Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր ուզում ենք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի երկու դրվագներին, որոնք, մեր կարծիքով, փոխկապակցված են։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ քվեներ կստանա, իսկ ավելի ուշ՝ ասուլիսի մեկ այլ դրվագում պնդեց, որ իր իշխանությունն անցած գրեթե մեկ տարում ձախողումներ չի ունեցել։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները հնչեցին ասուլիսի տարբեր դրվագներում, սակայն ակնհայտ է, որ դրանք տեղավորվում են միասնական տրամաբանության մեջ՝ բացահայտելով վարչապետի քաղաքական տեսլականը, պատկերացումները։

Խորհրդարանական ընտրություններից հետո ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, այլ խոսքով՝ նա դարձավ իրավիճակի ողջ պատասխանատուն։

Նման իրավիճակում նոր իշխանությունը չի կարող ավելի շատ քվեներ ստանալ, որովհետև մարդկանց կենսամակարդակը չի լավացել, կառավարման որակն ավելի լավը կամ արդյունավետ չի դարձել, բարեփոխումները կրում են ոչ համակարգային բնույթ։

Ընդ որում՝ այս պնդումը ոչ թե վերացական է, այլ՝ շատ կոնկրետ, առարկայական. բոլորս նկատում ենք, որ ամեն օր երկրում տեղի են ունենում բողոքի մի քանի լոկալ դրսևորումներ, որոնց թիրախն, ի դեպ, Փաշինյանի կողմից նշանակված կոնկրետ պաշտոնյաներ են՝ իրենց անարդյունավետ գործունեությամբ։ Այս հարցում կտրականապես համաձայն չենք վարչապետի այն դիտարկմանը, թե իր իշխանությունը չունի ձախողումներ կամ ձախողված պաշտոնյաներ։

Անուններն էական չեն, չենք ուզում տրվել անձնավորված մոտեցումների գայթակղությանը, սակայն ավելի տրամաբանական ենք համարում հակառակ պնդումը, որ կաբինետում բացառություն են մարդիկ, ովքեր իրապես աշխատում են, համապատասխանում են այն չափանիշներին, որոնք առաջադրել է Նիկոլ Փաշինյանը՝ տնտեսական հեղափոխության կամ այլ կոնցեպտներով։

Ամբողջ հասարակությունը խոսում է նոր իշխանության «աքիլլեսյան գարշապարի»՝ կադրային քաղաքականության մասին, իսկ իշխանության ֆրակցիայի պատգամավորների հարցազրույցները դառնում են քաղաքական սկանդալի թեմա։ Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նոր հնարավոր ընտրություններում իր դաշինքն ավելի մեծ քվե կստանա, ապա այստեղ քաղաքական ադեկվատության որոշակի դեֆիցիտ կա։

Վատ ապրող ժողովուրդը չի կարող տևական շրջան գոհ լինել իշխանությունից, ու սա աքսիոմ է, դեմոկրատիայի կարևոր հատկանիշներից մեկը, ու եթե այս պահին հանրային դժգոհությունները տեսանելի չեն, ապա դա ոչ թե իշխանության որակի, այլ՝ դժգոհության տրանսլյատոր քաղաքական ուժի բացակայության կամ քաղաքացիական հասարակության վակուումի հետևանք է։ Երբ իշխանությունը սկսում է կորցնել քաղաքական ադեկվատությունը, իրականության զգացողությունը, ապա ճգնաժամային որոշակի ռիսկեր են առաջանում, որոնք նույնիսկ ցնցումներ կարող են առաջացնել։ Փաշինյանը դա շատ լավ գիտի, որովհետև հենց դա էր նրա իրականացրած հեղափոխության նախադրյալներից մեկը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս