Ահազանգում են ճարտարապետները. Ազնավուրի կեցավայրը, առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխության է ենթարկվել
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը նամակով դիմել են Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին և Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ կոչ անելով և պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը՝ թույլ չտալով խեղաթյուրել կառույցների ճարտարապետական դիմագիծը։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։
Մեծարգո պարոնայք
Օրեր առաջ Երևանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց նշված կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը երբևէ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չի քննարկվել և չի համաձայնեցվել:
Նախագծի հեղինակ որպես՝ ներկայացվեց ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը:
Խիստ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նշված միջոցառմանը հրաժարվել էր իր մասնակցությունը բերել կառույցի նախագծի հեղինակը` ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը, ինչպես պարզվում է, հեղինակային իրավունքի ուժով չէր տվել իր համաձայնությունը կառույցի նման վերաձևումների համար:
Հայ ճարտարապետների ստեղծագործություններն արտերկրյա կառուցապատողների կողմից կամայական ձևախեղելու այս անընդունելի երևույթը, ցավոք, մեր ժամանակներում սովորական է դառնում՝ հաշվի առնելով նախորդ տարիների բազմաթիվ նմանատիպ օրինակները:
Կոպտորեն խախտվում են պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը, խեղաթյուրվում է կառույցների ճարտարապետական դիմագիծը:
Վերջերս ՀՀ կառավարության և ՀՀ ճարտարապետների միության համատեղ ջանքերով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա ստեղծվեց ՀՀ Ճարտարապետների պալատը` նպատակ ունենալով, ի թիվս այլ գործառույթների, նաև պաշտպանելու ՀՀ ճարտարապետների՝ Հայաստանում ստեղծագործելու իրավունքները:
Օրենքը նախատեսում է նաև արտերկրի ճարտարապետների՝ Հայաստանում գործելու իրավունք ձեռք բերելու` համապատասխան արտոնագիր ստանալու գործընթաց:
Ճարտարապետների էթիկայի նորմերը միջազգային բնույթ ունեն և պարտադիր են բոլոր երկրների ճարտարապետների համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազնավուրի կեցավայրի՝ առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխությունը շատ վատ նախադեպ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրի ճարտարապետական ստեղծագործությունների ապագայի համար, սույնով ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ վերը նշված օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել Երևանում հերթական ինքնատիպ կառույցի հերթական զոհաբերումը թույլ չտալու համար:
Կոչ ենք անում արտերկրյա գործընկերներին հարգանք ցուցաբերել մեր երկրում, մեր ստեղծագործական մոտեցումների հանդեպ: Մենք ողջունում ենք սփյուռքահայ գործընկերների մասնակցությունը Հայաստանի շինարարական գործընթացներին, նրանց միջոցով արտերկրի առաջավոր փորձի կիրառումը, բայց միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում պրոֆեսիոնալ համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այլ ոչ՝ ի հաշիվ մեր մասնագիտական արժանապատվության ոտնահարման:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյան
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյան
19.10.2018թ.