Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո
Օմանի արտաքին գործերի նախարարությունը Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆերեյդունին կանչել է նախարարություն և նրան հանձնել պաշտոնական բողոքի նոտա՝ երկրի տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների կապակցությամբ, հաղորդում է Al Jazeera-ն։
Գերատեսչության տվյալներով, խոսքը Մուսանդամ և Ալ-Բատինա նահանգների օբյեկտների վրա հարձակումների մասին է։ Օմանը դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և այդ գործողությունները անվանել անպատասխանատու։
Հանդիպման ընթացքում Օմանի ներկայացուցիչներն ընդգծել են պետական ինքնիշխանության, բարիդրացիության և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը։
«Ընդգծվել է պետությունների ինքնիշխանությանը, բարիդրացիությանը, ներքին գործերին չմիջամտելուն վերաբերող դրույթների պահպանման, ինչպես նաև երկու երկրներին և երկու ժողովուրդներին կապող սովորույթների ու բարոյական արժեքների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը», — ասվում է Օմանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մասկատի և Թեհրանի հարաբերությունները ավանդաբար համարվել են Պարսից ծոցի տարածաշրջանում ամենակայուններից, իսկ Օմանը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Իրանի և արևմտյան երկրների միջև շփումներում։ Սակայն սուլթանության տարածքին հասցված հարվածները Օմանի կտրուկ դիվանագիտական արձագանքն են առաջացրել։

