Մենք հիշում ենք այն, ինչի մասին մտածում ենք
Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը»։ Այս պնդումը պարզաբանման կարիք ունի, քանի որ աշխարհում ներկայումս առկա է միտում՝ հիշելն ու մտածելն իրար հակադրելու, ինչը ճիշտ չէ։
Բազմաթիվ մարդիկ ասում են, որ Google-ի դարաշրջանում այլևս կարևոր չէ հիշելը, իմանալը, քանի որ մենք կարող ենք ցանկացած հարցի պատասխան ստանալ ինտերնետից։ Այս պնդումը հաճախ դիտվում է՝ որպես արդարացում չսովորելու, գիտելիքն ու հիշողությունը արժեզրկելու հարցերում։ Արդյունքում՝ շատ սովորողների մոտ նկատվում է հիշողության վատթարացում, գիտելիքի արժեզրկում։
Մյուս կողմից՝ նկատվում է միտում, որ մարդիկ առանց որևէ խնդրի մասին գիտելիք ունենալու՝ տեսակետներ են հայտնում, վերլուծություններ անում։ Այդպիսի միտում նկատվում է նաև մանկավարժական մոտեցումներում։ Երբեմն ուսուցիչներն ու դասախոսները սովորողներին առաջարկում են քննարկումներ անել հարցերի շուրջ, որոնց մասին նրանք առանձնապես գիտելիք չունեն կամ լավ տեղեկացված չեն։ Այս ամենը, ի վերջո, բերում են պրոֆեսիոնալիզմի մշակույթի անկման։ Մարդիկ կարծում են, որ իրենք կարող են ամեն ինչով զբաղվել։
Իրականում, հիշողությունն ու մտածողությունը ոչ թե՝ իրար հակադիր, փոխբացառող բաղկացուցիչներ են, այլ՝ փոխլրացնող են։ Պատկերացնենք մի մարդ, որը ոչինչ չի հիշում, կամ միայն Google-ից է գիտելիք ստանում։ Այդ մարդը պարզապես չի կարող մտածել, քանի որ մտածելու համար բազային գիտելիք պիտի ունենաս։ Հետևաբար՝ հիշելը կարևոր է նաև այսօրվա դարաշրջանում։ «Գուգլիտելիքը» (Google-ից ստացված գիտելիք) բավարար չէ, քանի որ դա իմ կողմից յուրացված գիտելիք չէ։
Մտածողության և հիշողության կապի մասին կա մի հետաքրքիր տեսակետ։ Մի շարք մասնագետներ պնդում են, որ հիշողությունը մտածողության մնացորդն է։ Այսինքն՝ մարդը հիշում է այն, ինչի մասին մտածում է։ Իսկապես, շատ հաճախ նույն աշակերտն ամեն ինչ հիշում է ֆուտբոլի մասին, բայց գրեթե ոչինչ չի հիշում Քիմիա առարկայից։ Ինչո՞ւ։ Որովհետև նա ֆուտբոլին վերաբերող հարցերի մասին մտածում է, իսկ Քիմիայի մասին չի մտածում։ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ հիշողությունը բարելավելու լավագույն ձևը կրթության գործընթացում մտածողության դերը մեծացնելն է։
Կրթական գործընթացում մտածողության դերի կարևորումը բարդ խնդիր է։ Մտածելը դժվար գործ է։ Այն պահանջում է ջանք, երկարատև կենտրոնանալու, խորանալու հմտություններ։ Դա է պատճառը, որ մարդիկ չեն սիրում մտածել։ Ինչպես ասում էր Բեռնարդ Շոուն. «Մարդկանց 2 տոկոսը մտածում է, 3 տոկոսը ձև է անում, որ մտածում է, իսկ 95 տոկոսը պատրաստ է մեռնել, բայց չմտածել»։ Հայաստանի կրթության փաստաթղթերում կան բազմաթիվ նախադասություններ «ինքնուրույն մտածողության», «քննադատական մտածողության» մասին։
Սակայն փաստաթղթերում նախադասություններ գրելը բավարար չէ իրավիճակ փոխելու համար։ Այստեղ անհրաժեշտ են մոտեցումների փոփոխություններ։ Նախ՝ պետք է հասկանանք, որ մակերեսային գիտելիքը, ուրիշի մտածողության արդյունք համարվող գիտելիքը, «գուգլիտելիքն» առանձնապես արժեքավոր չեն։ Որպեսզի երեխաները մտածեն, նրանք պետք է հայտնվեն մտածողության մղող իրավիճակներում։ Ներկայացնենք այդպիսի իրավիակների նպաստող մի քանի օրինակներ։
Որպեսզի մեր կրթական համակարգում մտածողության դերը բարձրանա, պետք է փոխենք գիտելիքի մատուցման մոտեցումը։ Այսօր մենք երեխաներին սովորեցնում ենք պատրաստի գիտելիքներ։ Մինչդեռ շատ կարևոր է, որ երեխաներն ունենան պրոցեսուալ գիտելիքներ։ Օրինակ՝ Վանաձորի թիվ 2 դպրոցի Կենսաբանության ուսուցչուհի Անուշ Անդրեասյանը պատմում է, որ «Ջուր» թեմայի ուսուցումն անցկացնելու համար աշակերտների հետ այցելեց «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ։ Տեղում սովորողները տեսան, թե ինչպես է կատարվում բակտերեոլոգիական անալիզը՝ ջրի օգտագործման համար թույլատրելի մաքրությունը որոշելու համար:
Աշակերտներին ցույց տրվեց, թե ինչպես է սարից իջնող ջուրն ամբարվում, մաքրվում բնական ֆիլտրերի միջոցով, քլորացվում և մղվում դեպի սպառող: Այնուհետև ուսուցիչը դասարանում անցկացրել է այցի վերլուծություն, որի ընթացքում աշակերտները փորձել են հասկանալ յուրաքանչյուր փուլի իմաստը։ Պատրաստի, բանաձևային գիտելիքներն այսօրվա երեխաների համար հետաքրքիր չեն։ Դրանք չեն մղում մտածելու և, հետևաբար, չեն նպաստում հիշողության զարգացմանը։
Մյուս կարևոր պահանջն այն է, որ ուսուցիչը և ուսուցումը լինեն հետաքրքիր։ Միայն հետաքրիքիր ուսուցման դեպքում սովորողները կցանկանան մտածել։ Մեր ուսուցիչները հաճախ ամեն ինչ բաց տեքստով բացատրում են աշակերտներին։ Օրինակ՝ ինչքան լավ կլինի, եթե ուսուցիչներն ինչ-որ բան ասեն, ապա կիսատ թողնեն և առաջարկեն աշակերտներին շարունակել տեքստը։ Գիտականորեն ապացուցված է, որ, եթե ինչ-որ բան խորհրդավոր է մնում կամ ընդհատվում է հետաքրքիր տեղում, մարդուն մղում է մտածելու։
Մտածելուն մղող իրավիճակների ստեղծմանը նպաստում է նաև ուսումնական նյութը հակադրությունների, կոնֆլիկտների վրա կառուցելը։ Երբ նյութը ներկայացվում է միապաղաղ, ապա դա չի մղում մտածելու։ Բայց երբ ինչ-որ հարց ներկայացվում է տարակարծությունների, կոնֆլիկտների, հակադրությունների համատեքստում, ապա սովորողներին մղում է մտածելու։ Վերջերս անցկացված մի հետազոտություն հետաքրքիր բացահայտում էր արել։ Պարզվում է, որ այն երեխաները, որոնց ընտանիքներում չափահասների տեսակետները տարբեր են լինում, ավելի լավ են մտածում, քան այն երեխաները, որոնց ընտանիքներում չափահասները միշտ համակարծիք են։ Երբ երեխան լսում է տարբեր կարծիքներ, ապա նա սկսում է մտածել, թե որ տեսակետն է ճիշտ։ Իսկ երբ բոլորը համակարծիք են, մտածելու անհրաժեշտություն չկա։
Այսպիսով, հիշենք մի բան։ Եթե կրթության ոլորտում գիտելիքի փոխանցումը համադրենք մտածողության հմտությունների զարգացմամբ, ապա կունենանք նաև հիշողության բարելավում։