Հեղափոխությունը տապալելու է ինքն իրեն, եթե Նիկոլի իշխանությունը չհավասարակշռվի
Եվ այսպես, Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի 12 օր։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հաղթողն արդեն պարզ է։
Թավշյա հեղափոխության շարժիչ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», հավանաբար, կստանա ընտրողների ձայների 80 տոկոսից ավելի աջակցություն, կրկնելով Երևանի ավագանու ընտրությունների հաջողությունը։ Միակ հետաքրքիր հարցը մնում է ընտրությունների մասնակցության խնդիրը։ 60 տոկոսից պակաս մասնակցությունը կնշանակի, որ ընտրություններին մասնակցել են միայն Նիկոլ Փաշինյանի աջակիցները, իսկ հիմնական ընդդիմադիր համարվող հանրապետականների աջակիցները նախընտրել են նստել տանն ու սպասել։
Հոկտեմբեր ամսին ամերիկյան IRI կողմից անցկացված հարցումների համաձայն՝ քաղաքացիների 48 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը սխալ է։ Այս ամբողջ հուզականության ու հեղափոխականության ֆոնին զարմանալի չէ նաև, որ նոր աշխատատեղերի պահանջ Փաշինյանի առջև դնում է ընտրողների միայն 16 տոկոսը։
Ճիշտ է, իշխանություններն այսօր օգտվում են թեև նվազող, բայց աննախադեպ հանրային աջակցությունից, արդեն իսկ կան մտահոգիչ զարգացումներ պետական ու ՔՊ-ական կամ կուսակցական շահերը միախառնելու իմաստով։ Թեև դա աննախադեպ չէ Հայաստանի պատմության մեջ, ու նախորդ իշխանություններն էլ նույն արատներից լիուլի ունեին, բայց երջանիկ քաղաքացի դառնալու հույս ունեցող հանրության մի մասը դեռ հուսով է, որ հեղափոխության իմաստն անունների փոփոխությամբ միայն չի սահմանափակվելու։
Եվ այսպես։
Հեղափոխությունից հետո, հուլիս ամսին ՔՊ-ականները ստեղծեցին «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամ կոչվող կառույցը, որի նպատակն է ՔՊ-ի գործունեության ֆինանսավորման համար գումարներ հանգանակելը։ Անշուշտ, կուսակցական շինարարության իմաստով սա ողջունելի նախաձեռնություն է։ Այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Հայկակ Արշամյանը, ով հետո դարձավ վարչապետի խորհրդական, իսկ սեպտեմբերի վերջին նշանակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ։
Սա հրաշալի օրինակ է նրա, որ կուսակցական դրամահավաքի կառույցի ղեկավարը (հայկական իրականության պայմաններում դա գործադիր տնօրենը չէ, այլ հենց հոգաբարձուների խորհրդի նախագահը) նշանակվել է նաև վերկուսակցական, պետական ու ազգային դրամահավաքի ավանդական կառույցի ղեկավար։
Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ անառողջ աղմուկի շնորհիվ հենց արագ ֆինանսական հաջողություններ գրանցեց վարչապետի տիկնոջ հիմնադրամը` «Իմ քայլը», ու հատկապես մոսկովյան հայության շրջանակներում, ովքեր հետո հրաժարվեցին գումար փոխանցել համահայկական հիմնադրամին։
Հիմա, երբ պարոն Արշամյանը դրամահավաք է փորձում անել, ինչպե՞ս է նա տարբերելու իր կուսակցական ու համահայկական շահերը։ Արդյո՞ք այս քաղաքականության արդյունք չէր այս տարի համահայկական դրամահավաքի ակնհայտ ձախողումը։ Եթե հանենք հայաստանցի անանուն աղբյուրից 2.5մլն դոլարի փոխանցումը, ՀՀՀ-ն այս տարի հավաքել է միայն 8.6մլն դոլար, իսկ նախորդ տարի 12.5մլն էր այդ թիվը)։
Անիմաստ քարոզչական հնարք կլինի՝ ասել, որ ՔՊ-ն արտահայտում է համայն հայության շահերը։
Կադրային սովը Նիկոլ Փաշինյանի մոտ իրականում դեռ նոր է սկսվում։ Եթե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին ստանա միահեծան իշխանություն, ընտանեկան ու պետական շահերի բաժանումը դեռ երկար է մնալու համակարգային խնդիր Հայաստանում։
Իսկ բանանի գինը դեռ 460 դրամ է։