Բաժիններ՝

«3 տարվա ընթացքում խաղողի այգիների մոտ 500 հեկտարի անկում է գրանցվել. Երևանում իրենց տաք կաբինետներում նստած՝ ինչո՞ւ պետք է մտածեն խաղողագործի մասին». Արտակ Սարգսյան

Հունվարի 14-ից Հայաստանում խաղողագործները սկսել են խաղողի այգիների իրենց աշխատանքները, մասնավորապես՝  խաղողի վազերի էտը՝ հատումները։ Աշխատում են, չարչարվում, բայց չգիտեն՝ ի՞նչ բերք կստանան, ի՞նչ արժեքով կիրացնեն այն, կտուժե՞ն, թե՞ կշահեն։ Այսօր խաղողի դաշտերում սնուցման, ոռոգման նախապատրաստական աշխատանքներ են անում։

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս պահին նույնիսկ եղանակային պայմանները նպաստավոր չեն խաղողագործության համար։ Նաև ջերմաստիճանի նվազում է սպասվում, հատկապես՝ Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում, ինչը միանշանակ իր ազդեցությունը թողնելու է խաղողի բողբոջելու վրա։

«Խաղողի այգիների մոտ 10 տոկոսը կրկին քանդվել է աշնանն ու գարնանը, իսկ վերջին 3 տարվա ընթացքում խաղողի այգիների մոտ 500 հեկտարի անկում է գրանցվել։

Մթերող ընկերությունների հետ այս տարի դեռևս որևէ հանդիպում չենք ունեցել, ընդհանուր մոնիթորինգ դեռևս չենք արել։ Նախորդ տարի ամբողջ հանրապետությունում խաղողը քիչ էր, կարելի է ասել, որ խաղողի ինքնարժեքն արդեն անցել է մթերման գներից։ Հիմա մինչև մթերող ընկերությունների հետ չհանդիպենք, չեմ կարող ասել, ինչ են առաջարկելու մեզ, ինչ արժեքով պետք է այս տարի բերքը հանձնենք։

Կարդացեք նաև

Ամեն ինչ թանկացրել են՝ վառելիք, բանվորական ուժ, բայց այդ թանկացման հետ խաղողի մթերման գները չեն բարձրացնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե պատկան մարմինները ցանկանում են նվազեցնել խաղողի ինքնարժեքը, ապա գյուղացուն պետք է տան սուբսիդավորվող վարկեր՝ խաղողի կիլոգրամի համար, նաև զրոյական կամ ցածր տոկոսով վարկեր։

«Պետք է ապահովագրվի խաղողագործության ոլորտը, բայց ոչ թե խաղողի վրա ծախսված գումարը, այլ ընդհանուր սպասելիքները։ Եթե այս պայմաններն ապահովեն, խաղողի այգիները մարդիկ ստիպված չեն լինի քանդել, որովհետև այսօր պայմանները խաղողագործության համար այդքան էլ բարենպաստ չեն գյուղացու համար։

Դե, այս պահին լիզինգն էլ է աշխատում, գյուղատնտեսական տեխնիկան աստիճանաբար նորացվում է, սա էլ մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ոլորտում, ըստ Արտակ Սարգսյանի, կա նաև աշխատող ուժի, մասնագետների պակաս, քանի որ սերունդը, որը կար Խորհրդային Միության ժամանակ, հիմա արդեն  ի վիճակ չէ այգիները պահել, իսկ նոր սերունդը ո՛չ ցանկանում է գյուղում ապրել, ո՛չ էլ հող ու այգի մշակել։

«Մենք ակադեմիական կրթությամբ խաղողագործ-ագրոնոմներ չունենք, Ագրարային համալսարանում նույնիսկ խաղողագործության ամբիոն չունենք։ 4-5 ճյուղ միացրել՝ մեկ ընդհանուր ամբիոն են ստեղծել, բայց նեղ մասնագիտական ամբիոն չունենք։ Այդ ավանդական էտն է մնացել, դա էլ անում են 65-ից բարձր մարդիկ, պետությունը թող իմ թվարկած խնդիրների վրա ուշադրություն դարձնի։

Ինքս այսքան ժամանակ չեմ տեսել, որ մի պետական չինովնիկ հողի վրա ոտք դնի, կամ հողագործի, խաղողագործի տեսնի, կամ գոնե մեկ անգամ մտնի այգի, իր ձեռքով խաղող քաղի։ Երևանում իրենց տաք կաբինետներում նստած՝ ինչո՞ւ պետք է մտածեն խաղողագործի կամ գյուղացու մասին, մեր խնդիրների խնդիրը հենց այստեղից է գալիս»,- շեշտեց նա։

Արտակ Սարգսյանի դիտարկմամբ՝ եթե ամբողջ վեգետացիայի ընթացքում պաշտոնյաները գոնե մեկ անգամ այցելեն մարզեր, տեսնեն իրավիճակը, կարող են գույքագրել խնդիրները։

«Այսօր գյուղացուն ընտրությունից ընտրություն են ցածր տոկոսով վարկ տալիս կամ սուբսիդիա, այն էլ՝ փոքր չափի։ Խոշոր վարկերն այսօր գյուղացուն, խաղողագործին չեն հասնում, պիտի առնվազն օլիգարխ լինես, 600-700 հեկտար ունենաս, որ տան, սովորական խաղողագործի համար սա անհասանելի բան է։ Սիրուն ներկայացնում, հայտարարում են, թե ինչ ծրագիր են անում խաղողագործի համար, բայց իրականում այդ ծրագրերը գյուղացուն հասանելի չեն»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս