
Դատապարտում եմ Միքայել և Բագրատ Սրբազանների կալանավորումը. քաղաքական պատվերով են կալանավորվել. Ղուկասյան
Իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նշեց, որ հսկայական աշխատանք են կատարել:
Անդրադառնալով գործող Կառավարության հետ աշխատելուն, նա ասաց, որ ոչ ոք իր չափ Նիկոլ Փաշինյանին և գործադիր մարմնին այդքան գրություն չի ուղարկել, որքան ինքն է ուղարկում, որ այս կամ այն խնդիրները կան քաղաքում:
«12 տեղ են պտտվում քաղաքապետի որոշումները: Հասկանալի՞ է, ընդհուպ քաղաքի գլխավոր հատակագիծն էլ կա, դա հակաօրինական և հակասահմանադրական է: Այստեղ ՔՊ-ական պատգամավորները շատ մեծ աշխատանք ունեն անելու, որ կարողանան ԱԺ-ում փոփոխություն մտցնել: Չնայած հիմա, ինչքան գիտեմ, վարչապետի հանձնարարականով աշխատանքներ են տարվում, որ եթե լուծեն այդ հարցը, ես կասեմ՝ շնորհակալություն, ճիշտ բան արեցիք:
Այս աշխատանքը մենք տանում ենք: Տեղական ինքնակառավարում, նշանակում է՝ տեղում կառավարել, մենք տեղում կառավարում ենք, գիտենք մեր լիազորությունը, մեր չափը»,- շարունակեց նա:
Ինչ վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորմանը, Վարդան Ղուկասյանն ասաց, որ մեղադրանքին ծանոթ չէ, բայց կալանավորման փաստին շատ բացասական է վերաբերվում:
«65 տարեկան մարդ եմ, բայց առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ նման բան եղել է 1937 թվականին: Չնայած էստեղի եպիսկոպոսը, որին կալանավորել էին, երբ ասել են՝ մորուքդ թրաշի և դուրս արի հոգևորականությունից, պատասխանել է՝ էս իմ մորուքի ամեն մի մազը ձեզ պես տասը հատ աշխատող արժի, և իրեն աքսորել են: Հիմա ես միանշանակ դատապարտում եմ և՛ մեր Սրբազանի, և՛ Բագրատ Սրբազանի կալանավորումը, երկուսն էլ գյումրեցի են: Չնայած մեր ջրերը Սրբազանի հետ մի առվով չեն գնացել, բայց ես իրեն հարգում եմ, և գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել»:
Մանրամասները՝ տեսանյութում