Նա Թումանյանին «խոսեցրեց» վրացերեն… Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 120-ամյակը
Տակավին երիտասարդ, բայց արդեն իսկ գրողի անուն վաստակած Իոսեբ Գրիշաշվիլին՝ վրաց գրականության ապագա դասականը, մի առիթով խոստովանել է, որ, եթե «վրացիները ինչ-որ չափով ճանաչում են արևմտյան գրողներին, ապա բացարձակապես անտեղյակ են դրկից ժողովրդի՝ հայերի գրականությանը»։ Ասում է և առաջինը ձեռնամուխ լինում այդ բացը լրացնելու շնորհակալ գործին…
Հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը՝ վրաց ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, ակադեմիկոս Իոսեբ Գրիշաշվիլին (Մամուլաշվիլի) ծնվել է 1889 թվականի ապրիլի 24-ին Թիֆլիսում արհեստավորի ընտանիքում։ Չնայած նյութական սուղ պայմաններին՝ հայրը իր որդուն գիմնազիական կրթության է տալիս։
1904 թվականին հայրը մահանում է, և տղան ստիպված է լինում ուսումը կիսատ թողնել, և աշխատանքի անցնել ինչ-որ վաճառականի մոտ։ Շատ շուտով նա հասկանում է, որ «գիքորությունը» հեռանկար չէ իր համար և սկսում է գրաշարություն անել Թիֆլիսի տպարաններից մեկում։ Հենց այդ ժամանակ էլ տպագրվում են նրա առաջին բանաստեղծությունները։ Գրիշաշվիլու գրական գործունեության առաջին փուլը սկսվում է 1905-1906 թվականներին, երբ նա Թիֆլիսի բանվորական թաղամասերից մեկում ստեղծում է թատերական խմբակ։ Այդ խմբակում նա և՜ դերասան էր, և՜ ռեժիսոր, և՜…հեղինակ։ Այո, հենց նա է գրում իր խմբակում բեմադրվող ոդևիլները։ Այս ինքնագործ թատրոնում որոշակի փորձ ձեռք բերելուց հետո Գրիշաշվիլին 1908 թվականին տեղափոխվում է պրոֆեսիոնալ թատրոն որպես դերասան և հուշարար։ Այստեղ նա մոտիկից ծանոթանում և մտերմանում է վրացական թատրոնի՝ այդ ժամանակ ճանաչված դերասաններից շատերի հետ։ Եվ հենց այստեղ էլ ձևավորվում է Գրիշաշվիլի գրականագետն ու բանաստեղծը։
Եթե իր գրական գործունեության վաղ շրջանում Գրիշաշվիլին հարում էր սիմվոլիզմին, ապա հետագա տարիներին նա սոցռեալիզմի վառ ներկայացուցիչներից էր։
1912-1913 թվականներին Գրիշաշվիլին թողնում է թատրոնը և զբաղվում է ժուռնալիստիկայով, աշխատանքի անցնելով Գորի քաղաքում նորերս բացված «Քարթլի» թերթի խմբագրությունում՝ գրչակից ունենալով վրաց գրականության դասականներ Վաժա Փշավելային, Շիո Արագվիսպիրելուն և այլ ճանաչված գրողների։
Թեև Գրիշաշվիլին տպագրվել սկսել է 1904 թվականից, նրա երկերի առաջին ժողովածուն լույս է տեսել 1914 թվականին, իսկ երկրորդ ժողովածուն՝ ութ տարի հետո։ Նրա բազմաթիվ երկեր լայնորեն տարածված էին ժողովրդի մեջ, և հաճախ ընկալում էին իբրև ժողովրդական գործեր։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Գրիշաշվիլին դառնում է վերածնվող Վրաստանի նվիրյալ երգիչը։ Նա այդպիսին էլ մնում է իր ողջ ստեղծագործական կյանքում։ Այդ շրջանի նրա լավագույն գործերից են «Նոր Քութաիսին», «Սամգորի», «Փառք առաջնորդին», «Հրաժեշտ հին Թիֆլիսին», «Նոր Թբիլիսի», «Վրացական առաջին ավտոմեքենան» և այլն։
Հայրենական պատերազմի տարիներին Գրիշաշվիլու տաղանդը փայլեց նոր ուժով։ Հայրենիքին, նրա քաջարի զինվորներին, երկրի հերոս քաղաքներին նվիրված նրա բանաստեղծությունները խորհրդային պոեզիայի լավագույն նմուշներից են, և ոգևորում էին ռազմաճակատում կռվող զինվորներին։
… Ի՞նչ վրացի, եթե Ստալինին չի գովերգում։ Որպես իսկական վրաց բանաստեղծ՝ Իոսեբ Գրիշաշվիլին բավականին շատ է գրել իր մեծ անվանակցի մասին։ Նա անգամ Վրացական ԽՍՀ 25- ամյակի կապակցությամբ լույս է ընծայում «Քեզ գովերգել չեմ դադարի» ժողովածուն, որն ամբողջությամբ նվիրված էր Իոսիֆ Ստալինին։ Դե, առաջնորդն էլ պարտքի տակ չի մնում։ 1950 թվականին «Հատընտիր» ժողովածուի համար Գրիշաշվիլուն շնորհվում է Ստալինյան մրցանակ։
Գրիշաշվիլին իրավամբ համարվում է վրաց գրականության և թատրոնի պատմության լավագույն գիտակներից մեկը։ Նա բազմաթիվ հետազոտական աշխատանքներ է հրապարակել՝ նվիրված վրաց-ռուսական, վրաց-ուկրաինական, վրաց -հայկական մշակութային կապերին։ Հայերիս համար առավել ուշագրավ են նրա այն աշխատությունները, որոնք նվիրված են հայ-վրացական մշակութային կապերին։
Անդրադառնանք Գրիշաշվիլու հայագիտական գործունեությանը… Վերը նշեցինք, որ Գրիշաշվիլու գործերի առաջին հատորը լույս է տեսել 1914-ին, իսկ երկրորդը՝ 1922 թվականին։ Դրանց արանքում, 1918 թվականին լույս է տեսել Սայաթ-Նովայի վրացերեն խաղերի ժողովածուն, որը կազմել և առաջաբանը գրել էր Իոսեբ Գրիշաշվիլին։ Ասենք, որ այդ գիրքը ստեղծելու գաղափարը ծագել է 1914 թվականի մայիսին՝ սայաթնովյան առաջին Վարդատոնի օրը։
Այդ հանդիսությանը ներկա գտնված վրաց ճանաչված բանաստեղծներ Կոտե Մաղաշվիլին, Իլիա և Նինո Նակաշիձեները և Իոսեբ Իմեդաշվիլին դիմում են իրենց կրտսեր գրչակից ընկերոջը՝ Իոսեբ Գրիշաշվիլուն ձեռնամուխ լինել մեծ բանաստեղծի գործերի հրատարակմանը։ Երեք տարի Գրիշաշվիլին հսկայական գրականագիտական աշխատանք է կատարում։ Սայաթ-Նովայի գործերը լայնորեն տարածված էին ժողովրդի մեջ։
Անհրաժեշտ էր դրանք ի մի բերել, վրացերեն խաղերն անջատել հայերեն և մյուս լեզուներով գրվածներից։ Եվ 1918 թվականի վերջերին նա վրաց ընթերցողի դատին է հանձնում Սայաթ-Նովայի վրացերեն երկերի ժողովածուն, որում ընդգրկված էին 30 խաղ և մի առաջաբան։ Այդ առաջաբանը, ըստ էության, վրացերեն լեզվով Սայաթ-Նովայի մասին գրված առաջին գիտական հետազոտությունն էր։
Դրանով հիմք էր դրվում վրաց սայաթնովագիտությանը։ Տարիներ անց ակադեմիկոս-բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլին նորից է անդրադառնում Սայաթ-Նովայի ստեղծագործություններին՝ գրելով ստվարածավալ մի մենագրություն։
«Արմենպրես»-ի վկայությամբ, տարիներ անց Իոսեբ Գրիշաշվիլին գրում է «…Ահա այսպես եղբայրացրեց Սայաթ-Նովան ինձ ու Թումանյանին»։ Այդ հանգամանքը մեծապես նպաստեց Թումանյանի գործերը վրաց ընթերցողի սեփականությունը դարձնելուն։ Գրիշաշվիլին ձեռնամուխ է լինում Մեծ լոռեցու գործերի թարգմանությանը։ Նրան այդ գործում մեծապես օգնում է Գևորգ Բաշինջաղյանը։ Գրիշաշվիլին որքան էլ շտապում է գրքի հրատարակությունն արագացնել, դա նրան չի հաջողվում։
Վրացերեն լեզվով Թումանյանը «խոսեց» իր մահվանից մեկ տարի անց՝ 1924 թվականին։ Թումանյանի գործերի այդ ժողովածուն հետագայում վերահրատարակվել է ևս երեք անգամ՝ 1932, 1948 և 1956 թվականներին։ Արժե հիշատակել, որ Գրիշաշվիլին, Թումանյանի երկերից բացի, թարգմանել է նաև Ալեքսանդր Շիրվանզադեի գործերից։
Միայն Գրիշաշվիլին չէր, որ հետաքրքրվեց Թումանյանի ստեղծագործություններով։ Տարբեր տարիներին տարբեր առիթներով նրանցով հետաքրքրվել են վրաց ճանաչված բանաստեղծներ և գրականագետներ Գիորգի Լեոնիձեն, Ալեքսանդրե Աբաշելին, Պաոլո Յաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Սիմոն Չիքովանին, Վասո Գորգաձեն, Սիկո Փաշալաշվիլն և այլոք, ովքեր կամ թարգմանել են նրա գործերը, կամ էլ ուսումնասիրություններ գրել դրանց վերաբերյալ։
Խոսելով Գրիշաշվիլու՝ հայ-վրացական գրական կապերի զարգացմանը միտված գործունեության մասին, չեմ կարող չհիշատակել նրա «Հին Թիֆլիսի գրական բոհեմը» հույժ արժեքավոր գրականագիտական ուսումնասիրությունը։ Այդ գրքում Գրիշաշվիլին բավականին հանգամանալի խոսել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին Թիֆլիսում ապրող և ստեղծագործող աշուղների մասին։
Դրանք երկու տասնյակից ավելի էին։ Քանի որ աշուղական մշակույթը վրացիների մոտ ոչ միայն զարգացած չէր, այլ, կարծում եմ, ընդհանրապես գոյություն չուներ, համարձակորեն կարելի է ենթադրել, որ այդ աշուղներն ազգությամբ հայեր էին, բայց, ինչպես ընդունված էր, գրում էին վրացերեն։ Այդ հիրավի արժեքավոր գրքին ծանոթացել եմ տակավին հիսուն տարի առաջ, երբ պատրաստվում էի ասպիրանտական քննությունների։
Երջանկահիշատակ վրացագետ Պարույր Մուրադյանի հորդորով ես սկսեցի թարգմանել այդ «աշուղական հանրագիտարանը»։ Եվ Թբիլիսիում արդեն պայմանավորվել էի բանաստեղծ Սուրեն Ավչյանի հետ, որ նա թարգմաներ այդ «Բոհեմում» ներկայացված աշուղների գործերը։ Ափսոս, այն ժամանակ այդ գործը գլուխ չեկավ ինձնից անկախ պատճառներով… Իսկ մենք կարող էինք այսօր ունենալ հայ աշուղների մասին վրաց ակադեմիկոս գրականագետի հեղինակած գործը՝ հայերեն։
Գրիշաշվիլին, հիրավի, մեծ բանաստեղծ էր, ճանաչված ու սիրելի։ Նա բազմաթիվ պարգևների ու կոչումների էր արժանացել։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, Վրաստանի ժողովրդական բանաստեղծ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Իսկ գրական-ստեղծագործական գործունեության 40-ամյակի կապակցությամբ 1944 թվականին պարգևատրվել էր Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Իոսեբ Գրիշաշվիլին իր մահկանացուն կնքել է 1965 թվականի օգոստոսի 3-ին՝ 76 տարեկան հասակում։ Նա թաղված է Թբիլիսիի Մթածմինդայում ( Սուրբ լեռ)։ (Ասենք, որ դա վրացիների համար նույնն է, ինչ հայերիս համար Կոմիտասի անվան Պանթեոնը)։ Գրիշաշվիլու անունով է անվանակոչվել Թբիլիսիի Խարփուխ թաղամասի այն փողոցը, որտեղ երկար տարիներ ապրել է բանաստեղծը։
Լևոն Ազրոյան