Կառավարությունում հանդիպել են գրավատան ու տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ. եզրահանգման դեռևս չեն եկել
Կառավարությունում մարտի 22-ին քննարկում է տեղի ունեցել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:
Քննարկմանը ներկա են եղել Կենտրոնական բանկից, Ֆինանսների նախարարությունից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվելու են, քանի որ որևէ եզրահանգման դեռևս չեն եկել:
«Առաջակություններ պետք է ներկայացնենք, որպեսզի կրկին քննարկում լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Խաչատրյանը:
Հարցին՝ ո՞րն է լինելու հիմնական առաջարկը՝ սահմանված 6 միլոն պետական տուրքը նվազեցնե՞լը, Արժութային դիլերների միության նախագահը պատասխանեց.
«Այս պահին եմ կարող ասել, մեր խորհրդով պետք է հավաքվենք, որոշենք ու գրավոր ներկայացնենք առաջարկները»:
Արամայիս Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ առաջարկություններ ներկայացնելու հստակ ժամկետ չի սահմանվել.
«Ինչքան շուտ, այնքան լավ»,- նշեց նա:
Հարցին՝ կառավարության ներկայացուցիչներն ինչպե՞ս են բացատրել պետական տուրքի՝ 60 անգամ ավելանալու որոշումը, Արժութային դիլերների միության նախագահը պատասխանոց, թե շեշտում էին, որ «կան բաներ, որ չեն կարող ասել», որոշ բաներ էլ բացատրել են:
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով գրավատների պետական տուրքն ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100.000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի դեպքում էլ՝ 50.000-ը դառնալու է 3 միլիոն դրամ:
Իսկ Կառավարության մարտի 21-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ գրավատներում բարձր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրվում 60, 70, 80, նույնիսկ՝ 100 տոկոսանոց վարկեր: ԿԲ նախագահի ներկայացրած տվյալներով՝ 2018 թ. 129 գրավատուն 140 մլն դրամի հարկ է վճարել, իսկ 17 բանկ՝ 49 մլրդ դրամ:
Անի Կարապետյան