վաղուց են հասկացել և 1974-ից ՄԱԿ-ի մակարդակում փորձում են պայքարել դրա դեմ։ Պարզվում է, որ վիճակագրության նկատմամբ վստահության պակասը նաև այն է, որ դրանք, շեքսպիրյան բառապաշարով ասած, տարաժամ են հրապարակվում։ Իսկապես ալամ աշխարհի վիճակագիրներն արդեն հրապարակել են առաջին եռամսյակի տվյալները, ուր որ է՝ ճշգրտված տարբերակ են հրապարակում, իսկ մերոնք հպարտ լռություն են պահպանում։ Այս պահից կարող եք դադարեցնել սույն տեքստի ընթերցումը։ Որովհետև մեծ մեջբերում եմ առաջարկելու:
«Քաղաքակրթության ողջ պատմության մեջ, ցավոք, գերիշխում է պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության ցածր չափաբաժինը: Հետևաբար, ողջ աշխարհում ազգային վիճակագրական ծառայություններն ավելի կամ պակաս չափով տառապում են հանրության վստահության պակասից:
Դա նաև վերաբերում է Եվրամիության և Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության անդամ երկրների վիճակագրությանը: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ճակատագրական ծառայությունները հիմնվել են, ընդհանուր առմամբ, համաձայն հանրությանը ծառայելուն ուղղված սկզբունքներին, միևնույն է, դրանք դիտվում են որպես մենաշնորհներ` առանց այլընտրանքի կամ հանրության համար համեմատելու նպատակով մրցակցող տեղեկատվության»։
Փաստորեն վստահության պակասը համընդհանուր է։ Եվ հասարակությունը մեր վիճակագիրների հրապարակումներին չէր վստահելու։ Անգամ, եթե նրանք այլոց նման ժրաջան ու աշխատասեր լինեին։ Բայց վերջին (ու մեծ մեջբերումը) դանիացի մասնագետի զեկույցի շատ հետաքրքիր վերնագրով հատվածի ամբողջական տեքստն է։ Հիմա ըմբոշխնենք վերնագիրը. «Պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ընդհանուր պակասը»։
Ըմբոշխնեք ու կողմնորոշվեք՝ հավատա՞լ, թե՞ չէ։ Անձամբ ես գերադասում եմ ստուգել։ Ստուգել՝ մյուս տնտեսական տեղեկատվությունների հետ համադրելով։ Բայց հիմա այդ հնարավորությունից զրկված եմ։