Բախտաձեն ԵԽԽՎ-ում խոսել է վրաց-ադրբեջանական գործընկերության մասին

 ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ ունեցավ ու եվրապատգամավորների հարցերին պատասխանեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Մինչ այդ վրացիները երգեցին եվրոպական պալատում։ Վարչապետ Բախտաձեն նշեց, որ երգը վրացական բնավորության արտահայտումն է:

Ի դեպ, ԵԽ Նախարարների կոմիտեի հայկական նախագահության տարում էլ, 2013 թվականին, բաց հյուրասիրության ժամանակ հայկական խորովածի հոտն էր ամբողջ եվրոպական պալատով տարածվել: Եվրապատգամավորները խորովածի համի մասին մինչև այսօր հիշում ու պատմում են:

Վրացի վարչապետն իր խոսքում անդրադարձավ իր երկրի զարգացման ընթացքին, վեհաժողովականներին պատասխանելիս խոսեց վրաց-ադրբեջանական գործընկերության մասին, ասաց՝ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, խոսեց նաև Կասպից ծովի բոլոր ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու հնարավորության մասին:

Մ. Բախտաձեն հանդիպեց ԵԽ ղեկավարության հետ:

ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ համատեղ հայտարարություն եղավ, որի ընթացքում երկուստեք կարևորեցին այն հանգամանքը, որ նոյեմբերին Վրաստանը ստանձնում է ԵԽ Նախարարների խորհրդի նախագահությունը` Եվրախորհրդի 70-ամյակի տարում, երբ լրանում է նաև Վրաստանի` այդ կառույցին անդամակցության 20 տարին:

Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում ելույթ կունենա, այնուհետև վեհաժողովականների հարցերին կպատասխանի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված հեղափոխության առաջին տարեդարձին:

Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ-Երևան

Տեսանյութեր

Լրահոս