
Ուկրաինան առաջին անգամ Ադրբեջանից գազ կներմուծի Անդրբալկանյան միջանցքով

Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ կներմուծի Անդրբալկանյան միջանցքով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի «Նաֆտոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկիյը:
«Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ կներմուծի Անդրբալկանյան միջանցքով: Կնքվել է գազի գնման առաջին համաձայնագիրը SOCAR-ի ընկերության՝ SOCAR Energy Ukraine-ի հետ», – գրել է նա Facebook-ում:
Թեստային մատակարարումը կիրականացվի Բուլղարիայով և Ռումինիայով անցնող երթուղով: «Դա ծավալով փոքր, բայց ռազմավարական առումով կարևոր քայլ է, որը երկարաժամկետ համագործակցության ուղի է բացում: Ինչպես նաև մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացման ևս մեկ օրինակ է», – հավելել է Կորեցկիյը:
Հունվարի 1-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Եվրոպա ամբողջությամբ դադարեցվել է՝ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը երկարաձգելուց Կիևի հրաժարվելու պատճառով։