«Արսենալ»-«Նապոլի». շատ ծանր հանդիպում լոնդոնցիների համար
Եվրոպա լիգան վերադառնում է: Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Արսենալն» ընդունելու է «Նապոլիին»:
«Արսենալ»
«Արսենալը» բավականին հանգիստ դուրս եկավ խմբից, չպարտվեց ոչ մի խաղում, և ոչ մի մրցակից այդպես էլ չկարողացավ մրցակցություն ստեղծել Ունայի Էմերիի թիմի համար: Միայն «Սպորտինգն» էր, որ պայքարեց և կարողացավ խլել միավորներ լոնդոնյան թիմից՝ գոլազուրկ ոչ-ոքիի միջոցով:
Լոնդոնյան թիմի հաջորդ մրցակիցը ԲԱՏԷ-ն էր, ով առաջին խաղում կարողացավ անակնկալ հաղթանակ տոնել: Սակայն երկրորդ խաղում լոնդոնյան ակումբը կարողացավ լավ խաղ ցուցադրել և հաղթել 3:0 հաշվով:
Եվրոպա լիգայի նախորդ փուլում «զինագործները» նույնպես դժվարություններ ունեին: Նրանք 1:3 հաշվով պարտվեցին «Ռենին», բայց կարողացան ռևանշ վերցնել տանը՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ:
Այս մրցաշրջանում «Արսենալը» հիասթափեցրեց իր երկրպագուներին, երբ լքեց Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև մի շարք անհաջողություններ կրեց առաջնությունում: Չնայած այս ամենին, լոնդոնյան ակումբը բարելավել է խաղը և պայքարում է Պրեմիեր լիգայում 4-րդ հորիզոնականի համար: Այս պահին Ունայի Էմերիի թիմը 5-րդն է: 3-րդ հորիզնականից «Արսենալին» բաժանում է 3 միավոր, 4-րդ հորիզոնականից՝ 1 միավոր: Լոնդոնցիներից 2 միավոր քիչ ունի «Մանչեսթեր Յունայթեդը»: Պետք է նշել նաև, որ 3-րդ հորիզոնականը գրավող «Չելսին» մոտակա մրցակիցներից մեկ խաղ ավելի է անցկացրել:
«Արսենալը» վերջին տուրում 0:1 հաշվով պարտվեց «Էվերթոնին»: Սա առաջին պարտություն էր Պրեմիեր լիգայի վերջին 7 խաղերում:
Ունայի Էմերիի թիմի առավելություններից մեկը սեփական հարկի տակ հրաշալի հանդես գալն է: Տանը լոնդոնցիները գրեթե անպարտելի են:
Այս խաղին չեն մասնակցի Հեկտոր Բելլերինը, Դենի Ուելբեքը և Ռոբ Հոլդինգը: Հարցականի տակ է Գրանիտ Ջակայի և Լորան Կոսյելնիի մասնակցությունը:
«Նապոլի»
«Նապոլին» չկարողացավ պայքարել երկու ճակատով: Մինչ թիմը պայքարում էր Չեմպիոնների լիգայի «մահվան խմբում», «Յուվենթուսն» աստիճանաբար դուրս եկավ առաջատարի դիրք և ապահովեց միավորների այնպիսի տարբերություն, որ թուրինցիներին հասնելը Կարլո Անչելոտիի սաների համար գրեթե անիրական է:
Այս պահին ակումբների միջև տարբերությունը 20 միավոր է, և այլևս անիմաստ է խոսել ինտրիգի մասին: Այնուամենայնիվ, Կարլո Անչելոտիի թիմը վստահորեն պահում է երկրորդ հորիզոնականը, որը զիջելու տարբերակ գրեթե չկա:
Առաջնության վերջին տուրում «Նապոլին» չկարողացավ սեփական դաշտում հաղթել «Ժենովային», որը 28-րդ րոպեից խաղում էր փոքրամասնությամբ: Այսպիսով, նեապոլիտանացիները կրկին առանց առաջնության հաղթանակի մնացին, սակայն, հաշվի առնելով մոտիվացիայի բացակայությունը, նման արդյունքը հազիվ թե զարմանալի լինի:
Այս հանդիպումը բաց կթողնեն Ռաուլ Ալբիոլը և Ամադու Դիավարան:
Վիճակագրություն
- «Նապոլին» երեք անգամ հանդիպել է «Արսենալի» հետ և պարտվել է այդ խաղերից միայն մեկը:
- Եվրոպա լիգայի վերջին չորս խաղերում «Արսենալը» երկու պարտություն է կրել:
«Արսենալը» անցավ հաջորդ փուլ՝ հաղթելով ԲԱՏԷ-ին և «Ռենին», բայց երկու խաղերում էլ ոչ այնքան վստահ հանդես եկավ: Երկու խաղերում էլ լոնդոնցիները պարտվեցին մրցակցի դաշտում և դուրս եկան դժվարությունից սեփական հարկի տակ:
«Նապոլին» նույնպես պարտվեց Զալցբուրգում, սակայն դա տեղի ունեցավ տնային խոշոր հաղթանակից հետո: Իսկ առաջնությունում ձախողումները, ինչպես նշեցինք, պետք է վերագրվեն մոտիվացիայի պակասին:
Ի տարբերություն «Արսենալի», որը պայքարում է Պրեմիեր Լիգայում՝ Չեմպիոնների լիգայի գոտու համար, նեապոլիտանացիների համար Եվրոպայի լիգան միակ մրցաշարն է: Թիմը շեշտը դրել է հենց այս առաջնության վրա: Անչելոտիի թիմը լավ է գործում հարձակման գծում և ամբողջ խաղի ընթացքում ավելի հզոր է գործում, քան «Արսենալը», ուստի լոնդոնցիներին շատ դժվար կլինի հաղթելը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Նապոլի» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան