«եթե դա չհաջողվի, Փաշինյանին հեռանկարում նոր թավշյա հեղափոխություն է սպասվում»

Մեր զրուցակիցն է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն

Պարոն Կորոտչենկո, մարտի 29-ին Վիեննայում ՓաշինյանԱլիև բանակցություններից հետո ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը բավականին սուր հայտարարություններով հանդես եկավ՝ նշելով, որ հայկական կողմն անցնում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի՝ ավելացնելով գրոհային ստորաբաժանումները, ձերբազատվելով միայն պաշտպանվողի դիրքից: Հայկական կողմը վարչապետի մակարդակով նշում է նաև, որ տարածաշրջանի ժողովուրդներին հարկավոր է նախապատրաստել խաղաղության: Սակայն հայկական կողմը Վիեննայի հանդիպումից հետո փոխել է շեշտադրումները: Սա ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս կանդրադառնա հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա:

– Հռետորաբանության սրացում այլ մակարդակում արդեն եղել էր վերջին կես տարվա ընթացքում` մինչ Վիեննայի հանդիպումը: Ամեն դեպքում, մի շարք հայ վերլուծաբաններ, այս դեպքում՝ ոչ այնքան կապ ունեցող ՀՀ ՊՆ-ի հետ, որոնք այնուամենայնիվ զբաղվում են ոլորտով, վերլուծում են իրավիճակը, հայտարարություններ էին անում, որ հարկավոր է փոխել ՀՀ ռազմական ռազմավարությունը` անցում կատարելով ավելի հարձակողական բնույթի գործողությունների՝ հնարավորության դեպքում հասցնելով կանխարգելիչ հարվածներ: Այսպիսի դիրքորոշումներ հստակորեն հնչում էին Հայաստանից, ավելին՝ կային հայ փորձագետներ, ովքեր Ռուսաստանում այդ ամենը հնչեցնում էին, Երևանում մի շարք կլոր սեղանների և ֆորումների էին նաև մասնակցում: Տեսնում ենք, որ տեղեկատվական նախապատրաստությունից կես տարի անց, փաստորեն, դա դառնում է Երևանի պաշտոնական ռազմական դոկտրինը:

Ակնհայտ է, որ դա պատահական չէ, քանի որ հասկանալի է, որ փորձագետները չեն որոշում երկրի դիրքորոշումը նման կարևոր հարցերում և այդ ոլորտում, այլ՝ ՀՀ ՊՆ-ն, քաղաքական և ռազմական գործիչները: Ուստի ես հասկանում եմ, որ սա տեղեկատվական նախապատրաստություն էր նրա համար, որ լինելու են փոփոխություններ ՀՀ դիրքորոշումներում: Այն, որ դա հնչել է անմիջապես բանակցություններից հետո, իրականում մտածելու լուրջ առիթ է:

Ամեն դեպքում արձանագրենք նաև, որ Փաշինյանն աջակցել է, չի հերքել այդ դիրքորոշումը, որը խոսում է այն մասին, որ դա դառնում է ՀՀ նոր ռազմական դոկտրինը ապագա պատերազմների դեպքում, հայտարարվում է, որ նոր պատերազմի դեպքում նոր տարածքներ է պատրաստվում գրավել: Մեկ ամիս առաջ ՀՀ ԱԱԾ ղեկավար Վանեցյանն ասել էր, որ Հայաստանը գործունեություն պետք է ծավալի, բնակեցնի 7 շրջանները, որոնք վերցվել էին ՀՀ ԶՈՒ-ի կողմից 1990-ական թթ. ռազմական գործողությունների ընթացքում: Սա անցում է պաշտպանական դոկտրինից հարձակողականի, որն ագրեսիվ դիրքորոշում է:

Մենք հստակ չենք կարող ասել, թե ինչու Վիեննայից հետո. միայն կարող ենք գուշակել: Սա նշանակում է, որ Փաշինյանը գոհ չէ Վիեննայի բանակցությունների արդյունքներից, նա գոհ չէ ձևաչափից, ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումից, որ բանակցություններն ամեն դեպքում պետք է վարեն Հայաստանը և Ադրբեջանը, դա չի գոհացնում ներկայիս Երևանին: Ակնհայտ է, որ Տոնոյանի հայտարարություններն արվեցին՝ ելնելով նաև ներքաղաքական զարգացումներից: Վստահ եմ, որ դա համաձայնեցված էր Փաշինյանի հետ, քանի որ քաղաքական գործիչներն են ղեկավարում, ուղղորդում ռազմական գործիչներին, որոնք չեն կարող արտահայտել իրենց սեփական դիրքորոշումը, որը հակասում է երկրի առաջին դեմքի դիրքորոշմանը: Սա նոր մոտեցում է:

Ինչպե՞ս եք այն գնահատում:

– Ակնհայտ է, որ սա վերլուծվելու է ոչ միայն Բաքվում, այլև եվրոպական մայրաքաղաքներում` ԱՄՆ-ում, Եվրոպայում: Կարծում եմ, որ դա օգտակար չէ Հայաստանի համար, որովհետև նմանատիպ հայտարարություններն օգտագործվելու են ՀՀ-ի դեմ: ՀՀ ներկայիս իշխանությունն իրեն շարունակում է պահել այնպես, ինչպես Իսրայելի ղեկավարությունը, բայց մենք տեսնում ենք, որ Իսրայելի ներուժը՝ համեմատ հարևանների, մեծ է, իսկ այս դեպքում մենք տարածաշրջանում տեսնում ենք ուժերի հավասարակշռություն, հատկապես, երբ Ադրբեջանը էական ռազմական գնումներ է կատարել վերջին տարիներին:

Ապրիլյան պատերազմի առաջին մի քանի օրերի ընթացքում, ամեն դեպքում, Ադրբեջանը ռազմական հաջողություններ գրանցեց, ես նշեմ, որ քաղաքական մեկնաբանություն չեմ անում, այլ անում եմ մաքուր ռազմական ներուժի մասին մեկնաբանություն, որ Ադրբեջանի հնարավորություններն ավելի մեծ էին, քան Հայաստանի դեպքում, այլապես շփման գծում իրավիճակ չէր փոխվի: Ադրբեջանի ներուժն ավելի մեծ էր, քան ՀՀ ԶՈՒ-ի, դա փաստ է:

Պարոն Կորոտչենկո, բանակցային գործընթացում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետը պահանջում է Արցախի մասնակցություն, որը բանակցային ձևաչափի վերականգնում է, ինչին դեմ են Ադրբեջանն ու Մինսկի խումբը: Այս իրավիճակում շատ են խոսակցությունները պատերազմական սցենարի հավանականության մասին: Դուք ի՞նչ եք կարծում:

– Պատերազմի հավանականությունը բարձր է, դա օբյեկտիվ իրավիճակ է, քանի որ կա հակամարտություն, այն կարգավորված չէ, նոր պատերազմը շատ հնարավոր է: Ինչ վերաբերում է Երևանի պահանջներին, որպեսզի ԼՂՀ ներկայացուցիչները լինեն բանակցային սեղանին, դա նոր պահանջ է, բնական է, որ Բաքուն դա չի ընդունի, միջնորդները հստակ ասացին, որ կողմերը պետք է որոշեն բանակցային ձևաչափը, աջակցեցին Ադրբեջանի դիրքորոշմանը, որ բանակցությունները վարում են Երևանն ու Բաքուն: Ուստի այդ պահանջն անիրականանալի է: Բայց լավ է, երբ երկու ղեկավարները հանդիպում են, շփվում են, ԱԳ նախարարները` ևս, դա լավ է, բայց որքան է ձգվելու այդ իրավիճակը, երբ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակ է, հստակ չեմ կարող ասել:

Ռուսաստանը հակամարտության քաղաքական, դիվանագիտական լուծման կողմնակիցն է: Որևէ փորձագետ Ռուսաստանում պատերազմի օգտին հանդես չի գալիս: Բայց երբ կողմերի միջև չկան պայմանավորվածություններ, ապա պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է:

Վերադառնալով ռազմական դոկտրինի փոփոխությանը՝ ասեմ, որ այն փոխելու որոշումը տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել: Պարոն Փաշինյանը լավ հասկանում է, որ մեկ-երկու տարի անց ՀՀ բնակչությունը կցանկանա տեսնել, զգալ կոնկրետ պտուղներ նրա իշխանությունից` նյութական վիճակի բարելավում, աշխատավարձերի բարձրացում, ներդրումների ակտիվացում, որպեսզի աշխատի տնտեսությունը, որպեսզի մարդիկ ավելի լավ ապրեն: Եթե դա չհաջողվի, Փաշինյանին հեռանկարում նոր թավշյա հեղափոխություն է սպասվում: Դժգոհ հատվածը կմեծանա, հասարակության տրամադրությունները փոխվում են, ներկայումս մեծ հեղինակություն է վայելում Փաշինյանը, ձևավորել է իրեն ենթակա ԱԺ և Կառավարություն:

Եթե չլինի տնտեսական վիճակի բարելավում, իրեն սպասվում է Սարգսյանի ճակատագիրը: Ուստի կա խնդիր` ինչպես շեղել հասարակության ուշադրությունը, երբ չկան տնտեսական հաջողություններ, դեպի ուր ուղղորդել հասարակության դժգոհությունը:

Սա որոշակի առումով կարող է նախապատրաստություն լինել ուկրաինական սցենարով, երբ Պորոշենկոն հասարակության ողջ ուշադրությունն ուղղում էր արտաքին թշնամու դեմ: Ակնհայտ է, որ հնարավոր է՝ դա տարբերակներից մեկն է. Պատերազմը՝ որպես իշխանություն պահելու միջոց, որպես քաղտեխնոլոգիա: Ընդգծում եմ, որ հնարավոր է: Հնարավոր է` այդ տրամաբանությունը սխալ է: Մենք Հայաստանին բարգավաճում ենք ցանկանում, բայց հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է իրականացնել այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսում է, այստեղ շատ հարցեր կան:

Իմ նկատառումներով՝ նա վարվում է այնպես, ինչպես նախկինում իշխող ուժը:

Իշխանությունը փոխվել է, թվում է՝ ժողովրդավարական կարգախոսներ են, բայց ավտորիտար մոտեցումներ են, իշխանության կտրուկ որոշումներ, որը ոչնչով չի զիջում Սարգսյանի քաղաքականությանը: Այնուամենայնիվ, թող հաջողվի հրաշք իրականացնել, թեև հրաշքներ չեն լինում: Բայց մենք հաջողություններ ենք մաղթում տնտեսական բարեփոխումներին:

Ակնհայտ է նաև, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի նկատմամբ, նկատի ունեմ էներգակիրների գները: Եթե վարվում է բազմավեկտոր քաղաքականություն, ապա ստացեք գազ այն գնով, ինչ ստանում եք, խոսք չի կարող լինել իջեցման մասին:

Այսինքն`ներկայիս գազային բանակցություններում առավելապես քաղաքական գործոն կա՞:

– Այո, միանշանակ: Մենք տեսնում ենք ՀՀ կառավարության ճնշումը ռուսական երկաթուղիների, «Գազպրոմի» ուղղությամբ, ՀՀ-ն ՀԱՊԿ գործընկերն է, բայց «ՆԱՏՕ-ի շաբաթ» է անցկացնում: Բազմավեկտոր քաղաքականության դեպքում ՌԴ-ն չի տալու տնտեսական արտոնություններ Հայաստանին: Սա նոր իրականություն է, որում ապրում ենք, նման արտոնություններ կարող է ակնկալել, նման արտոնությունների կարող է հավակնել միայն այն գործընկերը, որը միանշանակ հիմնվում է Ռուսաստանի վրա, և ոչ՝ խոսքերով, այլ՝ իրական քաղաքականությամբ, քանի որ շատ խոսքեր են ասվում Փաշինյանի կողմից, Լուկաշենկոյի կողմից, բայց քաղաքականությունն այլ է: Ուստի ՌԴ-ն առաջնորդվում է ոչ թե խոսքերով, այլ պրակտիկ գործողություններով:

Սա կարող է մեկնաբանվել՝ որպես քաղաքական շանտաժ:

– Սա շանտաժ չէ, սրանք իրողություններ են:

Տեսանյութեր

Լրահոս