«Խորհուրդ կտամ եվրոպական շուկայում գովազդել հայկական «Լոռին» ու «Չանախը»». Սվիտալսկի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ այցելեց Վայոց ձորի Աղավնաձոր և Ելփին համայնքներ՝ ծանոթանալու Եվրոպական միության գյուղատնտեսական ծրագրերի կողմից տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ստացած ֆերմերային տնտեսություններին:
Վայոց ձորի Ելփին համայնքում է գտնվում «Երփին» բարձրորակ պանրի արտադրամասը: Այն հիմնվել է 2016 թվականին, շինարարարական աշխատանքները տևել են մոտ մեկ տարի, սկսել է գործել 2017 թվականից: Արտադրանքը հիմնականում իրացնում են Երևանի սուպերմարկետներում, որոշ քանակություն էլ արտերկիր են արտահանում:
Նմուշ են ուղարկել ՌԴ, այնտեղ հավանել ու մինչև 20 տոննա «Գաուդա», «Լոռի» են պատվիրել, սակայն ամռանը ողջ քանակությունը սպառված է եղել ու չեն կարողացել ուղարկել, սակայն հաջորդ տարվա համար փորձում են նախապես պայմանավորվել:
Շնորհիվ այս ծրագրի՝ 5-7 նոր աշխատատեղ է բացվել, իսկ ընդհանուր առմամբ՝ թվով 17 աշխատող կա:
Տարեկան 250-300 տոննա կաթ են ընդունում, որի արդյունքում ստանում են մինչև 35 տոննա պանիր:
Տնօրենի հավաստմամբ՝ միայն անարատ կաթ են ձեռք բերում, առայժմ պահանջարկ կա միայն Ռուսաստանում, այժմ մտածում են այլ երկրներ արտահանելու մասին:
Պարզվեց՝ ամենաշատն արտադրում են «Լոռի» տեսակի պանիր: Կա նաև «Լոռի»՝ պղպեղով, «Չանախ»՝ կանաչիով, «Գաուդա»՝ ընկույզով և սովորական, և «Պարմեզան» տեսակի պանիր:
«Եվրամիության համար մեծ պատիվ է նման հիանալի նախաձեռնություններին միանալ: «Գաուդան» ընկույզով ուղղակի հիանալի էր, անհավանական: Սա ինձ համար բացահայտում էր: Բայց խորհուրդ կտամ եվրոպական շուկայում գովազդել «Լոռին» ու «Չանախը»՝ որպես տիպիկ հայկական ավանդական պանրի տեսականի: Ես կարող եմ լինել «Չանախի» «դեսպան», որովհետև որպես սպառող՝ շատ եմ սիրում: Եվրոպայում չգիտեն այս պանրի տեսականիների մասին: Ես մինչև Հայաստան գալս չգիտեի, որ նման բարձր որակի պանիր է արտադրվում Հայաստանում: Այս պանրի արտադրությունը միակը չէ, ENPARD-ի շրջանակում հայերը մեծ մասշտաբով նաև բրոկոլի են աճեցնում ու հնդակաձավար: Ողջունում եմ և հույս ունեմ, որ պանիրը մեծ հաջողություն կունենա, կնվաճի ԵՄ ու ԵԱՏՄ շուկաները»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Եվրոպական միությունը (ԵՄ) երկար տարիներ աջակցել է Հայաստանի գյուղատնտեսներին և դարձել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը: ԵՄ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD) և Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցություն են տրամադրել բյուջետային աջակցության, տեխնիկական օժանդակության և դրամաշնորհների տեսքով՝ զարգացնելու գյուղական համայնքները, բարելավելու ոլորտի մրցունակությունն ու արդիականացումը և բարձրացնելու Հայաստանի քաղաքացիների կենսապայմանները:
ENPARD «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» և ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրերը մոտենում են ավարտին, համապատասխանաբար՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ին և 19-ին: ENPARD-ի միջոցով Եվրոպական միությունն աջակցել է 33 գրանցված կոոպերատիվների՝ մշակել բարձրարժեք մշակաբույսեր, հիմնվել է բարձրարժեք պանրի արտադրության 6 կոոպերատիվ, չրի և խոտաբույսերի 6 կոոպերատիվ, ոչ ավանդական բանջարեղենի արտադրության 4 կոոպերատիվ, մրգի և հատապտուղներին արտադրության 2 կոոպերատիվ, հնդկացորենի վերամշակման 2 գործարան Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում (գրեթե 53 գյուղատնտեսական կոոպերատիվ և 4 ֆերմերային խմբեր՝ Հայաստանի 7 մարզերում): ՕԳԱՆ-ի միջոցով մոտ 1 միլիոն եվրո է տրամադրվել 27 փոքր ֆերմերային խմբերի և 18 ֆերմերային տնտեսությունների, ինչպես նաև տրամադրվել է տեխնիկական և մարքետինգային աջակցություն:
Անի Կարապետյան