
Զելենսկին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է մայիսի 9-ին այցելել Կիև. Politico

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է մայիսի 9-ին այցելել Կիև՝ «դիվանագիտական ուժի ցուցադրման համար՝ ընդդեմ նույն օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա զորահանդեսի», գրում է Politico-ն։
Արտգործնախարար Անդրեյ Սիբիգան երկուշաբթի Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպման ժամանակ հրավեր է ուղարկել Եվրամիության իր գործընկերներին՝ կոչ անելով նրանց «միասնություն ու վճռականություն ցույց տալ ընդդեմ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենախոշոր ագրեսիայի»:
Ըստ պարբերականի՝ Սիբիգան հավելել է, որ Զելենսկին կցանկանար նաև մայիսին հանդիպել «Հանուն ազատության» կոալիցիայի առաջնորդների հետ՝ Ուկրաինայի «անվտանգության երաշխիքները որոշելու» համար՝ Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարը համաձայնեցվելուն պես։
Թեև նա չի հստակեցրել, թե հանդիպումը որտեղ է տեղի ունենալու, քննարկումներ են ընթանում մայիսի սկզբին Ուկրաինա հնարավոր այցի մասին, որին կարող են մասնակցել պետությունների ղեկավարները, դրանց թվում՝ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, պարբերականին հայտնել են Եվրամիության երկու դիվանագետներ: