Բաժիններ՝

«Իրենց գրած փնթի օրենքը ցանկանում են փաթաթել մեր վզին». Աշոտ Բարսեղյան

«Հայկական ռեստորանների միության» անդամները շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել հանրային վայրերում ծխի կանխարգելման մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ նախագիծն օրենք դառնալու դեպքում՝ ուղիղ հարված է հասցվելու ռեստորանային բիզնեսին ու զբոսաշրջությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ հանրային վայրերում կարգելվի ծխելը, ծխելու դեպքում մարդիկ կարող են տուգանվել մինչև 50 հազար դրամ։

Նշենք, որ դեռևս նախորդ ամիս «Հայկական ռեստորանների միության» անդամներն այս նախագծի շուրջ քննարկում էին անցկացրել։

168.am-ի հետ զրույցում «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը նշեց, որ մոտավորապես 300 ռեստորանների միջև հարզախույզ են անցկացրել, որի արդյունքներն ու իրավական գնահատականը փոխանցելու  են գերատեսչություններին և Ազգային ժողովին, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում։

«Առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարարի, այդպես էլ որևէ հասարակական լսում, քննարկում չանցկացրեց, որևէ շփման չի գնում, շատ ագրեսիվ տանում է իր պնդումները։ Նա վստահ է, որ ճիշտ է, բայց այդ վստահությունը հաճախ բերում է սխալների։ Մենք չենք ուզում թույլ տալ, որ առողջապահության նախարարը խառնվի մեր բիզնեսային հարցերին, արգելքն էլ պետք է լինի խելամիտ, ամեն ինչ պետք է լինի ռացիոնալ։ Մենք նախարարին առաջարկում ենք գործել ռացիոնալ դաշտում, բայց իրենք իրենց վատ ու փնթի գրած օրենքն ուզում ենք փաթաթել մեր վզին։ Եթե այդ նախագիծն ընդունվի, առաջինը հարվածելու է ռեստորաններին։  Թույլ չենք տալու նման բան, զոռբայությամբ չի ամեն ինչ արվում»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։

Ըստ նրա, եթե չեն ցանկանում նստել բանակցությունների և իրենց հետ համաձայնեցնել նախագիծը, ապա «Հայկական ռեստորանների միության» անդամները պատրաստ են իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով գնալու նախարություններ, Ազգային ժողով և պաշտպանելու  իրենց տեսակետը։

«Առողջապահության նախարարությունը չի կարող տարօրինակ ձևակերպումներով ու փնթի գրված օրենքով մեզ ստիպի, որպեսզի մեր ռեստորաններում ոստիկան աշխատենք, ընկնենք խնդիրների մեջ, ավելորդություններ անել, և այդ ամենն ազդի մեր ֆինանսական միջոցների վրա։ Ի վերջո, մենք ռեստորաններում տարեկան 7,5 մլրդ դրամի ծխախոտ ենք վաճառում։ Եթե այս օրենքը չլինի, մենք մոտավորապես 10 մլրդ դրամի ակնկալիք ունենք ամբողջությամբ այդ ինդուստրացիայից, սա ինչո՞վ է փոխհատուցվելու։ Առողջապահության նախարարն անդադար ինչ-որ վիճակագրությունից է խոսում, բայց այսքան ժամանակ մենք որևէ ապացուցված վիճակագրություն չտեսանք, միայն ենթադրություններ։ Ասում է՝ ծխախոտի գինը բարձրացում են, սպառումը նվազում է, բայց փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի գինը բարձրացնելիս ստվերային տնտեսությունն է աճում»,- շեշտեց Աշոտ Բարսեղյանը։

Հարցին, եթե մինչև այժմ որևէ քննարկում չի անցկացվել, մտավախություններ չունե՞ն, որ նախագիծը կընդունվի՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց, որ այդ նախագիծը չի կարող օրենք դառնալ, քանի որ Ազգային ժողովում այդ հարցի հետ կապված ոչ բոլորն են միակարծիք։

Ինչ վերաբերում է ռեստորանների շրջանառության հարկի բարձրացման խնդրի շուրջ ՀՀ վարչապետի հետ երկրորդ հանդիպմանը, Աշոտ Բարսեղյանը տեղեկացրեց. «Չենք հանդիպել, հարցը մտել է ընդհանուր փաթեթի մեջ»:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս