
Էկոնոմիկայի նախարարությունն ու Wizz Air-ը 3 տարում շուրջ 125.000 եվրո ընդհանուր արժեքով 3 պայմանագիր են կնքել

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականից սկսած՝ 3 անգամ Wizz Air Հունգարիային պատվիրակել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ մարքեթինգային և գովազդային ծառայություններ։
Թեև էլեկտրոնային գնումների armeps համակարգում գնման ընթացակարգ է նշվել «գնում չհանդիսացող ծախս» տարբերակը, այդուհանդերձ, տեղեկանում ենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը 3 պայմանագրով շուրջ 55 մլն 316.250 դրամ է ուղղել Wizz Air-ին։
2023 թվականի ապրիլին նախարարության և «Վիզ էյր» ընկերության միջև կնքված պայմանագրի գինը կազմել է շուրջ 25,000 եվրո՝ 10 մլն 440.250 դրամ։ Ինչպես նշվում է պայմանագրում, ընկերությունը մատուցել է «գովազդային ծառայություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության խթանմանը» մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը: Խթանում ասվածն էլ, ըստ «Մարքետինգային գործունեության ժամանակացույց» հավելվածի՝ ենթադրել է Facebook-ի լեհական, չեխական, գերմանական ու իտալական լսարանների ներգրավման աշխատանքներ, բաների տեղադրում ավիաընկերության էջում։
2024 թվականի հունվարին կողմերի միջև կնքված հաջորդ պայմանագրով զբոսաշրջության զարգացման նպատակով շուրջ 50.000 եվրո՝ 21 մլն 976.000 դրամ է ուղղվել իտալական, գերմանական, արաբական լսարանների ներգրավման, ֆեյսբուքյան հետևորդների ապահովման, էլեկտրոնային նամակների և ավիաընկերության էջում գովազդային բաների տեղադրման համար։
2025 թվականի հունիսին էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Wizz Air ավիաընկերությանը 22 միլիոն 900.000 դրամ՝ 50.000 եվրո է վճարել երկրի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ մարքետինգային և գովազդային նյութեր տարածելու համար՝ հունիսի 2-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում ստանձնելով ավիաընկերության սոցիալական էջերում գովազդի տեղադրում, էլեկտրոնային նամակներ տարբեր լեզուներով և գովազդային պաստառ (բաներ) ավիաընկերության կայքում։
Հիշեցնենք՝ հունիսին 9-ին ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչի՞ դիմաց է ավիաընկերությունն իր ամսագրի մայիսյան համարի առաջին էջում Հայաստանի մասին հոդված հրապարակել, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել էր՝ Wizz Air-ին չի վճարել դեպի Հայաստան ուղևորությունները գովազդելու համար․ կառավարությունը Wizz Air-ի հետ պայմանավորվել է գովազդի մասին՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության տեղակայվելու և արտոնություններ ստանալու դիմաց:
«Մեր պայմաններն այսպիսին են՝ եթե մենք ձեզ աջակցություն ենք ցուցաբերում, ապա դուք պետք է որոշակի թվով զբոսաշրջիկներ բերեք, մեզ համար գովազդեք, Հայաստանում հաստատվեք և Գյումրիից գոնե մեկ չվերթ կատարեք»,- նշել էր նա։