Հարկվել և տուգանվել․ «հպարտ քաղաքացու» վերջին հանգրվանը

ՔՊ-ական վարչախումբը երբեմնի հպարտ քաղաքացուն հիշում է միայն հարկելուց ու տուգանելուց։ Ինչքան կարողանում են՝ ժողովրդին քերում են, չեն ուզում մի բանով էլ ժողովրդի ձեռքը բռնել։ Ժամանակին ժողովրդի կյանքը բարելավելու խոստումներ էին տալիս, այսօր ձեռքերը ծալած հետևում են, թե ինչպես են մարդիկ օր օրի աղքատանում։ Մի կողմից՝ ոչինչ չարեցին սոցիալապես անապահով քաղաքացիների եկամուտներն ավելացնելու համար, մյուս կողմից՝ գնալով ակտիվանում է գնաճը։

Վերջին 2 ամսվա ընթացքում գնաճի տեմպը գրեթե կրկնակի արագացել է. հունվարին 1,7 տոկոս էր, մարտին հասել է 3,3 տոկոսի։ Սննդամթերքի գնաճն ավելի բարձր է. հունվարին 2,5 տոկոս էր, մարտին դարձել է 5,4 տոկոս։

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի մասին դեռ չենք խոսում, որն անգամներով ավելին է։ Այն պարագայում, երբ քաղաքացիների մեծ մասի եկամուտները մնացել են նույնը։ Առնվազն գնաճին համարժեք՝ այս մարդկանց կյանքը վատացել է, իսկ իշխանությունները մատը մատին չեն տալիս։

Խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարավոր անապահով քաղաքացիների մասին է, որոնց իշխանությունները մատնել են անտարբերության։

Կարդացեք նաև

Գնաճի ակտիվացման ու թանկացումների ազդեցությունն այսօր կրում են այն շուրջ 580 հազար թոշակառուներն ու նպաստառուները, որոնց թոշակներն ու նպաստները՝ ինչպես անցած, այնպես էլ՝ այս տարի մնացել է նույնը, իսկ սննդամթերքը միայն այս տարի արդեն հասցրել է թանկանալ միջին հաշվով 5,4 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ նրանք հարկադրված են առնվազն այդքանով ավելի շատ վճարել նույն սննդամթերքը ձեռք բերելու համար։ Իսկ ովքեր չունեն շատ վճարելու հնարավորություն՝ ստիպված են ավելի քիչ գնել, քան գնում էին նախորդ տարի։

Նույնը նաև ցածր եկամուտներ ունեցող այն հարյուր-հազարավոր աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել, բայց ծախսերն էապես աճել են։ Աճել են՝ ինչպես սննդամթերքի, այնպես էլ՝ բազմաթիվ այլ ծախսերի ավելացման հաշվին։ Այսօր Հայաստանում առնվազն 200-250 հազար աշխատողներ կան, որոնց աշխատավարձերը չեն անցնում 75 հազար դրամից։ Մնացել են նույնը, ինչպես նախորդ տարի, ինչպես 2 տարի առաջ։ Ու այս մարդիկ իրենց վրա կրում են՝ ինչպես նախորդ երկու տարիների, այնպես էլ՝ այս տարի ակտիվացած գնաճի ազդեցությունը։

Շուրջ 200 հազար գործազուրկների մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։

Գնաճը Հայաստանում սկսեց ակտիվանալ հատկապես այն բանից հետո, երբ իշխանությունները որոշեցին բազմաթիվ ոլորտներում ավելացնել հարկային բեռը։ Գիտեին, որ հարկային բեռի ավելացումը բերելու է գնաճի ակտիվացման, բայց ոչինչ չարեցին գոնե սոցիալապես անպաշտպան քաղաքացիների եկամուտներն ավելացնելու համար։ Ու հիմա այդ մարդիկ ամեն հաջորդ օրվա հետ ավելի են աղքատանում, ստիպված են ավելի վատ պայմաններում ապրել, քան ապրում էին նախկինում։

Իրենց ամեն ինչով ապահոված ՔՊ-ականները վաղուց մոռացել են քաղաքացիների հոգսերի մասին։ Նրանց քիչ է հետաքրքրում, որ հասարակ ժողովրդի կյանքը գնալով վատանում է, որովհետև եկամուտները չեն ավելանում, բայց գնաճի ու բազմաթիվ այլ վճարների միջոցով ծախսերն աճում են։

Ո՞ւր է նախկին «կատաղած» ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով նախկինների ժամանակ «կենաց ու մահու» կռիվ էր տալիս քաղաքացիների սոցիալական երաշխիքների համար։ Ինչո՞ւ հիմա ոչինչ չի ասում, թե թոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի չբարձրացման, փոխարենը՝ սննդամթերքի 5,4 տոկոս գնաճի, այն էլ՝ միջին գնաճի պայմաններում, այս մարդկանց կյանքի պայմանները որքանո՞վ են վատացել։ Որքանո՞վ են ավելի վատ ապրում, քան ապրում էին մեկ տարի առաջ։

Երբ տնտեսության ու քաղաքացիների վրա հարկային բեռը բարձրացնում էին, գնաճից ու մարդկանց ծախսերի ավելացումից չէին խոսում։ Այսօր տեսնում ենք, թե դա ինչպես է ազդել գնաճի ու քաղաքացիների վրա։ Բազմաթիվ ոլորտներում թանկացումներ են արձանագրվել, երբեմն՝ չափազանց կտրուկ։ Ներկայացվող գնաճը, որքան էլ, պաշտոնական տվյալներով անգամ, վերջին ամիսներին ակտիվացել է, դեռ ամբողջությամբ չի բացահայտում թանկացումների ամբողջ հմայքը։ Իրական պատկերը շատ ավելի մտահոգիչ է, քան երևում է պաշտոնական ցուցանիշներով։

Գնաճն ակտիվ է հատկապես գյուղմթերքների պարագայում։ Բանջարեղենն այս տարվա մարտին 21 տոկոսով թանկ է եղել, քան անցած տարվա մարտին էր։ Մրգերի գնաճը գերազանցել է 11,3 տոկոսը։ Յուղերն ու ճարպերը թանկացել են 12,5 տոկոսով, ձկնամթերքը՝ գրեթե 20 տոկոսով, սուրճը, թեյը և կակաոն՝ ավելի քան 16 տոկոսով։ Հացն ու հացամթերքն է թանկացել։

Կարտոֆիլը նախորդ տարվանից թանկ է ավելի քան 57 տոկոսով, կաղամբը՝ գրեթե 21 տոկոսով, կանաչ լոբին՝ 63 տոկոսով, վարունգը՝ 20,5 տոկոսով, լոլիկը՝ 6,4 տոկոսով, խառը կանաչին՝ 12,3 տոկոսով, նարինջը՝ 25,8 տոկոսով, մանդարինը՝ 16,8 տոկոսով, ձմերուկը՝ 86 տոկոսով, ելակը՝ 18,7 տոկոսով, տանձը՝ 11,4 տոկոսով, խնձորը՝ 6 տոկոսով, ծիրանը՝ 30 տոկոսով, և այսպես շարունակ։

Տրանսպորտային ծառայություններն են թանկացել 12 տոկոսով, նույնքանով՝ տրանսպորտի ապահովագրությունը։ Վարսավիրանոցների ու անձնական սպասարկման ծառայությունների գները բարձրացել են գրեթե 14 տոկոսով, նախադպրոցական ու տարրական կրթությանը՝ 12,3 տոկոսով, բարձրագույն կրթությանը՝ 7 տոկոսով։ Բժշկական ծառայությունների գնաճը կազմել է 9,6 տոկոս, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 11,6 տոկոս։

Երկար կարելի է թվարկել այս ցանկը։ Գնաճի երբեմնի գիտակ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու այն մասին, թե առաջին անհրաժեշտության ու լայն սպառման բազմաթիվ ապրանքների այսպիսի թանկացումներն ինչպես են ազդել այն բազմահազար քաղաքացիների, հատկապես՝ անապահով քաղաքացիների վրա, որոնց եկամուտներն իշխանությունները չեն բարեհաճել անգամ 1 լումայով ավելացնել։ Այդ մարդիկ հիմա՞ են ավելի լավ ապրում, թե՞ նախկինում։

Գնաճի ազդեցությունը քիչ է, քաղաքացիների հարկային բեռն էլ են անընդհատ բարձրացնում։ Միայն գույքահարկի գծով արդեն հասցրել են տասնյակ ու հարյուր հազար դրամների հասնող հավելյալ բեռ դնել ընտանիքների վրա։

Պարզ է, որ այս մարդիկ ստիպված են կրճատել ծախսերը կամ պարտքերով ապրել։ Նրանց սոցիալական վիճակը վատանում է, երկրում աղքատությունը խորանում է, իսկ իշխանությունները վայելքների մեջ են։ Հարկերը բարձրացնում են, պարտքերն ավելացնում են, ամեն ինչ թանկացնում են, որպեսզի կարողանան հավուր պատշաճի բավարարել իրենց օրավուր աճող պահանջները։ Ոչինչ, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ հազիվ գոյատևում են, տարիներ շարունակ չավելացող եկամուտների պայմաններում՝անընդհատ աճող ծախսերի ծանրության տակ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս