«Բարեբախտաբար, մեր ժողովուրդը նման սադրանքների չի գնալու». Դավիթ Բաբայանը՝ Արցախում իշխանափոխություն անելու կոչերի մասին
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սէֆիլյանի կարծիքով՝ Արցախում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և ժամ առաջ պետք է Արցախն ազատվի «հին» իշխանություններից։ Արցախում իշխանափոխության վերաբերյալ իր առաջարկը Ժիրայր Սէֆիլյանը բազմիցս հնչեցրել է։
Ավելին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա հույս էր հայտնել, որ ՀՀ իշխանություններն իրենց կաջակցեն, որպեսզի իշխանափոխություն լինի նաև Արցախում։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում իշխանափոխություն իրականացնելու կոչերին, նկատեց՝ նախկինում փորձեր եղել են Արցախում ապակայունացնելու վիճակը, սակայն այդ բոլորը փորձերը լիակատար ձախողվել են՝ պայմանավորված մի շարք պատճառներով։
«Նախ և առաջ, երբ մենք խոսում ենք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից, և որոշ մարդիկ ասում էին, որ նույնը պետք է լինի Արցախում, սա ինքնին ճիշտ չէ, որովհետև իրավիճակները տարբեր են։ Բացի այդ, մենք մտել ենք, այսպես ասած, նախընտրական փուլ, դեռևս սկզբնական շրջանում են և մի քիչ շուտ են սկսել։ Ժողովուրդն իր որոշումն ու կամքը պետք է արտահայտի 2020 թվականի, եթե չեմ սխալվում ապրիլի սկզբին։ Ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հաղթահարում է, հետևաբար՝ մենք ո՞ւմ աթոռի խնդիրն ենք լուծում, ինչո՞ւ պետք է ժողովուրդը դուրս գա փողոց, ի՞նչ է՝ վտանգվա՞ծ է հայրենի պետությունը, չգիտեմ, ինչ-որ լեգիտիմության խնդիր կա՞»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ Արցախում հեղափոխություն անելու կոչերը որևէ ձևով իրատեսական չեն։
«Պատկերացրեք, եթե գործող նախագահը հրաժարական է տալիս, դա նշանակում է, որ նախագահական ընտրություններ չեն լինելու մինչև 2020 թվականը, այսինքն՝ ինչ-որ մարդ պետք է ընտրի Ազգային ժողովը, ստացվում է, որ մենք ինչ-որ մեկին տեղավորելո՞ւ կամ աթոռի հա՞րց ենք լուծում այստեղ։ Այսպես ապակայունացնելով, 1-2 հոգով նեղ անձնական, երկրի ու ժողովրդի շահերի հետ որևէ կապ չունեցող խնդիրնե՞ր ենք լուծում։ Բարեբախտաբար, մեր ժողովուրդը նման սադրանքների չի գնալու, նման մոտեցումները մեր ժողովրդի համար խորթ են»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա՝ երկրում ցանկացած ապակայունացում հղի է բազմաթիվ վտանգներով, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի պարագան։
Նրա բնորոշմամբ՝ նման ապակայունացումն ուռճացված է, քանի որ 1-2 հոգով էին փորձում հրապարակում բողոքել, եթե ակցիայի կազմակերպիչները 10 հոգի էին, ապա հավաքվում էին 12 մարդ։
«Սա ժողովրդական ինչ-որ պոռթկում չէր, այո՛, հունիսին որոշ բողոքներ եղել են չկազմակերպված, մարդիկ պարզապես իրենց դժգոհությունն են արտահայտել այս կամ այն հարցերի շուրջ։ Սա այլ բան էր, այդ գոռգոռացողները չեն կարողացել անցնել նույնիսկ ԱԺ արտահերթ ընտրություններում։ Ինչո՞ւ են ուզում վիճակն ապակայունացնել, որովհետև նորմալ ընտրությունների ժամանակ այդ մարդկանց համար շատ դժվար է լինելու անցնել Ազգային ժողով։
Նման գաղափարներով տարբեր մարդիկ, որոնք ապակայունացնում են վիճակը, անուններ չեմ տալիս, ապագա չունեն Արցախում։ Եթե չկա այլ դժգոհություն, օրինակ, եթե ուզուրպացիա լիներ, ժողովուրդը, իհարկե, պետք է բողոքեր, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, բայց դա չկա, ու գործող նախագահն էլ հայտարարել է, որ 2020 թվականի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու, կարծում եմ՝ որոշ ուժեր իրենք իրենց պետք է ներկայացնեն, իսկ ներկայացնելու համար խնդիրներ կան։ Ժողովուրդը որոշ ուժերի առհասարակ չի ընտրելու, այդ պատճառով էլ փորձում են ապակայունացնել իրավիճակը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան