«Թող որևէ մեկը չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու». Փաշինյան
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյան պարզաբանում պահանջեց գազի թանկացման վերաբերյալ: Ըստ նրա՝ երեկվանից սոցիալական ցանցերը ողողված են այդ մասին տեղեկատվությամբ, և ինքը հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին:
Վերջինս հայտարարեց, թե որպես այդպիսին՝ գազի գնի բարձրացում չի եղել, սակայն, եթե վերջին տարիներին գազի խտությունը եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում այն բարձրացել է՝ 7.9, և տնտեսվարողները պետք է ծրագրային այդ փոփոխությունն անեին, բայց չեն արել, հետևաբար՝ սպառողները ստիպված են եղել ավելի վճարել: Ըստ նրա՝ տեսչությունը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և խտություն տեղադրեն, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի վճարել:
«Բայց կներեք, ինչո՞ւ չեն մտցրել էդ ծրագիրը»,- հարցրեց Ն.Փաշինյանը՝ նաև հետաքրքրվելով, թե «Գազպրոմ Արմենիա՞ն» է մեծացրել խտությունը:
Ա.Կոտոլյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիան» ամեն օր խտության ցուցանիշ է տալիս, ԱԳԼՃԿ-ները պարտավոր են փոփոխել իրենց մոտ, և դրա համար որոշվեց կիլոգրամով կատարել վաճառքը, բայց օրենքը դեռ չի ընդունվել: Կոտոլյանի բնորոշմամբ՝ գազալցակայանները միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում են:
Փաշինյանը հարցադրում արեց՝ արդյո՞ք դա հետևանք է նրա, որ իրենք վերջին տարում փորձում են պայքարել ԱԳԼՃԿ-ներում ստվերի դեմ. «Այդպիսով՝ գազալցակայանների տերերը փորձում են պրովոկատիվ գործողություններով իրենց խելքով դժգոհություն հարուցել, կարո՞ղ է այդպիսի սցենար լինել»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հաստատեց, որ տեսականորեն կարող է այդպես լինել: Նրա խոսքով՝ գազալցակայանները 10 տարի առաջվանից հնարավորություն ունեն և՛ կիլոգրամներով, և՛ խմ-ով ցուցմունք ապահովել, և մարդկային գործոնով է պայմանավորված խտության գործակցի մուտք անելը, ինչի շնորհիվ էլ կարող էին ապահովել որոշակի ծավալների փոփոխություն:
Ն.Փաշինյանը ուշադրություն հրավիրեց, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, և դրա արդյունքում է այդպես եղել:
Նա հայտարարեց, որ որևէ գործողություն չի եղել, նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկություն կար, թե կառավարության հավանությանն արժանացած օրենքի արդյունքում է այդպես եղել, սակայն այդ օրենքը դեռևս չի էլ ընդունվել, և փորձագիտական գնահատականներով այդ օրենքը չի էլ կարող գազի գնի փոփոխության պատճառ դառնալ:
Վարչապետը նշեց, որ ինչքան ինքը վերլուծում է, ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է շատ կոշտ լինի:
«Եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են: Ես էլի ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ՝ թող որևէ մեկը մեր բարեկրթությունը չփորձի մեկնաբանել՝ որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը՝ առանց բացառության: Թող որևէ մեկը չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական եմ ասում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ Շուկայի վերահսկողության տեսչությանը, ՊԵԿ-ին և մյուս իրավասու մարմիններին հանձնարարելով շատ արագ արձագանքել, գտնել ու խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են մանիպուլյացիաներ անել:
Ն.Փաշինյանը շեշտեց, որ ստվերի դեմ պայքարում կոմպրոմիս չկա, չպետք է ՀՀ-ում լինի գազալցակայան, որ ՀԴՄ չխփի. «Եթե պետք ա էդ ճանապարհով գնալ, գազալցակայանները պետք ա ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած էդպիսի բան հնարավոր չի, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու»:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին դիմելով՝ Ն.Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ շրջանակներ միլիոններ են ծախսելու լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ն կկարողանա այս հարցում կոնկրետ արդյունքներ ապահովել:
Վարչապետը կրկին արձանագրեց, որ գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, և բոլոր թանկացումների մասին խոսակցությունները մանիպուլյացիաներ են, ու պետք է դրանց մեջ «խորանալ»:



