«Տնտեսական հեղափոխություն անելու համար Հարկային օրենսգրքում հեղափոխական փոփոխություններ են պետք». Բաբկեն Թունյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադառնալով Պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է կենսաթոշակների չափը սահմանել 25.500 դրամ, իր ելույթում նշեց, որ այդ նախագիծը սահմանում է, որ կենսաթոշակները ոչ թե 18.000 դրամից պետք է դառնան 25.500 դրամ, ինչպես իր ելույթում ասել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, այլ՝ 16.000-ից։
«Խոսքը վերաբերում է մոտավորապես 81.000 մարդու, որոնցից մոտ 17.000-ը կենսաթոշակառուներ են, 4000-ը՝ զինվորական թոշակառուներ, իսկ 60.000-ը՝ ծերության նպաստ ստացողներ։ Ընդհանուր առմամբ, բյուջեի վրա այս ռեֆորմի ծախսը կազմում է 7 մլրդ դրամ է, եթե չեմ սխալվում՝ ավելի կոնկրետ՝ 6,8 մլրդ դրամ, եթե սխալվեմ՝ Ատոմ Ջանջուղազյանը կուղղի։ Այս պահին դրանից ավելի բարձրացնելու ռեսուրս, ըստ էության, չկա, սակայն սա չի նշանակում, որ սրանով պետք է սահմանափակվենք, և, ինչպես նախորդ անգամ էի նշել, պետք է ձգտել բարձրացնելու հիմնական կենսաթոշակը և համապատասխանաբար՝ մնացած թոշակները, որպեսզի ստաժի առումով բալանսը չխախտվի»,- ասաց Բաբկեն Թունյանը։
Անդրադառնալով պետական պարտքին՝ պատգամավորը նշեց, որ համաձայն է այն կարծիքի հետ, որ պետք չէ վախենալ պետական պարտքից, քանի որ, նրա կարծիքով՝ շատ ավելի կարևոր է, թե այդ պարտքն ինչ նպատակների համար է օգտագործվում։
«Այսինքն, եթե այն ուղղվում է կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը և հետո բերելու է տնտեսական աճի, դա միանշանակ պետք է արվի։ Եթե նայենք կոռուպցիոն ռիսկերը, ճիշտ է՝ հիմա որոշ չափով կան, բայց համոզված եմ, որ էապես նվազել են, և դրա համար շատ կարևոր է քաղաքական կամքը, որովհետև, եթե մարդիկ 1-2 անգամ պատիժ կրեն, հաջորդ անգամ այդ պարտքը չեն գրպանի»,- շեշտեց Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականի վերջին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտավորապես 51,4 տոկոս, այսինքն՝ Հայաստանն այդ առումով գտնվում է թույլատրելի 60 տոկոսի շեմից ցածր: Չնայած պատգամավորը համոզված է, որ, եթե լավ ծրագրերի դեպքում 60 տոկոսը գերազանցվի, կարելի է այդ օրենքը վերանայել։
Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի նախագծին, Բաբկեն Թունյանն ասաց, որ մոտավորապես երկու ամիս անհամբեր սպասում էին այդ նախագծին, և այսօր այն վերջապես կմտնի խորհրդարան, և կսկսվեն քննարկումները։
«Քանի որ ամենաքննարկվող հարցը եկամտահարկի համահարթեցումն է, պարոն վարչապետ, համաձայն եմ այն կարծիքի հետ, որ բարձր ստացողները մեր թշնամիները չեն, և այն մեսիջին, որը երեկ հնչեցրիք, այսինքն՝ մենք հարկում ենք ոչ թե աշխատավարձը, այլ հարստությունը, ինչն ապահովում է սոցիալական ավելի մեծ արդարություն։ Սակայն համաձայն եմ իմ ընկերների հետ, որ տնտեսական հեղափոխություն անելու համար նաև հենց Հարկային օրենսգրքում հեղափոխական փոփոխություններ են պետք, որի համար էլ պետք են հեղափոխական մոտեցումներ։ Այսինքն՝ մեզ պետք են համարձակ և մտածված փոփոխություններ»,- ընդգծեց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ իշխող կուսակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ՝ երկիրը փոխելու համար.
«Ավելին ասեմ, կարծում եմ՝ընդդիմության կողմից խնդիրների առումով ավելի շատ տեղեկատվություն կարող ենք ստանալ, քան ինքներս։ Բայց իմ կողմից մեկ խնդրանք, քննադատությունները շատ լավ են, տեղին են ու անհրաժեշտ, բայց կուզեմ, որ այդ քննադատական ելույթները հնչեցնելիս՝ առաջին հերթին առաջնորդվեք ոչ թե այն մտքով, թե ֆրազները որքանով կդառնան հոդվածների հարմար վերնագրեր, այլ լինեն իսկապես հիմնավոր քննադատություններ։ Որովհետև գիտեմ, որ մարդիկ երբեմն ասում են այնպիսի բաներ, որ իրենք էլ գիտեն, որ այդպես չէ, հետո դրանով մեզ դարձնում են թիրախ»։
Զվարթ Խաչատրյան