
Վրաստանը թվարկել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պայմանները

Թբիլիսին պատրաստ կլինի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ միայն օկուպացված տարածքների հարցի լուծումից հետո: Ըստ Новости-Грузия-ի՝ դրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման համար կա միայն մեկ խոչընդոտ՝ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանը կարող է շատ հեշտությամբ վերացնել այդ պատնեշը։ Իհարկե, հենց որ տեսնենք այդ պատնեշը վերացնելու քայլերը, այդ հարաբերությունների վերականգնումը հնարավոր կդառնա»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք պատրաստ են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ, եթե համապատասխան ազդանշանը գա Թբիլիսիից։ Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի վերաբերյալ Մոսկվայի որոշումը «վերանայման ենթակա չէ»։
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ խզվել են դեռևս 17 տարի առաջ: Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերություններ խզել է օգոստոսյան պատերազմից հետո՝ ի պատասխան Մոսկվայի կողմից անջատված Աբխազիայի և Ցխինվալի շրջանների անկախության ճանաչման:
Այսօր Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը պահպանվում է Ժնևի միջազգային քննարկումների շրջանակում։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Թբիլիսին և Մոսկվան շարունակում են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում։ Դա առաջին հերթին վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը։ Բացի դրանից, երկրների միջև պահպանվում են ուղիղ չվերթները, գործում է Շվեյցարիայի միջոցով անուղղակի հաղորդակցության մեխանիզմը, գործում են նաև հումանիտար շփումները։