
Չի կարող իշխանությունը որոշել հազարամյակների պատմության հարց. հայերն Արցախում բնիկ են եղել. Թաթոյան
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանն Ազատության հրապարակում հանդիպում էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ասաց՝ արցախցի մեր հայրենակիցները Հայաստանում արժանապատիվ ապրելու իրավունք ունեն:
«Արցախցիների առաջ քաշած հարցերը շատ կարևոր են: Տասնյակ հազարավոր ընտանիքներ, մարդիկ, ովքեր տուն-տեղ, ամեն ինչ կորցրել են, հասել այստեղ: Մեծ պատմական անարդարություն է տեղի ունեցել նրանց նկատմամբ: Որպես բնիկ ժողովուրդ՝ արցախցիները ենթարկվել են էթնիկ զտման, հանցագործություն է տեղի ունեցել նրանց նկատմամբ, ու այդքանից հետո փոխանակ մենք ապահովենք նրանց պատշաճ ինտեգրումը հասարակության մեջ, նանց արժանապատիվ կյանքը, առավել զրկանքների մեջ ենք դնում նրանց: Սա իմ կարծիքով՝ կառավարության՝ քաղաքական հաշվարկներով պայմանավորված քայլ է, ինչն անթույլատրելի է: Կնոկրետ արցախցիների հետ կապված՝ սոցիալական արդարության շատ լուրջ խնդիր կա»,-ասաց ՀՀ նախկին ՄԻՊ-ը:
Վերջինս նշեց՝ Արցախը մեր հայրենիքի այն տարածքներից է, որտեղ ամենաշատն ու ամենաերկարն են հայեր ապրել, մինչդեռ ՀՀ իշխանությունը արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը դուրս է դրել մեր արտաքին քաղաքական օրակարգից:
«Սա բացարձակ անթույլատրելի է: Չի կարող Հայաստանի իշխանությունը որոշել հազարամյակների պատմության հարց: Եվ այստեղ շատ կարևոր է նկատի ունենալ՝ խոսքն այս պահին գնում է հումանիտար հարցերի մասին: Ո՞վ է խոսում ռազմական հարցերի մասին: Ադրբեջանի համար ի՞նչ խնդիր է առաջացնում Հայաստանում արցախցիների համար կյանքի արժանապատից պայմաններ ապահովելը: Կամ գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի դատական ակտ առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել արցախցիների վերադարձը Արցախ»,-ասաց Արման Թաթոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: