Անհանգիստ մարդը և մեծ պահանջարկ ունեցող արտիստը
Լրացավ հայկական պարարվեստի երախտավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Իլյա Արբատովի (Եղիա Յաղուբյան) ծննդյան 125-ամյակը։ Անուրանալի է Իլյա Արբատովի դեըը հայ ազգային բալետի կայացման գործում, քանզի նա իրավամբ համարվում է հայ պարարվեստի այդ տեսակի հիմնադիրներից մեկը։
Իլյա Արբատովը ծնվել է1894 թվականի մարտի 6-ին Թիֆլիսում։ 1916-21 թվականներին ուսանել է հայտնի իտալացի մասնագետ Պերինիի՝ Թիֆլիսում գործող բալետային ստուդիայում։ Նրա ուսուցիչն է եղել ռուս հանրաճանաչ բալետմայստեր Միխայիլ Մորդկինը։ Դրանից հետո որպես բալետի արտիստ աշխատել է Բաթումի թատրոնում։ Դատելով Իլյա Արբատովի աշխատանքային կենսագրությունից՝ կարելի է ենթադրել, որ նա չափազանց անհանգիստ մարդ է եղել, հաճախ փոխել է աշխատավայրը և չափազանց մեծ պահանջարկ է ունեցել որպես արտիստ։ Նա որպես պարող ու նաև բալետմայստեր աշխատել է Թբիլիսիի, Տաշքենդի, Խարկովի, Բաքվի, Կազանի և այլ քաղաքների թատրոններում։ Այդ թատրոններում նա բեմադրել է Չայկովսկու «Կարապի լիճը», Դելիբի «Կոպելիա», Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» և այլ բալետներ։
1938-57 թվականներին որոշ ընդմիջումներով եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը և բեմադրել է Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը, որն, ի դեպ, 1939 թվականին ներկայացվել է Մոսկվայում հայ արվեստի ու գրականության փառատոնի շրջանակում։ Դրանից բացի՝ Իլյա Արբատովի բեմադրությամբ են բեմ բարձրացել Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ», Գրիգոր Եղիազարյանի «Սևան», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Ռեյնգոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը» բալետները։ Նա է բեմադրել Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ », Արմեն Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերային ներկայացումների պարերը։ Իլյա Արբատովը պակաս ճանաչված չէր նաև որպես բալետի արտիստ։ Նրա կերտած Գիրեյը («Բախչիսարայի շատրվանը»), Լի Շանֆուն և Պետրոս Առաջինը (Գլիերի «Կարմիր կակաչ» և «Պղնձե հեծյալը»), Գաբոն (Խաչատրյանի «Երջանկություն»), Մաթոն (Գրիգոր Եղիազարյանի «Մևան») մնայուն կերպարներ են և ժամանակին համարվել են գլուխգործոցներ։
Իլյա Արբատովը մեծապես նպաստել է Հայաստանի պարի պետական անսաբլի կայացմանը ՝ թե իր խորհուրդներով, թե կոլեկտիվի հետ պարեր բեմադրելով։
Պարի պետական անսամբլի երկարամյա անգերազանցելի մենապարող, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Կիզիրյանը, ով պարի պետական անսամբլում ընդգրկվել է 1958 թվականի սեպտեմբերին հենց Իլյա Արբատովի երաշխավորմամբ, պատմեց հենց այն օրվա մասին, երբ Իլյա Արբատովն իրեն բերել է նորաստեղծ անսամբլի ղեկավարի՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Մանուկյանի մոտ։
-Ես ծնվել ու մեծացել եմ Բաթումում՝ զինվորականի ընտանիքում,- ասաց Կիզիրյանը։- Ապարում էի Բաթումի պիոներների պալատի ժողովրդական պարի անսամբլի կազմում։ Դպրոցից հետո եկա Երևան՝ ինստիտուտ ընդունվելու։ Չստացվեց։ Մի քանի օր մնացի Երևանում՝ քաղաքին ծանոթանալու։ Այդ ընթացքում ծանոթացա Իլյա Արբատովի հետ։ Իմանալով, որ Բաթումում պարով եմ զբաղվում, խնդրեց մի քանի շարժում կատարել։ Ես չէի էի պատկերացնում, որ այդ «քաստինգը» վճռորոշ դեր է խաղալու իմ կյանքում։ Մի անգամ Արբատովն ինձ տարավ նորաստեղծ պարի անսամբլի փորձին։ Առանց ժամանակ կորցնելու դիմեց անսամբլի ղեկավար Էդուարդ Մանուկյանին, ով այդ պահին աշխատում էր տղաների խմբի հետ.
Էդիկ, խնդրում եմ այս տղային նայես…
Մանուկյանը լավ գիտեր, որ Արբատովի առաջարկն արդեն իսկ գնահատական էր։ Նա շատ էր հարգում Արբատովին և միշտ հաշվի էր առնում նրա կարծիքը։ Մանուկյանն ընդհատեց փորձը և անցավ «նայելուն»։ Ես չգիտեի ինչ անել։ Ես սովոր էի դահլիճների, երբեք չեմ ընկրկել։ Բայց դա Բաթումում էր, իսկ սա Երևանն էր, Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բացի դրանից՝ դժվար կացության մեջ էի, չգիտեի ոչ մի հայկական պար ։ Ի՞նչ ցույց տալ… Այդ պահին ինձ մոտեցավ Արբատովը, ձեռքը դրեց ուսիս և հայրաբար ասաց.
-Ալբերտ, մի հուզվիր, կատարիր «Գանդագանա» պարը, այն պարը, որ տանն ինձ ցույց տվիր։ Այդ պարը, կարծես, քեզ համար է ստեղծված։
Մանուկյանը նշան արեց և դահլիճի կամարների ներքո հնչեցին աջարական այդ կատակ-պարի հնչյունները։ Դա ավելի շփոթեցրեց ինձ։ Ո՞վ կարող էր ենթադրել, որ Երևանում հայտնի է այդ պարեղանակը։ Ընդամենը մի քանի վայրկյան շփոթված կանգնեցի բեմի կենտրոնում, ապա, կարծես, հիշեցի Բաթումի իմ անսամբլի համերգը և…
Ես մտել էի տարերքի մեջ և այնպես էի իրանս խաղացնում, որ ներկաները քար կտրած նայում էին իմ շարժումներին։
Երբ հնչեցին պարեղանակի վերջին ակորդները, ինձ մոտեցավ Արբատովը, գրկեց և բարձրաձայն ասաց.
-Ալբերտ ջան, ապրես։ Ես ինձ մի պահ Բաթումում զգացի, կասեմ ավելին՝ դու նման էիր ձկնորսի ցանցում թպրտացող ստավրիդա ձկան, որն ուզում է ազատվել ցանցից։ Այդ ի՞նչ արեցիր, տղա ջան,- ասաց մետրը, ով տասնյակ անգամ տեսել էր այդ պարը ավելի հմուտ պրոֆեսիոնալների կատարմամբ։
Ինչպես պարզվեց, իմ պարից գոհ էր մնացել ոչ միայն անսամբլի ղեկավար Էդուարդ Մանուկյանը։ Գոհ էր նաև ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Գեորգի Ասատրյանը, ով սովորություն ուներ ներկա լինելու անսամբլի փորձերին։ Բայց…անսամբլի տղաների խումբը համալրված էր, և ազատ հաստիք չկար։ Ասատրյանը մոտեցավ Մանուկյանին և ասաց.
-Տղային վերցրու, մի բան կանենք։
Մանուկյանը գիտեր, որ Ասատրյանի «մի բան կանենքն» արդեն իսկ որոշում էր։ Այդպես ես դարձա Հայաստանի պարի պետական անսամբլի հիմնադիր խմբի անդամներից մեկը։ Դա 1958 թվականի սեպտեմբերն էր։ Ես ընդամենը 17 տարեկան էի։ Բայց Արբատովին պարտական եմ ոչ միայն դրանով։ Հիշո՞ւմ եք, թե նա ինչ գնահատական տվեց իմ «Գանդագանա» պարին։ Ինձ համեմատեց ձկնորսի ցանցում թպրտացող ստավրիդա ձկան հետ։ Անսամբլի տղաները չէին մոռացել այդ գնահատականը։ Հենց առաջին իսկ օրվանից անսամբլում ինձ սկսեցին կոչել «Ստավրիդա» կամ «Ստավրո»։
Պարարվեստի մեծ երախտավոր՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը, նույն ինքը՝ Եղիա Յաղուբյանն իր մահկանացուն կնքեց 1967 թվականին Թբիլիսիում։ Նա ընդամենը 73 տարեկան էր…
Լևոն Ազրոյան