Արտյոմ Ծառուկյանը՝ ցեմենտի թանկացման ու «Արարատցեմենտի» աշխատակիցների բողոքի ակցիայի մասին
Օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին և հավանության արժանացան «Պետական տուրքի» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները, որը, ինչպես այդ ժամանակ ներկայացվեց հանձնաժողովում, պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը:
Սակայն դրանից հետո «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները ծանուցումներ ստացան՝ 2 ամսից աշխատանքից ազատման մասին:
Հիշեցնենք, որ նախագծով կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Ծառուկյանը պարզաբանեց, թե ինչն է խնդրահարույց ներկայացված օրինագծում:
Ըստ նրա՝ արտերկրից ցեմենտի ներկրման վրա տուրք սահմանվում է, սակայն հանձնաժողովի նիստում պատգամավորների առաջարկով հանվել է տուրքը ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից, իսկ իրանական կլինկերը անհամեմատ էժան է և դրա հետևանքով տեղական արտադրողները տուժելու են:
«Ցեմենտի արտադրությունում կլինկերի ստացումը ընդհանուրի 85-90%-ն է կազմում: Խնդիրն այն է, որ Իրանում էներգակիրները էժան են, պետությունը ցեմենտ արտադրողներին սուբսիդավորում է տրանսպորտային ծախսերը, մեզ մոտ էներգակիրները թանկ են և մինչև կլինկեր սանալը արդեն իսկ ինքնարժեքը բարձր է, և իրանական այն գինը, որ մեզ առաջարկվում է սահմանին, մեր կլինկերի հետ մրցունակ չի: Եվ մենք իրոք լուրջ խնդրի առաջ ենք կանգնում, նշանակում է, որ աշխատողների 85-90%-ը ուղղակի պետք է աշխատանքից ազատվի, եթե ներմուծված կլինկերով ենք աշխատում»,- ասաց Ա.Ծառուկյանը:
«Արարատցեմենտի» աշխատակիցների բողոքի վերաբերյալ պատգամավորը հորդորեց սպասել՝ մինչև կքննարկեն խնդիրը, կծանոթանան մանրամասներին, ապա միայն կմեկնաբանեն: