
«Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայկական և ադրբեջանական կողմերը հերթական անգամ իրենց տեսակետներն են հայտնել, հայկական կողմի տեսակետը վաղուց հայտնի է։
«Այդ ֆորումի ընթացքում պարոն Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը պարոն Միրզոյանն աներկբա ներկայացրել է մեր դիրքորոշումը Սահմանադրության վերաբերյալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է իր և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Սեդար Քըլըչի հանդիպմանը, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ նրա հետ քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը, ինչպես գիտեք` մի մասն իրագործված է, մի մասը՝ ոչ։ Որոշ գործընթացներ կան Անիի պատմական կամուրջի վերականգնման շուրջ։ Մարգարայի անցակետը բացելու հարցն այն հարցն է, որի հետ կապված մենք մեր անելիքներն արել ենք, սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի պայմանավորվածությունը։ Այդ հարցում նորություն չկա։
Հայաստանը պնդում է, որ հենց վաղը պատրաստ է ունենալ Թուրքիայի հետ կարգավորված հարաբերություններ, առանց որևէ նախապայմանի։ Դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» տեքստը համաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը։
Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ, մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում