Ապաշրջափակումը չպետք է հանգեցնի սահմանների փոփոխության. Իսմայիլ Բաղայի

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացումը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի և սահմանների փոփոխության, որևէ կերպ չպետք է հակասի տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին, այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաև ընդգծել է․
«Վերջին օրերին շատ է խոսվել տարածաշրջանում ծավալվող զարգացումներին արտատարածաշրջանային ուժերի հնարավոր մասնակցության մասին։ Մենք վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, ըստ որի՝ դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու զարգացմանը»։

Բաղային շեշտել է. «Գոհունակությամբ ենք ընկալել այն հանգամանքը, որ Ադրբեջանի մասով այդ լուրերը հերքվել են մի շարք դերակատարների կողմից»:

Հիշեցնեն, որ համաձայն վերջին հրապարակումների՝ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին օրերս Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։
«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. – «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», – ասել էր ամերիկացի դիվանագետը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյան առաջարկն է, բայց և նշել է, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա:

Տեսանյութեր

Լրահոս