Բաժիններ՝

«Նախարարությունը գտնվում է միաձուլման գործընթացում, բայց նույնիսկ այս պարագայում մենք շատ ակտիվ աշխատում ենք». Գեղամ Գևորգյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ կրճատվող նախարարության աշխատակիցները շարունակում են աշխատել այնպես, ինչպես նախկինում են աշխատել։ Նա նույնիսկ շնորհակալություն  հայտնեց նրանց՝ ակտիվ աշխատելու և մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար։

«Նախարարությունը գտնվում է միաձուլման գործընթացում, բայց նույնիսկ այս պարագայում մենք շատ ակտիվ աշխատում ենք, իրականացնում մեր պարտականությունները, որի շնորհիվ կյանքի ենք կոչում բոլոր ծրագրերը, այս ծրագրերի կյանքի կոչվելը որևէ կապ չունի իմ անձի հետ, սա թիմի աշխատանք է և նրանց աշխատանքի արդյունքը։ Հոկտեմբերից մինչև այսօր վեց ամսվա ընթացքում ամբողջ նախարարությունը, որը գտնվում էր միաձուլման գործընթացում, առաջին հայացքից պետք է թվար, թե այդ մարդիկ չպետք է աշխատանք իրականացնեին, բայց ի պատիվ իրենց՝ պետք է ասեմ, որ լրջագույն աշխատանք են կատարել, և այս ամբողջ ծրագրերը կամ ռազմավարությունն իրենց շնորհիվ է։

Մենք կարողացել ենք մինչև դեկտեմբեր տալ 12 տարվա ծրագիր, հստակ քայլերով, ժամանակացույցով։ Կարողացել ենք 11 ծրագիր կամ մշակել, կամ վերամշակել, հիմա այս նախարարությունն արդյո՞ք վատ է աշխատել, կարծում եմ՝ ոչ, բայց այն գտնվում է միաձուլման ներքո։ Շեշտադրումը պետք է դնել նրա վրա, թե ինչպես կաշխատենք մենք։ Եթե լիներ հինգ գյուղատնտեսության նախարարություն, բայց հինգն էլ վատ աշխատեին, արդյունքը գոհացուցիչ չէր լինելու, հիմա պետք է  այնպես անենք, որ ժողովրդի սպասելիքներն արդարացնենք»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է կրճատվող աշխատակիցների քանակին, Գեղամ Գևորգյանն ասաց, որ նրանց թվաքանակի հետ կապված որևէ տեղեկություն չունի։

«Կառավարությունում գուցե նման տվյալներ լինի, անձամբ իմ ձեռքի տակ չունեմ։ Բայց ընդհանրապես կրճատման խնդիր դրված չէ, որովհետև առաջին փուլով մարդկանց թվաքանակը գումարվելու է իրար։ Կարող է՝ մեկ-երկու, գուցե՝ հինգ վարչության, որոնք իրականացնում են նույնանման գործառույթներ, ուղղակի ղեկավարների մեկ հաստիք պետք է լինի, բանականաբար, կասդերի բաժինը չի կարող հինգ պետ ունենալ։ Դրա համար այստեղ կրճատումների մասին խոսք չի գնում»,- եզրափակեց Գեղամ Գևորգյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս