Ճապոնիայում սկսել են աշխատակիցներին վճարել առողջ քնի համար
GRAZY ճապոնական ընկերությունը որոշել է աշխատակիցներին լրացուցիչ վճարել քնի ճիշտ ռեժիմի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչ Միյու Գորայը: «Համակարգն այնպիսին է, որ ընկերությունն աշխատակցին վճարում է, եթե նա շաբաթվա ընթացքում հինգ օր քնի օրական վեց ժամից ավելի:
Մեկ բալը հավասար է մեկ իենի: Տեւական քնի հինգ օրվա համար աշխատակիցը կստանա 500 բալ, վեց օրվա համար՝ 600 բալ կամ իեն: Իսկ եթե շաբաթվա ընթացքում նա քնի օրական վեց ժամից ավելի, ապա կստանա միանգամից 1000 բալ: Այն աշխատակիցներին, որոնք ամսվա ընթացքում շարունակել են պահպանել քնի առողջ համակարգը, 1000 իենի չափով լրացուցիչ բոնուս է վճարվում: Այսինքն, այդպիսով, մեկ ամսում կարելի է լրացուցիչ վաստակել հինգ հազար իեն (մոտավորապես 50 դոլար),-ասել է Գորայը: GRAZY ընկերությունն ստեղծվել է 2012 թվականին եւ մասնագիտանում է հարսանիքներ կազմակերպելու գործում:
Հենց սկզբից աշխատակիցների առողջության պահպանումն ընկերության նույնքան հիմնարար սկզբունքն է դարձել, որքան եւ արտադրողականության աճին ձգտելը, նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Առաջին քայլը դարձել է աշխատակիցներին անվճար լանչի տրամադրումը, որը պատրաստվել է՝ հաշվի առնելով առողջ սնվելուն վերաբերող մշակումները: Մենք ունենք աշխատակիցների թիմ, որոնց հատուկ վարձել են ճաշեր պատրաստելու համար: Այդ թիմն զբաղվում է հաշվեկշռված առողջ սննդի մշակմամբ եւ պատրաստմամբ: Մենք ելնում ենք սնվելու, հանգստի եւ շարժման հաշվեկշռվածության անհրաժեշտությունից: Այժմ մենք անցել ենք երկրորդ փուլին՝ աշխատակիցների հանգստին աջակցելուն: Մեր ընկերության գերակայությունների թվում առաջին տեղն զբաղեցնում է առողջությունը, երկրորդը՝ փոխհարաբերություններն են աշխատավայրում, երրորդը՝ աշխատանքը պետք է լինի իմաստավորված, չորրորդը՝ ազնիվ տնտեսական գործունեությունն է»,-պարզաբանել է Գորայը:
Այժմ ճիշտ քնից ստացված բալերի դիմաց կարելի է գնումներ կատարել կորպորատիվ սրճարանից եւ ճաշարանից, նշել գործակալության զրուցակիցը: «Հենց սկզբից առողջությունն է եղել մեր ընկերության գերակայությունը: Քնի ճիշտ ռեժիմին աջակցելը դրա ածանցյալն է: Ապագայում մենք պլանավորում են բալերը վերահաշվարկել փողի եւ աշխատակիցներին վճարել որպես հավելում աշխատավարձին: Իսկ առայժմ բալերով կարելի է գնումներ կատարել մեր կորպորատիվ սրճարանում կամ ճաշարանում, որտեղ, բացի անվճար ճաշերից, կանխիկ դրամով կամ բալերով կարելի է գնել խմորեղեն, թեթեւ ուտեստ կամ նախաճաշ»,-պատմել է Գորայը:
Համակարգն աշխատում է բջջային հեռախոսի հավելվածի հաշվին, բացատրել է ընկերության ներկայացուցիչը: Այն գրանցում է նվազագույն իսկ շարժումները, այդպիսով, եթե մարդը պառկած է անկողնում, բայց քնած չէ, այդ ժամանակը որպես քուն չի դիտվելու: Հավելվածը կարող է նաեւ որոշել, թե քունը որքանով է խորը: Բոլոր տվյալներն ուղարկվում են ընկերության կառավարման կենտրոն, որտեղ դրանք հաշվարկվում են եւ վերածվում բալերի: Ինչպես հաշվել են Կիտասատոյի համալսարանի գիտնականները, տարեկան Ճապոնիայի տնտեսությունը քնի պակասի հետ կապված խնդիրների պատճառով կորցնում է մոտավորապես 3,5 տրլն իեն (մոտավորապես 31 մլրդ դոլար):