Ինչու է թանկանում խորհրդարանը
Օրենքի ուժով լուծարված (կամ, եթե կուզեք` ինքնալուծարված) խորհրդարանն ալարկոտ քննարկում է 2019-ի պետական բյուջեն: Ո՛չ քննարկումները, ո՛չ էլ բուն բյուջեի նախագիծը հետաքրքրություն չծնեցին: Պատճառը նաև այն էր, որ վարչապետն անձամբ էր քննադատել այդ նախագիծը և հասարակությանը տեղեկացրել, որ մեծ սպասելիքներ չկապեն այս փաստաթղթի հետ:
Սակայն արհամարհված ու անտարբերության դատապարտված լինելու պարագային անգամ, բյուջեի նախագիծը, ի վերջո, ՀՀ օրենքի կարգավիճակ է ստանալու: Զուտ այս առումով հետաքրքիր է դիտարկել, թե մեր ֆինանսական իշխանությունների տեսլականում որքան գումար է արժենալու մեզ կառավարելը:
Այս տարի վերջապես ուժի մեջ մտավ Սահմանադրությունը: Ուժի մեջ մտավ ու երկիրը հայտարարեց խորհրդարանական: Մինչ այդ մեր երկրի կառավարումն իր վրա վերցրած մարմինը` ՀՀ նախագահի աշխատակազմը, տարեկան պետական բյուջեի վրա 3,5 մլրդ դրամը գերազանցող գումար էր «նստում»: 2015թ. բյուջեում` 3,573 մլրդ դրամ, 2016-ին` 3,572 մլրդ, 2017-ին ռեկորդային` 3,856 մլրդ:
Բայց քանի, որ 2018-ին երկիրը միայն առաջին եռամսյակում էր լինելու նախագահական կառավարման տակ՝ նախագահի աշխատակազմի համար արդեն համարյա կրկնակիից պակաս գումար էր նախատեսված` 1,899 մլն դրամ: Փաստորեն նախագահի աշխատակազմն ընդամենը մեկ եռամսյակ կառավարեց, սակայն բյուջեում նախատեսված էր համարյա կիսամյակի ծախս:
Թե իրականում որքան գումար կծախսի ՀՀ նախագահի աշխատակազմն այս տարի՝ կիմանանք միայն 2019-ի մայիսին: Երբ կառավարությունը 2018-ի հաշվետվությունը ներկայացնի: Այսօր կարող ենք արձանագրել, որ նոր իշխանությունները հաշվարկել, կամ պարզապես նկատել են, որ 1,899 մլրդ դրամը չափազանց շատ է նախագահի աշխատակազմի համար: Բյուջեի եկող տարվա նախագծում այս հիմնարկության համար ընդամենը 1,145 մլրդ դրամը մի փոքր գերազանցող գումար է նախատեսված: Ուրեմն՝ եզրակացնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը «կհամաձայնի» մեզ կառավարել և մեր պետության ներկայացուցչական պարտականությունները կատարել 40 տոկոսով պակաս գումարի դիմաց:
Հաջորդ կառավարական օղակը, որին անդրադառնում է բյուջեի նախագիծը, բնականաբար, օրենսդիր գերագույն մարմինն է: Այն ավանդաբար բյուջետային իմաստով ամենաթանկագինն է մեր կառավարման օղակներից: Մինչև գործող Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ խորհրդարանը 4-4,2 մլրդ գումար էր ծախսում: Տարեկան: Տեսեք՝ օրենսդիրների համար 2017-ին 4,194 մլրդ դրամ էր նախատեսված:
Ավելի ճիշտ կլինի ասել՝ օրենսդիրներն իրենք իրենց համար այդքան գումար էին նախատեսել: Իսկ 2018թ. համար (հիշեցնենք` մեր օրենսդիրների կարծիքով՝ երկիրն այդ տարվանից անցնում էր խորհրդարանական կառավարման համակարգի) արդեն ռեկորդային 4.645 մլրդ դրամ էր նախատեսված: Եկող տարվա խորհրդարանական ծախսերի հաշվարկում հավանաբար ընկած է եղել այն փաստը, որ մեր ԳԽ անդամների քանակը գործող Սահմանադրությամբ հաստատուն թիվ չէ:
Եթե հիշողությունս չի դավաճանում, գործող խորհրդարանն օրենսդրությամբ նախատեսված ամենափոքր քանակն ունի: Բնականաբար, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տարեվերջին ձևավորվելիք ԱԺ-ն ավելի մեծաքանակ չի լինելու: Հետևաբար՝ բյուջեի նախագծի հեղինակները նկատելիորեն ավելացրել են խորհրդարանի սպասվելիք ծախսերը: 2019-ին ԱԺ-ի համար 4,645 մլրդ դրամի փոխարեն, նախատեսված է 5,254 մլրդ դրամ:
Հուսանք, որ մոտ 610 մլն դրամից ավելի գումարը կբավականացնի ապագա խորհրդարանին՝ թե խելոք օրենքներ ընդունելու, թե գործադիրի աշխատանքն արդյունավետ վերահսկելու համար: Հատկապես, որ կառավարության ծախսերի գծով էլ բյուջեի նախագիծը «սեփական կարծիք ունի»:
Նախկինում գործադիր կառավարման բարձագույն օղակը` կառավարության աշխատակազմը, բավական համեստ լիազորություններ ուներ ու նույնպիսի համեստ մասնաբաժին բյուջետային ծախսերում: 2015-16թթ. կառավարության աշխատակազմի համար բյուջեն 1,9 մլրդ գումար էր նախատեսում: 2017-ին այդ գումարը նույնիսկ նվազեց 200 մլն դրամով:
Բայց դա մեծ թռիչքի նախապատրաստություն էր: Նույն 2017-ի աշնանը մեր խորհրդարանականներն արդեն 4,239 մլն դրամ նախապատրաստեցին օրենդրական փոփոխությունների արդյունքում պետական կառավարման ոլորտում առաջին պլան եկող կառույցի համար: Այսօր կարելի է ենթադրել, որ դա բավական մեծ գումար էր: Որովհետև նոր նախագիծը մոտ 65 մլն դրամ պակաս է նախատեսում կառավարության աշխատակազմի համար:
Անցած տարի իշխանության այս օղակների համար պետբյուջեն հաշվարկել էր 10,792 մլրդ դրամ: Այս տարի այդ թիվը նվազելու է 219 մլն դրամով: Այս տարվա նախագիծը, փաստորեն, առաջարկում է 610 մլն դրամի չափով ավելացնել ԱԺ ծախսերը: Իսկ մյուս կողմից առաջարկում է 754 մլն և 65 մլն դրամի չափով կրճատել նախագահական և կառավարության աշխատակազմերի ծախսերը (համապատասխանաբար):
Ահա այսպիսին է բյուջեի նախագծի հավելվածների առաջին երեք խոշոր ծախսերի ֆինանսական նկարագիրը: Մնում է միայն ափսոսալ, որ բյուջեի քննարկումն անցնում է անտարբերության մթնոլորտում: Այլապես ուրիշ հետաքրքիր փաստեր կարող էին ի հայտ գալ:
Նախորդ տարիների բյուջետային քննարկումների ընթացքում, օրինակ, ճշտվում էր աշխատակիցների քանակը: Օրինակ, հայտարարվում էր, որ 2016-17թթ. ԱԺ-ն ունեցել է 810 աշխատակից: Կառավարությունը` 292: Նախագահականը 2016-ին ուներ 370 աշխատակից, 2017-ին` 417: Իսկ եկող տարվա տվյալները երևի կիմանանք միայն հաշվետվությունների արդյունքում: Այսինքն՝ մոտ մեկ ու կես տարի հետո: Լա՞վ է, թե՞ վատ՝ դժվար է ասել:
Հասարակությունը, ի վերջո, վերլուծությունների արդյունքում չէ, որ վերահսկում է իշխանություններին: Եթե, իհարկե, վերահսկում է: Բայց վերլուծությունները միշտ էլ տարօրինակ փաստեր են ի ցույց դնում: Օրինակ, բյուջետային փաստաթղթերը քրքրելիս կարելի է տեսնել, որ Քննչական կոմիտեն 2016թ. ուներ 997 աշխատակից, իսկ 2017-ին` 1035: 38 հաստիք ավելացավ անցած տարի:
Բայց կոմիտեն սկսեց աշխատել 2018-ին: Ճիշտ է` առայժմ արդյունավետության պակասով, բայց սկսեց:
Անտոն Պավլովիչը ճիշտ էր` կախված հրացանը, ի վերջո, կրակում է: