Կհանդուրժի՞ Սահմանադրական դատարանը Կարեն Անդրեասյանի ապտակը

Հուլիսի 29-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննելու է Երևանի քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը ԲԴԽ-ի կողմից «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կամայական կիրառման վերաբերյալ:

Մի անգամ արդեն սահմանադրական դատարան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին (ԲԴԽ մյուս անդամներն իրենց ներկայությունն առանձնապես ցույց չեն տվել.- Գ.Ս.) ասել էր, որ ԲԴԽ-ն չպետք է դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը վերածի մարտաֆիլմի, և որոշման եզրափակիչ մասում ուղիղ նշել էր ԲԴԽ որոշումը վերանայելու մասին:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո հասկանալով, որ նաև Ազգային ժողովի (ԱԺ) իշխող քաղաքական ուժն էլ հիացած չէ դատական համակարգի ասպատակություններով, դատական համակարգը հիմնահատակ ավերած Անդրեասյանը համոզվում է, որ մաչոյի կերպարն այլևս վտանգավոր է, և անցնում է պարտիզանական պայքարի մարտավարությանը` իրավական մեխանիզմների ոչնչացումը հանձնարարելով դեպի Վճռաբեկ դատարան ձգտող տխրահռչակ Արմեն Դանիելյանին և ԲԴԽ անդամությունից շահաբաժիններ ունեցող ԲԴԽ մյուս անդամներին, որոնք էլ հպարտանալով Կարեն Անդրեասյանի կողմից ցուցաբերված վստահությամբ, առանց աչք թարթելու՝ հրաժարվում են վերանայել ԲԴԽ որոշումը` պատճառաբանելով, որ դա իրենց իրավունքն է. կուզեն՝ կանեն, չեն ուզի՝ չեն անի:

Պարզ է, որ գնչուական խորամանկությամբ հայտնի Կարեն Անդրեասյանը լավ էր պատկերացնում, որ իր արկածախնդրության պատճառով ՄԻԵԴ ներկայացված գանգատներով սպասվում է Հայաստանի դեմ վճիռների հոսք, և այդ գործերով վերանայումները կարող է մերժել Արմեն Դանիելյանի և ԲԴԽ մյուս շահառու անդամների հեղինակած խայտառակ նախադեպով, իսկ հարցերի դեպքում արդարանալ, որ ինքը կապ չունի արդեն ձևավորված պրակտիկայի հետ:

Կարդացեք նաև

Կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի առաջամարտիկը հաշվարկել էր նաև, որ ԲԴԽ անդամների զգալի մասը շահագրգիռ է, որ դատավորների լիազորությունների դադարեցման որոշումները չվերանայվեն, թեկուզ այն պարզ պատճառով, որ, օրինակ, ԲԴԽ անդամներն են նշանակվել Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերում, իսկ մյուսներն առաջընթացի կամ անվտանգության երաշխիքների  հույսեր ունեն:

Մինչև պաշտոնավարման՝ օրենքով նախատեսված ժամկետը պաշտոնում մնալու խրոխտ հայտարարությունից հետո սուսուփուս հրաժարական ներկայացրած Անդրեասյան Կարենը լուռ է, և վերջինիս վերաբերյալ նույնիսկ ապօրինի հարստացման թեմայով խոսակցություններ դեռ չկան: Սակայն արկածախնդիր հեքիաթասացի հաշիվները բաց են մնացել, որովհետև, եթե պաշտոն ու այլ բարիքներ ակնկալող ԲԴԽ անդամները զերծ չմնացին Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելու և այն նսեմացնելու արկածախնդրությունից, ապա ՄԻԵԴ-ից սպասվող վճիռների դեպքում դա բավականին ռիսկային է լինելու, և նույնիսկ ՄԻԵԴ-ում գտնվող Վահե Գրիգորյանի համար է դժվար լինելու չեզոքացնել ՄԻԵԴ վճռի չկատարման կամ կատարման իմիտացիայի ռիսկը:

Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանի որոշումը կարող է խառնել շատերի պլանները կամ պահպանել առկա ստատուս-քվոն՝ այն հաշվարկով, որ նոր Սահմանադրության ընդունումը կարող է շատ բան զրոյացնել:

Այս իրավիճակում ՍԴ-ն պետք է կարողանա այնպիսի իրավիճակային լուծում գտնել, որ չկորցնի իր դեմքն ու հավասարվի Կարեն Անդրեասյանին  և միաժամանակ չվտանգի նաև անդրեասյանական դատավորների պաշտոնավարումը: Ընդ որում, եթե այդպիսի նպատակ կա, ապա պետք է այնքան նուրբ լինի, որ որևէ մեկի (հատկապես՝ միջազգային կառույցի ներկայացուցչի) մոտ կասկած չառաջանա, որ այդ դատավորները նշանակվել են ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ իշխող քաղաքական ուժի շահերը ներկայացնելու համար:

Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացնելու է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, իսկ թեկնածուներից մեկն էլ Արմեն Դանիելյանն է, ովքեր ոչ քրիստոնեական հնազանդությամբ իրականացրել են Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելու, իսկ ավելի պարզ ասած՝ այն նսեմացնելու անդրեասյանական սցենարը:

Ուղղակի զարմանալի է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը հաղորդում չի ներկայացրել ՍԴ որոշումը չկատարելու հիմքով քրեական հետապնդում իրականացնելու համար, չնայած Կարեն Անդրեասյանի հրամանատարությամբ գործած ԲԴԽ անդամների մասով էլ առերևույթ առկա են եղել պաշտոնեական հանցագործության տարրեր, որոնց վաղեմության ժամկետները չեն լրացել:

Ինչևէ, չնայած մեր Սահմանադրական դատարանը բարդույթավորված չէ հանրային կարծիքով ու գնահատականներով (այդ հարցով շահագրգիռ է աշխատակազմի ղեկավարը), սակայն գոնե իրենց որոշումը հարգելու մասով պետք չէ հույսը դնել աշխատակազմի ղեկավարի վրա, իսկ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի՝ Իջևանի բարեկամները պետք է ըմբռնումով մոտենան այս հարցին:

Տեսանյութեր

Լրահոս