«Երկրի իմիջի հարցն է այստեղ, որ եթե քո քվոտան է, կիսատ չես թողնում, կատարում ես ամբողջովին». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը Հայաստանին թողնելու համար մինչև դեկտեմբեր հնարավոր է բանակցել։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անհնարին ոչինչ չկա և բանակցություններով կարելի է միշտ ավելի լավ լուծումների հասնել։

«Այս պահի դրությամբ չեմ համարում, որ պետք է մտածել, թե ամեն ինչ կորած է, մինչև դեկտեմբեր ժամանակ ունենք, թող բանակցեն։ Կլինի՞ Հայաստանի ներկայացուցիչը՝ շատ ավելի լավ, չի՞ լինի՝ մտածենք, թե այլ հարցերում ինչ խնդիրներ ենք կարողանում լուծել, որոնք նպաստելու են Հայաստանի հզորացմանը»,- ասաց նա։

Թևան Պողոսյանի խոսքով՝ երկրի իմիջի հարցն է այստեղ, որ եթե քո քվոտան է, կիսատ չես թողնում, կատարում ես ամբողջովին. «Երկրի պատիվն է՝ երբ ստանձնում է մի պարտականություն, կատարում է մինչև վերջ։ Բացի դրանից՝ այնտեղ հայ ներկայացուցիչ ունենալով` հասկանում ես, որ ինչ-որ չափով կնպաստի կամ ավելի հեշտ կլինի, հաշվի կառնեն անձի խնդիրը։ Բայց նաև ունենում ես համապատասխան տեղեկատվություն։ Հիմա այս խնդիրներից ելնելով` հասկանալի է, որ գլխավոր քարտուղարը ոչ թե Հայաստանի ներակայացուցիչն է (մենք այնտեղ ունենք մեր դեսպաններին, որոնք Հայաստանի ձայնն են), այլ քո երկրին հասանելի քվոտան է, որը դու կյանքի ես կոչում։ Միևնույն է, գլխավոր քարտուղարը պետք է սպասարկի բոլոր երկրներին»։

ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ թեև մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Հետևաբար, ըստ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: Նրա խոսքով՝ այբբենական կարգով հաջորդը Բելառուսն է, որի ներկայացուցիչն էլ պետք է ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասացին, որ մեզ անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այս հարցը մենք կվճռենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,- ասել է նա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

Նազարբաևի հայտարարություններից հետո հայ փորձագիտական շրջանակներում մեկնաբանություններ եղան, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումներից էր։ Թևան Պողոսյանի կարծիքով, սակայն, գնահատականներ կարելի է տալ միայն այն ժամանակ, երբ տիրապետում ես ամբողջական տեղեկատվությանը։

«Եթե որևէ մի բանով այլ հարցերում չենք կարողացել օգտվել, մեր շահերն առաջ տանել, և ստացվել է, որ և՛ այնտեղ ենք կորցրել, և՛ այստեղ, և՛ ամեն ինչն ենք կորցրել, միգուցե կարող ես գնահատել, որ դա վատագույն ձախողումն է, որը եղել է։ Բայց եթե կարողացել ես մեկ հարցում զիջել, իսկ ուրիշ հարցում տասը քայլ առաջ գնալ, որը նորից կարող ես գնահատել, երբ ամբողջական տեղեկատվության ես տիրապետում, այլ հարց է։ Այ, երբ մեր իշխանությունները, որոնք այս քանի ամիսներից ցուցաբերել են իրենց վարքագիծը, որ աշխատում են թափանցիկ, հաշվետու են, հիմնավորում են, կներակայացնեն իրենց հաշվետվությունները, թե իրականում ինչ է եղել, որտեղ է Հայաստանն ավելի շատ շահել՝ այդ հարցը զիջելով, նոր կարող ենք գնահատել։

Եթե այսպես նայենք, մի քանի ամիս է մնացել, և միգուցե կարող ես համարել, որ ավելի լավ է զիջեմ, բայց ուրիշ տեղից մի բան վերցնեմ, որովհետև այսպես թե այնպես 2020թ. գալու էր և Բելառուսին էր անցնելու։ Դու կգնահատես, երբ ունես փաստարկված տեղեկություն։ Ինքս նախընտրում եմ գնահատակններ հնչեցնել, երբ գիտեմ տեղեկությունն ու ունեմ հիմնավորում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս