Բաժիններ՝

«Ծխախոտն արգելված ապրանք չէ, եթե ուզում ենք չծխող հասարակություն ձևավորել, ապա ծխախոտի  ներմուծումն ու արտադրությունը հայտարարեք անօրինական, և բոլոր հարցերը կլուծվեն»

«Հայկական ռեստորանների միության» անդամների պատրաստվում են փետրվարի 9-ին հանրային վայրերում ծխի կանխարգելման մասին օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Նախատեսված է, որ քննարկվելու են նախագծի թերընթերցման վտանգ պարունակող կետերը, թերի ձևակերպումները, դժվար իրագործելի, կոռուպցիայի աղբյուրի վտանգ հանդիսացող և այլ դրույթներ, որոնք վտանգ են պարունակում հանրային սննդի ոլորտի համար:

Ըստ «Հայկական ռեստորանների միության»՝ քննարկման արդյունքում կհրապարակվի հայտարարություն և կձևավորվի խումբ, որը կբանակցի ՀՀ Առողջապահության նախարարության նախարար Արսեն Թորոսյանի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ հանրային վայրերում կարգելվի ծխելը, ծխելու դեպքում մարդիկ կարող են տուգանվել մինչև 50 հազար դրամ։

«Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանրային վայրերում ծխելու կանխարգելման մասին օրենքի նախագծի վերաբերյալ սպասվող քննարկմանը, նշեց, որ Առողջապահության նախարարության ներկայացրած օրենքի այս նախագիծն ամբողջությամբ արգելքի տակ է պահում ամեն ինչ։

«Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը հասել է տնտեսական զարգացման և այդ հարցի շուրջ հասարակական կարծիքի ձևավորման այն մակարդակին, որը թույլ է տալիս մեզ ընդունել աշխարհում ամենախիստ օրենքներից մեկը։

Համոզված ենք, որ այս ամենն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում, քանի որ տրված են ոչ հստակ ձևակերպումներ, օրինակ՝ ի՞նչ պետք է հասկանանք՝ «հասարակական վայր» ասելով, ի՞նչ են իրենցից ներկայացնում ժամանցի վայրերը։ Հասարակական սննդի վայրը, որը հանդիսանում է և՛ ժամանցի, և՛ զվարճանքի վայր, ինչո՞վ է նման թատրոնի, կինոթատրոնի, այստեղ պարզապես ուղիղ սպառման տեղ է։

Ո՞րն է նպատակահարմարությունը՝ լղոզված ձևակերպումներ տալ փակ տարածքներին, վատ ձևակերպել կիսափակ տարածքները, որի տակ ընկնում է ամբողջությամբ ամեն ինչ, նույնիսկ հումորով ասեմ՝ անձրևանոցով կանգնած մատուցողը՝ հենված պատին։ Ինչո՞ւ են այս խստությունները մտնում մեր նոր օրենսգիրք, որով հասկանալի չի դառնում, թե ո՞ր պահին, ո՞ր շարժառիթից ելնելով և չափանիշերին համապատասխան, ո՞ր տեսուչը կարող է գալ և մեծ չափի տուգանք գրել հասարակական սննդի կետի վրա։ Արդյո՞ք մենք այստեղ չենք տեսնում մեծ չափերով կոռուպցիայի աղբյուր»,- ասաց Ա. Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս գործող օրենքը լավն է, որով ամեն ինչ նախատեսված է ծխելու կամ չծխելու վայրերի վերաբերյալ։

Ա. Բարսեղյանի կարծիքով՝ գուցե կառավարությունն ի վիճակի՞ չէ կյանքի կոչել  ներկայիս օրենքը։

«Նրանք չեն կարողանում հետևել երթուղայինների ծխող վարորդներին, չեն հետևում, որպեսզի հասարակական սննդի կետերում ծխողների և չծխողների համար հատկացված լինի համապատասխան տարածք։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, չկարողանալով ապահովել լավ գրված օրենքի կատարումը, փորձում է մահակով կտրել այդ խնդիրը և տոտալ արգելքի տակ տանել»,- նշեց մեր զրուցակիցը։

Աշոտ Բարսեղյանի համար նաև հարցական է՝ արդյո՞ք Առողջապահության նախարարությունը հաշվել է, թե գումարային առումով այդ սպառումը որքան նվազում է բերելու ընդհանուր շրջանառության մեջ։ Այստեղ, ըստ Աշոտ Բարսեղյանի՝ փորձում են մանիպուլյացիա անել, թե իբրև առևտրի ծավալները չեն նվազել, սակայն այդպես չէ՝ առևտրի ծավալները նվազել են, և նվազումը շարունակվելու է։

«Մենք այս տարի ունենք նաև հարկերի աճ, որին պարոն նախարարն ուզում է գումարել նաև սպառման նվազում, սա ժամանակավրեպ է, մենք չենք ուզում՝ որևէ գործոն ազդի հասարակական սննդի վայրերում շրջանառության նվազման վրա։ Եթե նույնիսկ դա ժամանակավոր նվազում է, ապա այդ շքեղությունը մենք չեն կարող մեզ թույլ տալ։ Մեզ չեն թողնում այլընտրանքային տարբերակներ, եթե պայքարը ծխի դեմ է, ապա կան ծխախոտ արտադրող սարքեր, որոնք ծուխ չեն արտադրում, իսկ եթե խոսում ենք երկրորդային ծխի վնասի մասին, ապա կան սարքեր, որոնց առկայությամբ ծխելը որևէ մեկին վնաս չի հասցնում։ Հասարակական վայրում, որտեղ կա սպառում, այս տնտեսական իրավիճակում չենք ցանկանում, որ այդ սպառումը բաց թողնենք մեր ձեռքից։

Որպես ՀՀ քաղաքացի՝ հարց ունեմ՝ տնտեսությանը ծխախոտից և հարակից ծառայությունների գումարից 80 մլրդ դրամ գումար է գալիս, Տնտեսական ներդրումների և Ֆինանսների նախարարությունը դրան փոխարինող գտե՞լ է, թե՞ դրա պատճառով մեր հարկերն են բարձրացնելու»,- շեշտեց Աշոտ Բարսեղյանը։

Ըստ նրա՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ արգելքների միջոցով սպառումն ընդամենը մղելու է քողարկված սպառման։ Նորմալ երկրներում մարդկանց հետ դաստիարակչական աշխատանքներ են տանում, և ավելի նպատակահարմար կլինի՝ գումարն այդ ուղղությամբ ծախսեն։

«Հասկանում եմ՝ նախարարը կարող է որոշ առումով պոպուլիստական, ռեյտինգային քայլեր անել, բայց տեսեք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում՝ մեզ ներկայացնում են ծխելու ջատագովներ, հայտարարում եմ, որ մենք դեմ ենք ծխելուն, բայց միաժամանակ դեմ ենք վատ գրված օրենքներին։

Պարոն նախարարը վաղն այլևս նախարար չի լինելու, և իր գրած օրենքի պատճառով մի ամբողջ ինդուստրիա թողնելու է խնդիրների առջև։ Օրինակ՝ Վրաստանում մրցակիցներն իրար մոտ մարդ են ուղարկում և զանգահարում են ոստիկանություն, որպեսզի գա ու այդ հասարակական վայրի վրա տուգանք գրի։ Միջին փաբն ամիսը 1 մլն դրամ գումար է աշխատում։ Եթե գան 700 հազար դրամանոց տուգանք գրեն, այդ փաբը մեկ ամիս անց կփակվի, այս ի՞նչ վտանգի առջև է պարոն Թորոսյանն ուզում կանգնեցնի մեր վաստակած գումարը»,- ընդգծեց Աշոտ Բարսեղյանը։

Հարցին՝ եթե օրենքի նախագիծն ընդունվի, ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերն ի՞նչ պետք է անեն, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց՝ նման նախագիծը չի կարող օրենք դառնալ։

«Ես չգիտեմ, այդ նախագծի գրողներն ովքեր են, բայց իրենք առաջ են քաշել մի գաղափար, որ հասարակական վայրից պետք է մի քանի մետր հեռու գնան, նոր սկսեն ծխել։ Օրինակ՝ Սարյան փողոցում ամբողջությամբ ռեստորաններ են, դուրս գան՝ որտե՞ղ ծխեն։

Վերջիվերջո, ծխախոտն արգելված ապրանք չէ և օրենքով վաճառվում է։ Եթե ուզում ենք չծխող հասարակություն ձևավորել, ապա ծխախոտի  ներմուծումն ու արտադրությունը հայտարարեք անօրինական, և բոլոր հարցերը կլուծվեն»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս