Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման համար ստեղծվում են նոր հիմքեր
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնելու մասին կանոնակարգին: Երկու կողմերի հաստատման դեպքում խորհրդարանը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում նոր լծակներ է ստանում:
Հայկական կողմը` ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ի հերթական նիստում հավանություն տվեց կանոնակարգին:
«2017-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված համաձայնագրով, մասնավորապես 365 հոդվածով նախատեսված է նաև Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական ձևաչափի մակարդակի բարձրացում: Հետայսու այդ ձևաչափը, կոմիտեն կոչվելու են ոչ թե համագործակցության, այլ գործընկերության: Սա նշանակում է, որ համապատասխան հոդվածով տրված լիազորություններն ընդլայնվում են, մասնավորապես խորհրդարանական ձևաչափը` կոմիտեն, կարող են ունենալ համանախագահներ, կարող են ստեղծել ենթահանձնաժողովներ: Եվ այս ձևաչափի թիվ մեկ առաքելությունն է լինելու վերահսկել գործադիր իշխանության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը: Այս նոր ձևաչափին հաշվետու է լինելու ՀՀ արտգործնախարարի և ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունների կողմից ղեկավարվող գործընկերության խորհուրդը: Խորհրդարանը ստանում է ոչ միայն ներպետական վերահսկողության լծակներ, այլ նաև նման վերահսկողության գործիք, որի երաշխիքը դառնում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի համապատասխան հոդվածը»,-ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա կարևորեց, որ այս ԱԺ-ն հասցնի կյանքի կոչել միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնադրելու և ԵՄ-Հայաստան խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու իր առաքելությունը: Աշոտյանը վստահեցրեց` կանոնակարգի բովանդակությունը բխում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 365-րդ հոդվածից: Նա հույս հայտնեց` կանոնակարգին հավանություն տալով՝ կարող են լավ հիմք ստեղծել ԱԺ-ի համար` իր լիազորությունների շրջանակում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու:
Հանձնաժողովի անդամները միաձայն հավանություն տվեցին կանոնակարգին: