Մերկելի հարավկովկասյան շրջայցը

Թե՛ հայաստանյան և տարածաշրջանային, և թե՛ օտարերկրյա մեդիա դաշտում ու փորձագիտական շրջանակներում շարունակվում են քննարկումները Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարած այցելության շուրջ: Նախևառաջ հարկ ենք համարում այցելությունը դիտարկել երկու հարթությունում՝ տարածաշրջանային նշանակության և առանձին վերցրած՝ երկկողմ միջպետական հարաբերությունների հարթություններում:

Ի սկզբանե նշենք, որ Մերկելի այցելությունը կրում էր առաջին հերթին տարածաշրջանային նշանակություն՝ հարավկովկասյան երեք հանրապետությունների հետ փոխհարաբերություններն ամբողջությամբ վերցրած: Տարածաշրջանային առումով Մերկելի այցելությունն ընդգծում է Գերմանիայի առանձնահատուկ շահերի առկայությունը Հարավային Կովկասում: Այս առումով հարցն անհրաժեշտ է դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների ու ընթացիկ միտումների համատեքստում, մասնավորապես՝  ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունների համատեքստում:

Դժվար չէ նկատել, որ Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի ուղղությամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանման քաղաքականությունը, մեղմ ասած, միանշանակ ընկալում չունի ԵՄ-ում, և սա լավ հնարավորություն է այս այցելությամբ շեշտադրելու տարածաշրջանի կարևորությունը Գերմանիայի համար: Այս տեսանկյունից, այցելությունն իրականացվում է մի տարածաշրջան, որտեղ ուղղակի շահեր ունեն ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը:

Երկկողմ հարաբերությունների մասով կարևոր է առանձնացնել, թե ինչ արդյունքներ տվեց կանցլերի այցելությունն առանձին երկրների համար: Ի սկզբանե նշենք, որ այստեղ, իհարկե, համեմատաբար ավելի շահեկան դիրքում է Վրաստանը, որը Գերմանիայի հետ ստորագրեց շուրջ $200 մլն ընդհանուր արժողության պայմանագիր: Հայաստանի առումով Գերմանիան այս այցով վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ աջակցել հայկական կողմին ԵՄ-ի հետ ստորագրված շրջանակային համաձայնագրի ի կատար ածման հարցում, ինչը, պետք է խոստովանել, որ ավելի շուտ դեկլարատիվ ու արարողակարգային բնույթ ուներ, քան կիրառական նշանակություն:

Բաքուն հետաքրքրում է Գերմանիային, առաջին հերթին՝ իր էներգետիկ-տարանցիկ միջանցք հանդիսանալու հարցում: Այդ առումով Ադրբեջանի համար հարցն առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես Կասպից ծովի մակերեսն ու ընդերքը բաժանող վերջերս ստորագրված համաձայնագրից հետո, որով Բաքուն հնարավորություն է ստանում իրականություն դարձնել TANAP գազատարի շահագործումը: Գերմանիայի համար այն կարևոր նշանակություն ունի Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար:

Հայաստանի և Ադրբեջանի համար Գերմանիան կարևորվում է նաև որպես Մինսկի խմբի անդամ-պետություն, սակայն նշենք, որ վերջինս, դրանով հանդերձ, էական և ուղղակի դերակատարում չունի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Խաչատուրովի փոխարինման ռիսկերը

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ հայկական կողմը դիտարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը: Իհարկե, համաձայն միջազգային իրավական ընթացակարգերի, նախքան Խաչատուրովի կալանավորման վերաբերյալ գործին ընթացք տալը, թերևս, նախ ՀԱՊԿ-ում պետք է բարձրացվեր նրա փոխարինման հարցը, ինչի արդյունքում հնարավոր կլիներ խուսափել նման հնչեղությունից:

Գործի առնչությամբ արդեն ռուսական կողմին իրենց «մտահոգություններն» են հայտնել   Բելառուսի ու Ղազախստանի նախագահները, որոնք մեկ անգամ չեն հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայաստանցի ներկայացուցչի առաջադրման հարցում: Ասել է թե՝ Խաչատուրովի փոխարինման գործընթացի նախաձեռնումով, ինչը բնականոն իրավական գործընթաց պետք է համարել, մեծանում է ռիսկայնությունը, որ թե՛ Լուկաշենկոն, թե՛ Նազարբաևը կարող են խոչընդոտել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հաջորդ թեկնածուն չառաջադրվի հայկական կողմից: Ավելին, այս տրամադրություններին ակտիվ արձագանքում ու անուղղակիորեն աջակցում են Թուրքիայում ու Ադրբեջանում:

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի ու հեղինակության պահպանման աոռւմով անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը հաստատակամ լինի քարտուղարի պաշտոնում իր հաջորդ ներկայացուցչի առաջադրման հարցում և այս ուղղությամբ խորհրդակցություններն ակտիվացնի առաջին հերթին ռուսական կողմի հետ:

ԱՄՆ պատժամիջոցները մոբիլիզացնում են Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքը

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներն ու սահմանափակումները կարող են այնքան զգայուն չլինել Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի տնտեսությունների համար, եթե վերջիններս օր առաջ մշակեն հակաքայլերի օրակարգ: Իհարկե, բավական բարդ կլիներ վերը հիշատակված երկրների համար՝ առանձին զսպել ու հակազդել ամերիկյան պատժամիջոցների տնտեսական հետևանքներին, սակայն երբ նույն՝ տնտեսական ճգնաժամային ճամբարում են հայտնվում տարածաշրջանի առաջատար տերությունները, գործը զգալորեն հեշտանում է:

Նախ՝ Ռուսաստանում, Թուրքիայում և Իրանում արդեն համատեղ քայլեր ձեռնարկվում են ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին զուգահեռաբար՝ դիմագրավելու Վաշինգտոնի ռազմաքաղաքական ճնշումներին: Դրա վառ ապացույցն են եռակողմ ու երկկողմ ձևաչափերով բանակցությունների ու հանդիպումների հաճախակիացումը տարածաշրջանային առանցքային հիմնահարցերի շուրջ: Առանձնակի կարևորություն պետք է տալ Իրանի ու Սիրիայի միջև ռազմական նոր պայմանագրի ստորագրման հանգամանքին: Զուգադիպություն չէ իհարկե Սիրիայի ափամերձ հատվածներում ռուսաստանյան նավատորմի կուտակման իրողությունը:

Կարելի է ենթադրել, որ Մոսկվա-Թեհրան-Անկարա եռամիասնությունը կարող է արդյունավետորեն պայքարել ամերիկյան պատժամիջոցների տնտեսական բաղադրիչի դեմ նույնպես՝ ընդլայնելով առևտրաշրջանառության ծավալները՝ ինչպես նշյալ երկրների, այնպես էլ՝ երրորդ երկրների միջև՝ ԵՄ, Միջին ու Հեռավոր Ասիա, ինչպես նաև խթանելով տեղական արտադրությունը: Ավելին, ԵՄ-ն այսօր ունի որոշակի անհամաձայնություններ Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականության հետ միջազգային հարաբերությունների մի շարք ակտուալ հիմնահարցերի շուրջ: ԵՄ-ն, չնայած ամերիկյան ճնշումներին, նախատեսում է շարունակել գործակցությունն Իրանի հետ և իրավական-ֆինանսական հնարավորություններ ստեղծել այն եվրոպական ընկերությունների համար, որոնք համագործակցում են Իրանի հետ և ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կարող են  կրել ֆինանսական վնասներ:

Տեսանյութեր

Լրահոս