Բաժիններ՝

«Ես չեմ էլ խնդրել, որ ինձ այս պաշտոնը տան… Սպասել են, որ ես հեռանամ, իսկ նման բան չի լինի». Կոնստանտին Օրբելյան

Օպերայի և բալետի ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը չի պատրաստվում հեռանալ թատրոնից:

«Կարծես թե անհասկանալի իրավիճակ է հիմա: Չգիտես ինչու՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես ոչ լեգիտիմ կերպով եմ նշանակվել տնօրենի պաշտոնում, ու այս մասին Մշակույթի նախարարությունը, 8-9 ամիս է, խոսում է: Դա իմ խնդիրը չէ: Ասում են, որ ինձ ոչ լեգիտիմ կերպով պաշտոնի նշանակել է նախարարությունը, Արմեն Ամիրյանը: Հետևաբար՝ իրենց խնդիրն ինձ հետ չէ: Թող դատարան դիմեն ու այնտեղ որոշեն՝ դա եղել է լեգիտի՞մ նշանակում, թե՞ ոչ: Ես ոչ ոքի չեմ խնդրել, որ ինձ լավություն անեն, այն էլ՝ անօրինական կերպով: Ինձ դա պետք չէր: Ես չեմ էլ խնդրել, որ ինձ այս պաշտոնը տան: Հետևաբար՝ այստեղ մի փոքր միմյանց չհասկանալու և վատ խորհրդատուներ ունենալու խնդիրը կա: Ավելին, եթե անօրինական բան լիներ, ապա ինձ 9 ամիս առաջ կազատեին աշխատանքից: Սպասել են, որ ես հեռանամ, իսկ նման բան չի լինի: Իմ այդ քայլը ես ինչպե՞ս եմ բացատրելու աշխատակազմին: Ես չեմ կարող թատրոնին դավաճանել, ինձ վստահող մարդկանց՝ նույնպես: Կա՛մ թող ինձ հեռացնեն, կա՛մ հանգիստ թողնեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Նա նշեց, որ այստեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

«Պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ ինֆորմացիա են հաղորդել: Ինձ քաղաքականությունը հետաքրքիր չէ, կարևորը Հայաստանի ու Օպերային թատրոնի բարգավաճումն է: Նշեմ նաև, որ ինձ աշխատանքից հեռացնելու որոշման արդյունքում Օպերային թատրոնը լավ գովազդվեց: Այնպես որ, ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ Երևանում կա Օպերային թատրոն, այնտեղ են Օրբելյանն ու հրաշալի երգիչներ: Ինձ անընդհատ հարցնում են, թե ի՞նչ աշխատանքներ ենք կատարում, ավելին, ամբողջ աշխարհի լրագրողներն են ուզում գալ Հայաստան»,- հավելեց Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Կարդացեք նաև

Կոնստանտին Օրբելյանն ընդգծեց, որ ամեն ինչ բարդ է, բայց իրենք կարողացել են գլուխ հանել. հյուրախաղեր, նոր ներկայացումներ, համապատասխան զգեստներ, դեկորացիա: Նա նշեց, որ իրենց օգնել է «Արդշինբանկը», իր ընկերները: Ամեն ինչ արել են, որ ներկայացումները լավը լինեն:

«Ներկայացումների համար Կառավարությունը գումար չի ունեցել, իսկ մեզ պետք էր նոր «Կարմեն» ու «Կախարդական սրինգ», դեկորացիա, հյուրախաղեր Դուբայ: Ի դեպ, ես տնօրեն եմ նշանակվել 2017թ. փետրվարի սկզբին, իսկ այդ ժամանակ արդեն աուդիտ էր անցկացվել, խոսքը դեկտեմբեր ամսվա մասին է, իսկ մարտին ստացել են արդյունքները: Այն եղել է 2014-2016թթ. մասով: Այնպես որ, ես տնօրենի պաշտոնում նշանակվել եմ աուդիտից հետո, իսկ խախտումները եղել են ադմինիստրատիվ բնույթի, մեղավորներն անգամ նախկին տնօրենները չեն եղել. Մշակույթի նախարարության ու Ֆինանսների նախարարության խնդիրն է  եղել»,- մանրամասնեց նա:

Կոնստանտին Օրբելյանը հայտնեց, որ հակափաստարկները ներկայացրել են վարչապետին և սպասում են, թե ինչ կլինի:

«Թատրոնը պետք է ղեկավարի գեղարվեստական ղեկավարը, նա պետք է լինի գլխավորը, ու բոլորը նրան պետք է ենթարկվեն, իսկ տնօրենը թղթեր է ստորագրում, և այլն: Ի դեպ, այսօր Նազենի Ղարիբյանից պաշտոնապես նամակ ենք ստացել այն մասին, որ բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են ինչ-որ բան գնելուն, պետք է լինեն ռուսերեն լեզվով»,- եզրափակեց Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս