Ինչո՞ւ են Լուկաշենկոն և Նազարբաևն այսպես վարվում Փաշինյանի հետ. պարզաբանում է Ալեքսանդր Իսկանդարյանը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարելի է սպասել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումից, արդյո՞ք Հայաստանի ներկայացուցիչը կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ ներսում առկա լարվածությունը։

«Կա երեք տարբերակ. առաջին՝ կնշանակվի Հայաստանի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը, երկրորդ՝ Բելառուսի թեկնածուն, երրորդ՝ ոչ ոք չի նշանակվի, և կմնա Ռուսաստանի ներկայացուցիչը։ Քիչ հավանական է, որ կընտրվի Հայաստանի թեկնածուն։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից երկու օր առաջ կհամաձայնի, որ Բելառուսի թեկնածուն ընտրվի, նորից քիչ հավանական է։ Որ Նազարբաևն ու Լուկաշենկոն համաձայնեն հայ թեկնածուի ընտրությանը, հնարավոր է, որովհետև Խաչատուրովի դեպքում այդպես էլ եղել է, բայց իրավիճակն այլ էր, երկրորդ՝ ամեն ինչ բանակցային գործընթացում էր տեղի ունենում, այսպես բացահայտ չէր, երրորդ՝ Ռուսաստանն է համոզել այդ երկրներին, ոչ թե Հայաստանը, և փոխարենն ինչ-որ բան է տվել»,- ի պատասխան՝ ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ այն, ինչ արդեն կատարվել է, կարելի է շախմատային տերմինով ցուգցվանգ կոչել. «Ինչպես էլ վարվես՝ ավելի վատ է լինելու։ Տեսեք՝ կերարաձգվի ռուս թեկնածուի պաշտոնավարումը, իսկ հետո ի՞նչ. ստիպված ենք լինելու համաձայնել Բելառուսի թեկնածուին։ Կամ 2020թ. ի՞նչ է լինելու. այդ ժամանակ ընտրություններ չեն լինելու, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն էլ նույնը չի լինելու։ Ներսի և դրսի ընկալումներում ասիմետրիան տարբեր են. ելնելով ներքին քաղաքականությունից՝ շատ բաներ չես տեսնում, օրինակ՝ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, և ամբողջ աշխարհը պետք է ճանաչի դրանք, բայց ամբողջ աշխարհը չի ճանաչում։ Լուկաշենկոն ինչո՞ւ է այսպես վարվում. Լուկաշենկոն միշտ է այսպես վարվում, դա Լուկաշենկոյի քաղաքական պահվածքի ձևն է՝ ՀԱՊԿ ներսում Ռուսաստանի և Ղազախստանի հետ հարաբերություններում։ Ոչ մի նոր բան չկա։ Նազարբաևն էլ է միշտ այնպես վարվում, ինչպես հիմա։ Դա ուղղակի որակով կատարված տնային աշխատանքի մասին խոսակցություն է, այն մասին է, թե ինչ ուղղումներ են ներդրվում մարդու մոտ՝ ինքնաթիռում, մինչև նա կմեկնի բանակցությունների»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները, Հայաստանն Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու էր առաջադրել Վաղարշակ Հարությունյանին։ ՀԱՊԿ գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ, թեև մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Հետևաբար, ըստ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: Նրա խոսքով՝ այբբենական կարգով հաջորդը Բելառուսն է, որի ներկայացուցիչն էլ պետք է ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վերջիններիս արած հայտարարությունների առնչությամբ: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված՝ փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն։

Տեսանյութեր

Լրահոս