Բաժիններ՝

«Հիմարությո՛ւն, հանգի՛ստ թողեք «Զվարթնոցը». Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելու մասին

ՀՀ մշակույթի նախարարությունը հոկտեմբերի 31-ին հայտարարություն էր տարածել՝ հրավիրելով մասնակցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը: Ցանկացողները նախարարության կայքում մինչև նոյեմբերի 5-ը կարող են լրացնել հայտաձևը, հայտնել իրենց կարծիքը:

Նշված էր նաև, որ քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնեն դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

Հայտարարությունից կարճ ժամանակ անց քաղաքացիներից շատերը սոցիալական ցանցերում հայտնեցին բացասական կարծիք: Նրանք նախարարությանը հորդորեցին հանգիստ թողնել «Զվարթնոցն» անվանափոխելու գաղափարն ու մտածել հին մասնաշենքի վերանորոգման մասին: Շատերը սա զավեշտ են անվանել:

«Եվ սա կոչվում է ազգային արժեհամակարգին ուղղված մշակութային քաղաքականությո՞ւն»,- արձագանքել է պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:

Մի մասն էլ անգամ կատակում էր՝ ասելով, թե՝ պատկերացրեք, գնում ենք «Շառլ» կամ տաքսի ենք կանչում, որ «Ազնավուր» գնանք:

168.am-ը փորձեց Հայաստանում և արտերկրում ապրող ու աշխատող մշակույթի ոլորտի ներկայացուցիչների կարծիքն իմանալ, պարզել՝ արդյո՞ք նրանք կիսում են հնչեցված ու առաջարկված միտքը, թե՞ ոչ:

Ամերիկահայ հաղորդավար Ստեփան Փարթամյանը, ով հայ մշակույթին նվիրված բազում միջոցառումներ է կազմակերպում, ասաց.

«Նոր իշխանության մտածելակերպի օտարամոլության առաջին նշույլը: Մենք շարունակում ենք ոչ թե հպարտանալ մեր ազգով, այլ նրանցով, ովքեր օտարների մեջ անուն են վաստակել: «Զվարթնոցը» աշխարհի յուրահատուկ կառույցներից մեկն է, միջազգային առումով այն ավելի մեծ դեր է խաղում, քան մեկը, ում շատ երկրներում մոռացել են: Ազնավուրի ֆրանսերեն երգերի ժամանակն արդեն անցել է, քանի որ անգլերենն է հիմա գերիշխում, այդ լեզվով երգերը՝ նույնպես: Հայաստանի Մշակույթի նախարարության կատարածը տգիտություն է: Նրանք գիտելիքներ չունեն»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նույնպես դեմ է այս գաղափարին.

«Սխալ է սա: «Զվարթնոցը» պատմական անուն է: Ազնավուրի անունով հրապարակ կա, գուցե Գյումրիի օդանավակայանի անո՞ւնը փոխեն: Նա 1988թ. երկրաշարժի ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերել, գուցա դա ավելի հարմար է: Մեր ժողովուրդը շատ է զգացմունքներին տեղ տալիս: Հիշում եմ՝ նոր թղթադրամների հետ կապված՝ առաջարկներ էին արվում, մեկ էլ հնչեց Հենրիխ Մխիթարյանի անունը: Այդ պահին նա լավ էր ֆուտբոլ խաղում, բայց այսպիսի ոգևորություններով չի էլի, ամեն ինչ»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այն հիմար թեմա անվանեց:

«Մեկ-մեկ հիմարություններին արժեք ենք տալիս, երբ սկսում ենք քննարկել: Ես չեմ ուզում քննարկել: Ուզում է՝ վարչապետն առաջարկի, ուզում է՝ նախագահը կամ կաթողիկոսը… Այ մարդ, հանգի՛ստ թողեք «Զվարթնոցը»: Մի նոր բան կառուցեք, Ազնավուրի անունով կոչեք»,- առաջարկեց Ռուբեն Բաբայանը:

Նախարարության հայտարարությանը դրական արձագանքեց իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը:

«Համաձայն եմ, քանզի Հայաստանը պարտք է Ազնավուրին, իսկ բացի դրանից, «մի քանի Ազնավուր չունի», ուստի պետք է այս հարգանքով հավերժացնել նրա հիշատակը, որ յուրաքանչյուր դրսից եկող զբոսաշրջիկ լսի՝ «Դուք իջել եք Շառլ Ազնավուրի անվան օդանավակայան»,- նշեց նա:

«Զվարթնոցը» հայկական վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձան է: 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ»:

Հայ աշխարհագետ, մանկավարժ, գրող Կամսար Ավետիսյանն իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. «Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ «զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ»։ Այնպես որ, Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս